Հետազոտություն
ԴԱՏԱ հետազոտություն․ Հետազոտական բարեվարքության և էթիկայի քաղաքականության փաստաթղթի առաջարկ
Բեռնել
Վերջին շրջանում աշխարհի առաջատար համալսարանների և հետազոտական կենտրոնների կողմից մշակվել են հետազոտական բարեվարքության և էթիկայի քաղաքականություններ, որոնք ներառում են էթիկական նորմեր և դրանց պահպանման ընթացակարգեր։ Հայաստանի պետական բուհերում, որպես այդպիսին, չկա մշակված և կիրառվող հետազոտական (հատկապես հումանիտար և հասարակագիտական բնագավառում) բարեվարքության և էթիկայի քաղաքականություն։ Բացակայում են նաև պետական մակարդակի օրենսդրական կարգավորումներ, որոնք կսահմանեին հստակ արժեքներ և ուղենիշներ բուհերում հետազոտողների հետազոտական աշխատանքների էթիկական ասպեկտները վերահսկելու համար։ Արդյունքում, հետազոտական էթիկայի և բարեվարքության սկզբունքների պահպանումը թողնված է կրթական հաստատությունների և դրանց գիտական կենտրոնների պատասխանատվությանը։ Չկա մեկ ընդհանուր մոտեցում և/կամ կարգ՝ ուղղված էթիկական նորմերի իրականացմանը և/կամ սկզբունքների պահպանմանը։ Վերջինիս անհրաժեշտությունն առավել քան ակտուալ է հայաստանյան իրականությունում, որտեղ երկարաժամկետ ճգնաժամային պայմաններում հետազոտողներն առնչվում են բազմաթիվ զգայուն թեմաների, խոցելի խմբերի և այնպիսի իրավիճակների հետ, երբ հետազոտողը կանգնում է էթիկական երկընտրանքների կամ դիլեմաների առջև։ Այսպիսի իրավիճակներում էթիկայի սկզբունքները հատկապես կենտրոնական դեր են ձեռք բերում։ Այսպիսով,
1) կարևորելով հասարակագիտական հետազոտությունների էթիկական կողմը,
2) արձանագրելով հետազոտական էթիկայի քաղաքականության բացակայությունը,
3) հաշվի առնելով էթիկական սկզբունքների պահպանման մեխանիզմների բացը բուհական կրթությունում՝ այս փաստաթուղթը նպատակ ունի մշակել հետազոտական էթիկայի քաղաքականության առաջարկ՝ ուրվագծելով Երևանի պետական համալսարանի հասարակագիտական ֆակուլտետների հետազոտողների (բակալավրի ուսանողներ, մագիստրոսներ, ասպիրանտներ, ինչպես նաև հետազոտական գործունեության մեջ ներգրավված գիտաշխատողներ) հետազոտական աշխատանքներում էթիկական ստանդարտների կիրառության հնարավորությունները։ Սույն փաստաթուղթը հիմք կհանդիսանա ԵՊՀ հետազոտական էթիկայի կարգի մշակման համար։
Փաստաթղթի երկարաժամկետ նպատակն է ստեղծել բուհական կրթության ենթակառուցվածք, որում կարևորվում և խրախուսվում է էթիկայի նորմերին և սկզբունքներին համապատասխան հետազոտությունների իրականացումը: Այս փաստաթուղթը հետազոտական բարեվարքության և էթիկայի քաղաքականության առաջարկ է, որը շոշափում է հետազոտական էթիկայի մի շարք նորմեր և դրանց պահպանման ընթացակարգեր: Փաստաթուղթը Հայաստանում հետազոտական բարեվարքության և էթիկայի ինստիտուցիոնալացման առաջին փորձն է։ Փաստաթղթի անուղղակի շահառուները հասարակական գիտություններ դասավանդողները, անհատ հետազոտողները և ուսանողներն են, որոնք զբաղվում են հետազոտությունների ուսուցմամբ, պլանավորմամբ, անցկացմամբ, տվյալների վերլուծությամբ և դրանց հրապարակմամբ։
Փաստաթուղթը կազմված է երկու հիմնական մասից՝
1) հետազոտական էթիկա
2) հետազոտողների հետազոտական աշխատանքներում էթիկայի սկզբունքների պահպանման քաղաքականության առաջարկ։