Հետազոտություն
ՀՀ Երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017 մոնիթորինգի և գնահատման հաշվետվություն
Բեռնել
ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017 թվականների ռազմավարությունը (այսուհետ՝ Ռազմավարություն) մշակվել է 2012թ.՝ հիմնվելով Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի և Հայաստանի երիտասարդների ձգտումների և ակնկալիքների համապարփակ ուսումնասիրության վրա: Ըստ ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2015-2025թթ. հայեցակարգի` երիտասարդական պետական քաղաքականությունը ՀՀ պետական քաղաքականության բաղկացուցիչ մասն է և ունի ռազմավարական նշանակություն: Այն կոչված է ստեղծելու իրավական, տնտեսական և կազմակերպչական պայմաններ երիտասարդության համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման համար: Երիտասարդական պետական քաղաքականությունը մշակվում և իրականացվում է պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, երիտասարդական պետական քաղաքականության սուբյեկտների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ:
Տվյալ հետազոտության անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թթ. ռազմավարությունը մշակելու համար կարիք կա գնահատելու նախորդ ռազմավարությունը երիտասարդների կարիքների համապատասխանության, տրամաբանական կառուցվածքի, չափելիության և այլ տեսանկյուններից:
Համապատասխանաբար, Ռազմավարության գնահատման և մոնիթորինգի հետազոտությունը ունի երկու բաղադրիչ: Առաջին բաղադրիչը Ռազմավարության կառուցվածքի գնահատումն է և երիտասարդների կարիքների վերլուծությունը, որի նպատակն է դիտարկումներ և առաջարկություններ ներկայացնել Ռազմավարության, մասնավորապես Ռազմավարության կառուցվածքի և առկա երիտասարդական կարիքների հետ դրա համապատասխանության վերաբերյալ:
Հետազոտության երկրորդ բաղադրիչն ուղղված է Ռազմավարության ծրագրերի մոնիթորինգին և գնահատմանը: Այս բաղադրիչի նպատակն է Ռազմավարության համալիր մոնիթորինգի և գնահատման մեթոդաբանության մշակումը և փորձարկումը: Գնահատումն իրականացվել է Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի կողմից 2016թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ սպորտի և երիտասարդական հարցերի նախարարության աջակցությամբ:
Ակնկալվում է, որ հետազոտության արդյունքները կօգտագործվեն ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022թթ. ռազմավարության մշակման առավել արդյունավետ գործընթացի կազմակերպման համար: