ԹԻՀԿ. Ծրագրի համակարգողի աշխատանքի հայտարարություն
Աղբյուրը հասանելի է ԹԻՀԿ կայքում:
Պաշտոնը` Ծրագրի համակարգող
Աշխատաժամանակ՝ շաբաթական 20 ժամ, ճկուն
Աշխատանքի սկիզբը` նոյեմբերի 1, 2018
Վայրը` Երևան
Անմիջական ղեկավար՝ գործադիր տնօրեն
Աշխատանքի նկարագրություն
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) փնտրում է հանքարդյունաբերության ոլորտում և ծրագրերի կառավարման փորձառություն ունեցող անհատի, ով կմիանա ԹԻՀԿ թիմին և պատրաստակամություն կցուցաբերի աջակցելու նոր Հայաստանում հանքարդյունաբերության գործընթացների թափանցիկ և հաշվետու կառավարմանը՝ համակարգելով կազմակերպության գործունեությունը այս ոլորտում։
Նախընտրելի թեկնածուն պետք է տիրապետի հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրական դաշտին և իրավակիրառ պրակտիկային, հետաքրքրված լինի միջազգային փորձով, օժտված լինի կազմակերպչական և թիմի առաջնորդման հմտություններով, ունենա վերլուծական և գրավոր ներկայացման գերազանց կարողություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ձիրք՝ ներկայացնելու կազմակեպությունը շահագրգիռ կողմերի հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև բանակցելու բարդ և կոնֆլիկտային իրավիճակներում։
Ծրագրի համակարգողի աշխատանքի նպատակներն ու պահանջներն են՝
- Ծրագրի ղեկավարման/համակարգման հմտություններ, որոնք անհրաժեշտ են ծրագր(եր)ի ղեկավարման/համակարգման համար՝ ապահովելու առաջադրված խնդիրների և գործողությունների իրականացումը, գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքը, ծրագրի ընթացքի և արդյունքների վերլուծությունը, ծրագրի փաստաթղթերի ամբողջականությունը և հաշվետվությունների ներկայացումը՝ սահմանված ժամկետներում․
- Թիմի ղեկավարման հմտություններ, որոնք անհրաժեշտ են աշխատակազմի և/կամ գործընկերների ներգրավման, առաջնորդման և համագործակցության, խնդիրների առաջադրման ու գործողությունների վերահսկման համար․
- Փորձագիտական գիտելիքներ հանքարդյունաբերության ոլորտում, որոնք անհրաժեշտ են թիմի մասնագիտական ուղղորդման և աջակցության, հանքարդյունաբերության քաղաքականության վերլուծությունների իրականացման և առաջարկությունների մշակման, շահագրգիռ կողմերի հետ փոխհարաբերություններում դրանց ներկայացման համար․
- Պրոդուկտներ մշակելու հմտություններ, որոնք անհրաժեշտ են ծրագրի ընթացիկ և վերջնական արդյունքների ամփոփման, վերլուծական նյութերի ու զեկույցների կազմման և առաջարկությունների մշակման համար․
- Հաղորդակցման և բանակցային հմտություններ, որոնք անհրաժեշտ են շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ հաղորդակցության ապահովման, բանակցային գործընթացներում մասնակցության, ինչպես նաև ԶԼՄ-ների միջոցով կազմակերպության գործունեությունը ներկայացնելու ու հաղորդագրություններ տարածելու համար։
Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝
Մասնագիտական կոմպետենցիաներ
- բարձրագույն կրթություն կամ վերապատրաստում բնական ռեսուրսների քաղաքականության, երկրաբանության, տնտեսագիտության, իրավաբանության կամ առնչվող այլ ոլորտներում
- առնվազն 3 տարվա ծրագրի համակարգման փորձ
- գիտելիքներ հանքարդյունաբերության և դրան առնչվող գործընթացների, միջազգային ստանդարտների վերաբերյալ
- զեկույցների և առաջարկությունների մշակման և վերլուծական հմտություններ
- ծրագրային առաջարկներ և հաշվետվություններ գրելու կարողություններ
- հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
- համակարգչային բազային գիտելիքներ (MS Office, Internet)
- բանավոր և գրավոր հաղորդակցման և բանակցային հմտություններ
Լրացուցիչ կոմպետենցիաներ
- Վերլուծական մտածողություն
- Նախաձեռնողականություն
- Խնդիրներ լուծելու կարողություն
- Թիմային և անկախ աշխատելու կարողություն
- Շարունակական զարգացում ՝ կատարելության ձգտումով
- Տարաբնույթ առաջադրանքներ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն
- Նվիրվածություն կազմակերպության արժեքներին
Ինչպես դիմել
Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով, ինչպես նաև վերլուծության որևէ նմուշ/հղում [email protected] հասցեին մինչև ս.թ. հոկտեմբերի 11-ը՝ ներառյալ՝ էլեկտրոնային նամակի թեմայի մեջ նշելով՝ Ծրագրի համակարգող:
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի:
Կազմակերպության մասին
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:
Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: