Այն ամենը, ինչ պետք է իմանալ COVID-19-ի օրոք պատվաստումների մասին
Աղբյուրը ՝ EU NEIGHBOURS
Որո՞նք են պատվաստված լինելու առավելությունները
Այսօր կան պատվաստանյութեր, որոնք պաշտպանում են առնվազն 20 հիվանդությունից, ինչպիսիք են՝ դիֆթերիան, փայտացումը, գրիպը և կարմրուկը: Այս պատվաստանյութերը տարեկան մինչև 3 միլիոն մարդու կյանք են փրկում, այսինքն՝ ավելի քան հինգ կյանք՝ յուրաքանչյուր մեկ րոպեում: Այդ պատվաստանյութերի շնորհիվ երեխաներն ավելի առողջ են մեծանում, և ավելի շատ մարդիկ են բարեհաջող կերպով հասնում ծերության տարիքի:
Պատվաստումները առողջապահության համակարգի անքակտելի մասն են, որոնք վերջին հարյուր տարվա ընթացքում զգալիորեն ավելացրել են մեր կյանքի տևողությունն ու որակը: Մեզանից շատերը մանուկ հասակում ստացել են մի շարք պատվաստումներ, որոնք պաշտպանում են ընդամենը մի քանի սերունդ առաջ հազարավոր մարդկանց սպանող ու խեղող հիվանդություններից: Տարեց և խոցելի բնակչությունն էլ ամեն տարի պատվաստվում է գրիպի ամենամյա շտամերից պաշտպանվելու համար: Մենք գիտենք, որ պատվաստված երեխաներն ավելի քիչ են բացակայում դասերից, ինչը նրանց ծնողներին հնարավորություն է տալիս ավելի շատ ժամանակ հատկացնել աշխատանքին: Պատվաստանյութերը նպաստում են գլոբալ բարեկեցությանը և այդ նպատակին հասնելու ամենաարդյունավետ միջոցներից են:
Ներկայում կան մի քանի պատվաստանյութեր, որոնք օգտագործվում են ընդդեմ COVID-19-ի: Մի քանի հարյուր միլիոն մարդ արդեն իսկ պատվաստում է ստացել: Այս պատվաստանյութերը պաշտպանում են հիվանդությունից և դրա հետևանքներից՝ վիրուսի նկատմամբ իմունիտետ զարգացնելու միջոցով: Պատվաստումը ձեզ կօգնի խուսափել COVID-19-ի ծանր դրսևորումից:
Պատվաստումը կօգնի նաև պաշտպանել ձեր շրջապատի մարդկանց. պատվաստումների միջոցով կորոնավիրուսային հիվանդություն ծանր դրսևորումից պաշտպանված լինելու դեպքում ավելի քիչ հավանական է, որ դուք կվարակեք ուրիշ մեկին, օրինակ՝ ձեր տարեց ծնողներին կամ տատիկներին ու պապիկներին, ովքեր գտնվում են ծանր հիվանդություն տանելու ռիսկային խմբում, կամ էլ՝ բժիշկներին և բուժքույրերին, ումից կախում ունենք բոլորս:
Դեռևս հայտնի չէ, թե որքանով է պատվաստումը կանխում հիվանդության հետագա փոխանցումը, հետևաբար կարևոր է շարունակել նաև այլ կանխարգելիչ միջոցառումներին հետևելը, օրինակ՝ դիմակ կրել, մինչև շրջապատում բոլորը նույնպես պատվաստվում անցնեն:
Արդյո՞ք COVID-19-ի դեմ բոլոր պատվաստանյութերն են անվտանգ
COVID-19-ը կանխելու համար նախատեսված բոլոր այն պատվաստանյութերը, որոնք թույլատրված են ԵՄ-ում, գիտական գնահատման են ենթարկվում Դեղերի եվրոպական գործակալության (ԴԵԳ) կողմից և անվտանգության ապահովման խիստ վերահսկողություն են անցնում: ԱՀԿ-ն ԵՄ-ի և ամբողջ աշխարհում մյուս գործընկերների հետ աշխատանք է տանում՝ երաշխավորելու թույլատրված պատվաստանյութերի համար անվտանգության ամենաբարձր չափանիշների պահպանումը:
