Զրույցը առաջին անգամ հրապարակվել է Բուն TV-ի կողմից։
«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում` Բուն TV-ի տաղավարում, Սոնա Մանուսյանն ու Կարեն Անտաշյանը զրուցում են Հայաստանում հետպատերազմյան և համավարակից բխող ծանր սոցիալական և հոգեբանական խնդիրների, հանրային համաձայնության խզման, հաղորդակցություն, երկխոսություն կառուցելու որևէ տեսանելի ուղղության բացակայության և մի շարք այլ կարևոր հարցերի-խնդիրների վերաբերյալ։
«Մեր հասարակությունում ավանդաբար չի եղել վստահություն սոցիալ-քաղաքական ինստիտուտների հանդեպ, փոխարենը, այդ վստահությունը եղել է միջանձնային հարաբերություններից հետո: 2018թ. տեղի ունեցած, հեղափոխություն կոչվող իրադարձությունների ընթացքում հետաքրքիր փոփոխություն նշմարվեց. վերականգնվեց վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների, իշխանության, պետության հանդեպ, և երկրում ստեղծվեց տրամադրությունների բավականին դրական ֆոն: Պետական ինստիտուտներից միանշանակ վստահություն կար միայն բանակի հանդեպ, և այդ վստահությունը միակ կետն էր, որի շուրջ հասարակության բոլոր կետերը համերաշխ էին: Սակայն, պատերազմի ավարտից հետո բանակի հանդեպ վստահության անկումը վերջնականորեն քանդեց ներհասարակական կառույցը: 2018թ.-ից հետո պետության հանդեպ վերականգնված վստահության կորուստը բերեց մի իրավիճակի, երբ մարդիկ կրկին պիտի իրար մխիթարեն միջանձնայն, ընկերական մակարդակում, և սա այն հիմքն է, որից պիտի փորձենք վերակառուցել մեր կյանքը»: