Այս նյութն առաջին անգամ հրապարակվել է Բուն ԹիՎիի կայքէջում։ Հասանելի է այստեղ։
Սոցիալական հետազոտություններում մեթոդները շատ տարբեր են և դրանք կարելի է տարբեր ձևերով դասակարգել։ Ընդունված է առանձնացնել երեք հիմնական մեթոդ՝
- հարցում
- դիտարկում
- փաստաթղթերի վերլուծություն
Հարցման մեթոդը շատ հաճախ ասոցացվում է սոցիոլոգիայի հետ։ Հանրության շրջանում հայտնի սոցհարցումները սոցիոլոգիայում կոչվում են հարցաթերթիկային հարցումներ։ Այս պարագայում հետազոտողը մշակում է հարցաթերթիկ, որտեղ ներառված են հստակ հարցեր և այդ հարցերի պատասխանների տարբերակներ։ Նման հարցումները կարող են իրականացվել տնայցերի, զանգերի կամ համացանցի միջոցով։
Հետազոտության հաջորդ մեթոդը դիտարկումն է։ Գաղտնի դիտարկման դեպքում հետազոտողը մուտք է գործում փակ և դժվար հասանելի խումբ և, իր վրա ստանձնելով տվյալ խմբի անդամի դեր, դիտարկում է իրականացնում։ Դիտարկումները կարող են լինել նաև բացահայտ՝ առանց թաքցնելու հետազոտողի ով լինելը։ Այս մեթոդը կիրառվում է ինչպես քանակական, այնպես էլ որակական հետազոտությունների դեպքում։
Փաստաթղթերի քանակական վերլուծության ժամանակ հետազոտողը կարող է հաշվել, թե որևէ նյութում քանի անգամ և ինչ համատեքստում է հանդիպում այս կամ այն բառը/արտահայտությունը։ Փաստաթղթերի որակական վերլուծության ժամանակ հետազոտողը ոչ թե հաշվարկ է կատարում, այլ կենտրոնանում է փաստաթղթի ակնհայտ և թաքնված բովանդակության հասկացման և մեկնաբանման վրա։