Մինչ օրս ԴԵԳ-ը չորս պատվաստանյութ է հաստատել՝ Եվրոպական միությունում օգտագործելու համար: Դրանք արտադրվում են Pfizer-BioNTech-ի, AstraZeneca-ի, Moderna-ի և Johnson & Johnson ընկերությունների կողմից: Եվս երեքը ներկայումս գտնվում են գնահատման փուլում, ներառյալ ռուսական «Sputnik V» պատվաստանյութը:
Ինչպես բոլոր պատվաստանյութերը, COVID-19-ի դեմ պատվաստանյութերը ևս անցել են մանրակրկիտ, բազմափուլ փորձարկման գործընթաց, ներառյալ տասնյակ հազարավոր մարդկանց ներգրավմամբ լայնածավալ փորձարկումները: Այս փորձարկումներն իրականացվում են ցանկացած տեսակի կողմնակի բարդություն հայտնաբերելու և անվտանգության հետ կապված այլ խնդիրներ վեր հանելու համար:
Ճիշտ է՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը մշակվել և հաստատվել են ռեկորդային կարճ ժամկետներում, բայց անվտանգության հարցում ոչ մի փոխզիջում չի եղել. ընդհակառակն՝ աննախադեպ միջազգային համագործակցությունը և հսկայական ֆինանսավորումը իրական պայմաններում լայնածավալ կլինիկական փորձարկումների հնարավորություն են տվել, որոնց իրականացումը սովորաբար ավելի երկար ժամանակ է պահանջում, եթե ընդհանրապես իրագործելի է:
COVID-19-ի դեմ պատվաստանյութի ներդրումից հետո էլ ԱՀԿ-ն աջակցում է պատվաստանյութեր արտադրողների, յուրաքանչյուր երկրի առողջապահության ոլորտի պաշտոնյաների և այլ գործընկերների հետ աշխատանքին` անվտանգության հետ կապված բոլոր խնդիրների մշտադիտարկման համար:
Ինչպես բոլոր դեղամիջոցների դեպքում, COVID-19-ի դեմ պատվաստումից հետո կարող են առաջանալ կողմնակի բարդություններ, որոնք սովորաբար վկայում են պատվաստանյութի գործելու մասին. պատվաստանյութն այդպես խթանում է իմունային համակարգն ու մարմինը պատրաստում է հիվանդության դեմ պայքարին: Այնուամենայնիվ, այս կողմնակի ազդեցություններն անցողիկ են (24-48 ժամ), իսկ լուրջ կողմնակի բարդությունները (օրինակ՝ ալերգիկ ռեակցիան)՝ չափազանց հազվադեպ: Փաստն այն է, որ COVID-19-ով վարակվելու և այն ծանր տանելու հետ կապված ռիսկերը շատ ավելի մեծ են, քան՝ COVID-19-ի դեմ պատվաստման հետ կապվածները:
Քննության կամ գնահատման փուլում գտնվող և ԵՄ-ում օգտագործման համար արդեն իսկ թույլատրված COVID-19-ի դեմ պատվաստանյութերին կարող եք ծանոթանալ ԴԵԳ-ի կայքում, իսկ ԱՀԿ-ից կարող եք իմանալ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի անվտանգության մասին վերջին տեղեկությունները:
Ինչպե՞ս են ԵՄ-ն և ԱՀԿ-ն օգնում պատվաստումներին
Եվրոպական միությունն անցյալ տարի ավելի քան 1 միլիարդ եվրո է ծախսել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի և բուժման նոր մեթոդների հետազոտման ու զարգացման ուղղությամբ: Եվրոպայում է մշակվել նոր ի-ՌՆԹ տեխնոլոգիան, որը կենսական նշանակություն է ունեցել մի քանի պատվաստանյութերի արագ մշակման գործում: Pfizer-BioNTech պատվաստանյութը, մասնավորապես, լայն ֆինանսական աջակցություն է ստացել ԵՄ-ից. վերջին տասնամյակում BioNTech-ն ավելի քան 9 միլիոն եվրո է ստացել ԵՄ հետազոտությունների ֆինանսավորման շրջանակներում, իսկ 2020 թ.-ին 100 միլիոն եվրոյի վարկ է ստացել Եվրոպական ներդրումային բանկից:
