«Կանանց ձեռնարկատիրական հմտությունների զարգացում» դասընթաց
Աղբյուրը՝ «Կանանց ձեռնարկատիրական հմտությունների զարգացում» դասընթաց
ՀԲԸՄ Հայաստանը, շարունակելով խթանել կանանց կարողությունների ընդլայնումն ու լիարժեք կիրառումը, սիրով հրավիրում է մասնակցելու «Կանանց հզորացման» նախագծի շրջանակներում իրականացվող «ՀԲԸՄ կին ձեռներեցներ» ծրագրի «Կանանց ձեռնարկատիրական հմտությունների զարգացում» դասընթացին։ Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի հետ համատեղ մշակված այս տասնմեկշաբաթյա դասընթացի նպատակն է նպաստել կանանց ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների ավելացմանը: ՀԲԸՄ-ն հավատացած է, որ միայն կանանց կարողությունների ամրապնդման և նրանց դերակատարության արժևորման պարագայում հայաստանյան հասարակությունը կկարողանա առաջ ընթանալ և բարգավաճել: Տնտեսական ինքնուրույնությունը կօգնի կանանց կատարելագործել սեփական կյանքին վերաբերող հարցերում ճշգրիտ որոշումներ կայացնելու կարողությունը՝ զանազան ասպարեզներում լիարժեք և հավասար մասնակցության միջոցով:
«ՀԲԸՄ կին ձեռներեցներ» ծրագիրը բաղկացած է երեք հիմնական փուլերից․
● Կրթություն ձեռնարկատիրության ոլորտում
Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ ֆինանսների և ձեռնարկատիրության ոլորտի բոլոր այն հիմնադրույթներին, որոնց հայ ձեռնարկատեր կանայք պետք է տիրապետեն իրենց բիզնեսի շահութաբերությունը և կայունությունն ապահովելու համար: Դասընթացը կօգնի մասնակիցներին ձեռք բերել տարբերվող մտածելակերպ, բացահայտել նորարար ռազմավարություն, ինչպես նաև մշակել բիզնես մոդել, որն անհրաժեշտ է բիզնես գաղափարը կյանքի կոչելու և այն հաջողությամբ զարգացնելու համար:
● Դրամաշնորհներ
Դասընթացի բոլոր մասնակիցներին հնարավորություն կտրվի դիմել մինչև 1 200 000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհ ստանալու համար: Ընտրությունը կատարվում է հիմք ընդունելով տարբեր չափանիշներ, ինչպիսիք են բիզնես գաղափարի հետագա զարգացման հնարավորությունները, կայունությունը և սոցիալական ազդեցությունը։
● Ուղղորդման փուլ
Դասընթացի բոլոր մասնակիցները հնարավորություն կստանան օգտվել մեկ տարի տևողությամբ աջակցությունից, որն իր մեջ ներառում է ուսուցում և մենթորություն, բիզնես խորհրդատվություն, զանազան մասնագիտական և բիզնեսի զարգացման համար արժեքավոր կապեր հաստատելու հնարավորություն։
Դասընթացին կարող են դիմել այն կանայք, ովքեր.
● ունեն ՀՀ քաղաքացիություն կամ Հայաստանում մշտական կացության կարգավիճակ,
● առաջին քայլերն են անում սեփական բիզնեսում կամ ունեն իրագործելի և նորարարական բիզնես գաղափար(ներ), որոնք ցանկանում են ի կատար ածել,
● կամենում են հիմնել իրենց բիզնեսը և այդպիսով ներդրում ունենալ սեփական համայնքներում,
● պատրաստ են իրենց բիզնես հմտությունները զարգացնելու համար մասնակցել տասնմեկշաբաթյա վերապատրաստման ամբողջական դասընթացին Երևանում,
● պատրաստ են մասնակցել մեկ տարի տևուղությամբ Ուղղորդման փուլին,
● պատրաստ են կատարել առաջադրանքները սահմանված վերջնաժամկետներում,
● պատրաստ են ծանրաբեռնված աշխատանքային շաբաթներ ունենալ։
Դիմելու ընթացակարգը.
1. Լրացրեք դիմում-հայտը՝ սեղմելով այստեղ
2. Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է՝ 2018թ. հուլիսի 31-ը, ժամը 18:00
3. Հավակնորդների նախնական ընտրությունը կկատարվի հիմնվելով որակավորման, լրացրած հայտի և բիզնես գաղափարի վրա
4. Ընթացք կտրվի միայն լիարժեք լրացված հայտերին
5. Առերես կամ Skype հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած հավակնորդները
6. Դասընթացի լեզուն հայերենն է
7. ՀԲԸՄ Հայաստանը կհոգա մասնակիցների ճանապարհածախսը և ճաշի ընդմիջումը
Տեղեկատվություն դասընթացի մասին և ժամանակացույց.
Դասընթացի ընդհանուր տևողությունը կազմում է 8 շաբաթ + 3 շաբաթ՝ նախագծերի վերջնական ներկայացման և դրամաշնորհներ ստացողների անունները հայտարարելու համար:
Ծրագրին դիմելու վերջնաժամկետ | Հուլիսի 31-ը, ժամը 18:00 |
Մասնակիցների ընտրության առաջին փուլ | Օգոստոսի 01 –15 |
Մասնակիցների ընտրության երկրորդ փուլ՝ հարցազրույցներ | Օգոստոսի 20 – 24 |
Ընտրված մասնակիցների տեղեկացում | Օգոստոսի 31 |
Դասընթացի տևողությունը | Սեպտեմբերի 08 – Հոկտեմբերի 27 |
Ծրագրի շրջանակներում դրամաշնորհի հայտարարում | Հոկտեմբերի 20 |
Այցելություններ մասնակիցների բիզնեսների իրականացման վայրեր | Հոկտեմբերի 24 – Նոյեմբերի 09 |
Դրամաշնորհի դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետ | Նոյեմբերի 09 |
Բիզնես պլանի (ծրագրի) նախնական ներկայացում՝ պրեզենտացիա | Նոյեմբերի 10 |
Դրամաշնորհի դիմում-հայտերի գնահատում | Նոյեմբերի 12-16 |
Բիզնես պլանի (ծրագրի) վերջնական ներկայացման, վկայագրերի հանձնման արարողություն և դրամաշնորհների հաղթողների հայտարարում | Նոյեմբերի 17 |
Որտեղ և երբ.
Դասընթացը տեղի կունենա ՀԲԸՄ դահլիճում (ք. Երևան, Մելիք-Ադամյան 2/2, 2-րդ հարկ), յուրաքանչյուր շաբաթ օր՝ 10:00-16:00, ներառյալ մեկժամյա ընդմիջումը և հրավիրված մասնագետի դասախոսությունը:
Հետադարձ կապ՝ [email protected] | +374 60 722 234