Նախնական գնման պայմանագրերի միջոցով ԵՄ-ն 1.3 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ է պատվիրել BioNTech / Pfizer-ին, Moderna-ին, AstraZeneca-ին և Johnson & Johnson-ին, ինչը զգալիորեն ավելին է, քան անհրաժեշտ է իր 447 միլիոն բնակչությանը պատվաստելու համար: ԵՄ-ն մտադիր է այդ պատվաստանյութերի մի մասով կիսվել իր գործընկեր երկրների հետ` սեփական պատվաստումային պլանների արագացմանը զուգահեռ:
Եվրոպական միությունը միաժամանակ նաև COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մշակման և արտադրության արագացմանն ու արդարացի հասանելիությանն ուղղված հեղափոխական համաշխարհային համագործակցության՝ COVAX-ի խոշորագույն աջակիցներից մեկն է: ԵՄ-ի «Team Europe» նախաձեռնությունը, որը համատեղում է ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և եվրոպական ֆինանսական հաստատությունների ռեսուրսները, COVAX-ին աջակցում է ավելի քան 2.2 միլիարդ եվրոյով, որից 1 միլիարդ եվրոն՝ ԵՄ բյուջեից: Սա կարևոր ներդրում է, որը COVAX-ին օգնում է մինչև 2021 թ.-ի ավարտը 1.3 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ ապահովել 92 ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների, ներառյալ ԵՄ արևելյան գործընկերների համար:
COVAX-ը 2021 թ.-ի փետրվար-մայիս ժամանակահատվածի համար նախատեսել է արևելյան գործընկեր երկրներին պատվաստանյութերի հետևյալ հատկացումները.
- Հայաստան՝ 124,800 չափաբաժին AstraZeneca.
- Ադրբեջան՝ 432,000 չափաբաժին AstraZeneca.
- Վրաստան՝ 129,600 չափաբաժին AstraZeneca և 29,250 չափաբաժին Pfizer-BioNTech.
- Մոլդովա՝ 108,000 չափաբաժին AstraZeneca և 24,570 չափաբաժին Pfizer-BioNTech.
- Ուկրաինա՝ 1,776,000 չափաբաժին AstraZeneca և 117,000 չափաբաժին Pfizer-BioNTech:
COVAX նախաձեռնության շրջանակներում արդեն Հայաստան, Վրաստան, Ուկրաինա և Մոլդովա են հասել COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութերը: Ռումինիան, իր հերթին, ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով պատվաստանյութեր է առաքել Մոլդովա:
Պատվաստանյութերի առկայությունը, սակայն, գործի լոկ կեսն է: Հավասարապես կարևոր են պատվաստումային ենթակառուցվածքները: 2021թ.-ի փետրվարից ԵՄ-ն և ԱՀԿ-ն համատեղ ջանքեր են գործադրում՝ աջակցելու արևելյան գործընկեր վեց երկրներում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի տեղաբաշխմանն ու պատվաստումներին: ԵՄ-ի և ԱՀԿ-ի այս համատեղ մասշտաբային նախաձեռնությանը հատկացվել է 40 միլիոն եվրո:
Այս ծրագրի միջոցով ԵՄ-ն և ԱՀԿ-ն օգնում են ազգային ենթակառուցվածքները պատրաստել պատվաստանյութերի արդյունավետ ստացմանը և տեղաբաշխմանը: ԵՄ-ն և ԱՀԿ-ն իրականացնում են ռիսկերի հաղորդակցություն և համայնքների ներգրավում, պատվաստանյութերի մատակարարման շղթայի կառավարմանն աջակցություն, պատվաստումների տվյալների և անվտանգության մոնիտորինգ, պատվաստումների արշավում ներգրավված առողջապահության ոլորտի կառավարիչների և բժշկական անձնակազմի ուսուցում, պատվաստումների պլանավորում, ինչպես նաև պատվաստանյութերի ու առնչվող պարագաների առաքման և դրանց հետ վարվելակերպի ուղղությամբ հիմնական նյութատեխնիկական աջակցություն:
Արդյո՞ք COVID-19-ի դեմ պատվաստանյութը երկարաժամկետ պաշտպանություն կապահովի: Ե՞րբ կավարտվի այս ամենը
Քանի որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը մշակվել և տեղաբաշխվել են միայն վերջին մեկ տարվա ընթացքում, դեռ վաղ է խոսել այն մասին, թե որքան կտևի դրանց պաշտպանունակությունը: Վաղ ուսումնասիրությունների տվյալները ցույց են տալիս, որ իմունիտետը պահպանվում է մի քանի ամիս, սակայն դրա ամբողջ տևողությունը դեռ հայտնի չէ, ուստի շարունակական մոնիտորինգի անհրաժեշտություն կա:
Եթե կորոնավիրուսի դեմ իմունիտետը երկար կյանք չունենա, ապա գուցե ամեն տարի պատվաստվելու անհրաժեշտություն առաջանա, ճիշտ այնպես, ինչպես գրիպի պատվաստանյութի դեպքում:
Ինչ վերաբերում է COVID-19 համավարակի տևողության վրա դրա դեմ պատվաստանյութերի ազդեցությանը, ապա դա կախված կլինի մի քանի գործոններից, ինչպիսիք են՝ դրանց առաքման արագությունը, պատվաստված մարդկանց քանակը և հիվանդության նոր տարբերակների հնարավոր զարգացումը:
COVID-19-ի դեմ կոլեկտիվ իմունիտետ ապահովելու համար անհրաժեշտ կլինի պատվաստել բնակչության զգալի մասին, ինչը կնվազեցնի ամբողջ բնակչության շրջանում վիրուսի տարածման ընդհանուր հավանականությունը: Կոլեկտիվ իմունիտետ ձևավորելու համար անհատական իմունիտետ ունեցող մարդկանց տոկոսը, լինի դա նախորդիվ վարակված լինելու թե պատվաստման արդյունք, տատանվում է՝ կախված հիվանդությունից (օրինակ՝ կարմրուկի դեպքում այն 95 տոկոս է, իսկ պոլիոմիելիտի դեպքում՝ մոտ 80): Բնակչության այն համամասնությունը, որը պետք է պատվաստվի COVID-19-ի դեմ կոլեկտիվ իմունիտետ ձևավորելու համար, հայտնի չէ:
Հայտնի չէ նաև, թե պատվաստումը որքանով արդյունավետ կլինի վիրուսն այլ՝ իմունիտետ չունեցող մարդկանց փոխանցելը կանխարգելելու հարցում:
Հետևաբար, քանի դեռ պատվաստումը լայնորեն մատչելի չէ, մենք պետք է շարունակենք հետևել հանրային առողջության պահպանման միջոցառումներին (սոցիալական հեռավորության պահպանում, հանրային վայրերում դիմակի կրում և ձեռքերի հիգիենայի կանոնների պահպանում), քանզի դրանք կարևոր դեր են խաղում վիրուսի տարածման շղթան կտրելու հարցում:
Իմ ընկերներից ու հարազատներից շատերը կարծում են, որ այս ամենը դավադրություն է, և կասկածով են վերաբերվում պատվաստանյութերին. ինչպե՞ս կարող եմ փոխել նրանց կարծիքը:
Մենք բոլորս էլ ճանաչում ենք մեկին, ով կտրականապես դեմ է պատվաստումներին: Դա կարող է լինել ձեր ընկերը, սիրելին, գործընկերը կամ հարևանը: Այս վախը հաճախ պայմանավորված է հակապատվաստումային դավադրությունների տեսությունների հանդեպ հավատով, ինչպիսիք կեղծ, բայց մշտական առասպելներն են առ այն, թե Microsoft-ը պատվաստանյութերն օգտագործում է մարդկության միկրոչիպավորման համար, կամ թե՝ պատվաստանյութերը կարող են փոփոխել մեր ԴՆԹ-ն:
Ցավոք, COVID-19-ով պայմանավորված առողջապահական ճգնաժամը կեղծ և ապակողմնորոշող տեղեկատվության տարածման լայն հնարավորություններ է ստեղծել ոչ միայն արևելյան գործընկեր երկրներում, այլև ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Եվրոպական միությունում և Միացյալ Նահանգներում:
Անկախ նրանից, թե դրանք տարածվում են կանխամտածված կերպով՝ մարդկանց բաժանելու համար, կամ անկեղծ մտահոգությունից դրդված՝ կեղծ տեղեկատվությունը և դավադրության տեսությունները շահագործում են մեր վախերն ու նպաստում պատվաստման առնչությամբ գոյություն ունեցող երկմտությանը:
Մարդիկ կարող են ապատեղեկատվության ենթարկվել լրատվամիջոցների կամ անհատական մակարդակում տարածված կարծիքների ու ասեկոսեների միջոցով: Բայց ավելի ու ավելի հաճախ հենց սոցիալական ցանցերն են սնուցում «ինֆոդեմիան»: Ուշադրություն գրավող գրառումների ազդեցությունն ուժգնացնելով՝ սոցիալական ցանցերի ալգորիթմներն իրականում խթանում են կեղծ և ապակողմնորոշող տեղեկատվության շրջանառությունը՝ թույլ տալով, որ դրանք տարածվեն ավելի արագ և ավելի հեռու, քան իրական տեղեկատվությունը:
Արևելյան գործընկերության տարածաշրջանում հիմնական ապատեղեկատվական օրակարգերից մեկը պտտվում է այն պնդման շուրջ, թե Արևմուտքում մշակված պատվաստանյութերը վտանգավոր են: Ապատեղեկատվության հակազդմանն ուղղված ԵՄ առաջատար նախաձեռնությունը՝ EUvsDisinfo արշավը, անընդհատ մշտադիտարկում և վերլուծում է ԱլԳ երկրներում պատվաստանյութերի շուրջ տարածվող ապատեղեկատվությունն ու դրա ազդեցությունը, ցրում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև պատվաստանյութային պատերազմը սնուցող օրակարգերի շուրջ առասպելները:
«EUvsDisinfo» նախաձեռնությունը վեց կետից բաղկացած ուղեցույց է կազմել պատվաստանյութերին հոռետեսորեն վերաբերող անձանց հետ զրույցների համար՝ ի օգնություն ձեզ, ինչպես նաև պատվաստումներին չվստահող ձեր ընկերոջը կամ հարազատին: Ուղեցույցը հորդորում է պահպանել հանգստություն, հասկանալ, շփվել, կապվել հուսալի աղբյուրների հետ, խրախուսել քննադատական մտածողությունը և… իմանալ, թե երբ է պետք կանգ առնել:
COVID-19-ով պայմանավորված ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ի՞նչ այլ նախաձեռնություններ կան՝ բացի պատվաստումներից
Եվրոպական միությունը COVID-19 համավարակի բռնկման պահից գտնվում է այդ ուղղությամբ աջակցության առաջնագծում: Մինչ օրս ավելի քան 1 միլիարդ եվրոյի աջակցություն է հատկացվել որպես անհետաձգելի օգնություն` ազգային առողջապահական համակարգերին և ԱլԳ տարածաշրջանի սոցիալական ու տնտեսական վերականգնմանն օժանդակելու համար:
ԵՄ-ն և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Համերաշխություն հանուն առողջության» նախաձեռնության շրջանակներում միասին աշխատում են ոչ միայն պատվաստանյութերի մատակարարման, այլև արևելյան գործընկեր վեց երկրների առողջապահական հատվածին աջակցելու ուղղությամբ՝ բժշկական սարքավորումներ և անհատական պարագաներ մատակարարելու միջոցով: Այս ծրագրի շրջանակներում տրամադրվել են ավելի քան 11 միլիոն միավոր անհատական պաշտպանիչ միջոցներ, 12,000 լաբորատոր հավաքածուներ, ավելի քան 1500 ԹԱՕ սարքեր, թթվածնի խտանյութեր ու զարկերակային օքսիմետրեր և ավելի քան 20,000 ՊՇՌ թեստեր:
ԵՄ-ն ավելի քան 11 միլիոն եվրոյի ներդրումով աջակցում է նաև հասարակության առավել խոցելի խմբերին: Արևելյան գործընկերության համերաշխության ծրագրի միջոցով քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հատկացվում են 60 հազար եվրոյի չափով դրամաշնորհներ: Այդ միջոցներն ուղղվում են տեղական դպրոցներին հեռավար ուսուցմամբ աջակցելուն, աշխատանքը կորցրած կանանց օգնելուն կամ տարեցներին ու հաշմանդամներին սննդի փաթեթներ տրամադրելուն: Երկրորդ՝ «COVID-19. Քաղաքացիական հասարակության դիմակայունություն և կայունություն» ծրագիրը նույնպես աշխատում է քաղաքացիական հասարակության ու անկախ լրատվամիջոցների հետ՝ օգնելով նրանց շարունակել պաշտպանություն և օգնություն ցուցաբերել, հատկապես՝ առավել խոցելի խմբերին, ինչպես նաև համավարակի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել:
ԵՄ-ն այս բացառիկ դժվար ժամանակաշրջանում օգնում է նաև բիզնեսի գոյատևմանը՝ սերտորեն համագործակցելով ԵՄ անդամ պետությունների և ամբողջ աշխարհի ֆինանսական հաստատությունների հետ, որպեսզի փոքր բիզնեսներին, ինքնազբաղվածներին և տարածաշրջանում գործող այլ սուբյեկտներին աջակցի տեղական արժույթով վարկերից հեշտությամբ օգտվելու ու դրամաշնորհային հայտ ներկայացնելու հարցերում՝ ճգնաժամի ընթացքում և դրանից հետո իրենց բիզնեսները խթանելու համար: ԵՄ-ն իր այս աջակցությունն ուղղում է «EU4Business» («ԵՄ-ն բիզնեսի համար») նախաձեռնության միջոցով: Կարող եք այցելել EU4Business-ի կայքում COVID-19-ի աջակցության համար նախատեսված հատուկ էջեր՝ տեղեկանալու Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում գործող բիզնեսների համար առկա աջակցության միջոցառումների մասին:
Եվրոպական ֆինանսական հաստատությունները, ինչպիսիք են՝ Եվրոպական ներդրումային բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, հիմնական դեր են ունեցել բիզնեսին ուղղված վարկերին աջակցելու գործում: Բացի այդ, դրանք նաև միլիարդներ են ներդրել հանրային առողջապահական համակարգերին աջակցելու, տնտեսական դիմակայունության ապահովման, թվայնացման, վերականգնվող էներգետիկայի և շրջակա միջավայրի ուղղությամբ՝ ապահովելով և՛ արտակարգ աջակցություն, և՛ ավելի երկարաժամկետ ներդրումներ՝ կայուն վերականգնմանն օգնելու նպատակով:
Explainers_vaccination_general_public_final_ARM
Explainers_vaccination_general_public_final_ENG
Explainers_vaccination_general_public_RU