Այս նյութն առաջին անգամ հրապարակվել է Բուն ԹՎ կայքէջում։ Հասանելի է այստեղ։
Հատկապես վերջին տարիներին շատ ակտուալ էր տվյալների միջոցով ապագայի կանխատեսման թեման. աշխարհը շատ արագ է զարգանում, և մարդիկ փորձում են հասկանալ՝ ուր ենք գնում: Գոյություն ունեն տվյալներ ընթացիկ զարգացման մասին և հարցը հետևյալն է՝ արդյո՞ք հնարավոր է ապագան ըստ դրանց պլանավորել: Գոյություն ունեն բազմաթիվ մեթոդաբանություններ, օրինակ՝ ամենապարզ ձևերից է օրինաչափություններ հաշվարկել և պրոյեկտել դրանք ապագայի վրա՝ նախորդ ընթացքով որոշել հետագա ընթացքը: Ավելի բարդ մեթոդները սցենարներն են՝ առկա ռեսուրսների ու նպատակների հաշվարկմամբ, սակայն, այստեղ առավել կարևոր են հենց տվյալները, որոնց հիման վրա է կատարվում հաշվարկումը:
Հայաստանում հասանելի է տվյալների հսկայական քանակ: Հետազոտություններ կատարելիս հեշտությամբ կարելի է ձեռք բերել ցանկացած տեղեկություն, սակայն, տվյալների հավաքագրումը համակարգված չէ. դրանք չեն վերածվում բովանդակության և որոշումների: Հսկայական քանակի տեղեկատվության հանդեպ թերագնահատողական այս վերաբերմունքը բերում է որոշակի հետևանքների. վերջին տարվա ընթացքում տեղի ունեցան տվյալների աննախադեպ քանակի արտահոսքեր, որոնց մի մասը կարող է ուղղակիորեն օգտագործվել Հայաստանի դեմ:
Foresight (կանխագիտության) ինստիտուտներ հիմնադրելը կապված է ֆինանսական մեծ միջոցների հետ: Դրանք մեծ քանակով գոյություն ունեն Նահանգներում և Ծոցի երկրներում և ենթադրում են ոչ թե միանգամյա հետազոտություն, այլ անընդհատ գործընթաց՝ իրականության հետ վալիդացման, սցենարների փոփոխության, գործոնների փոփոխություն և այլն: Հայաստանը դեռևս չի կարող ապահովել այդպիսի ինստիտուտների աշխատանքը, սակայն, մենք կարող ենք մեզ թույլ տալ վերլուծաբաններ ունենալ: Վերլուծությունը թույլ կտա հավաքված տվյալներն ի վերջո վերածել գիտելիքի, որն իրականացնող վերլուծաբանները, ցավոք, սակավաթիվ են: Սցենարները չհաշվարկելը, փաստորեն, հանգեցրեց անգամ պատերազմի ընթացքում տապալված զորահավաքին և այլ խնդիրներին, որոնք, փաստորեն, արդյունք են տարբեր ոլորտներում իրականացվող թերի կառավարման:
Ի՞նչ պիտի արվի ապագայում: Ցանկացած ուժ փորձելու է պոպուլիստական նարատիվներով գալ իշխանության, իսկ բյուրոկրատական համակարգի ձևավորման համար անհրաժեշտ են տասնյակ տարիներ: Այս պահին պետությունը չի զբաղվում տվյալների մշակմամբ, սակայն, դա կարելի է գոյաբանական անհրաժեշտություն համարել այսօրվա Հայաստանի համար: Անհրաժեշտ է պետական օրակարգ ձևավորել, որի նպատակներին հասնելու համար կձևավորվեն համապատասխան ինստիտուտները: Եթե մենք ուզում ենք ունենալ անկախ պետություն, որն այս ոլորտում մրցակցային և կայուն կդառնա, անհրաժեշտ է ձևակերպել հարց՝ ի՞նչ է մեզ անհրաժեշտ դրա համար:
Մենք պիտի փորձենք ստեղծել «think tank»-եր և մտածել դրանց ֆինանսավորման մեխանիզմների մասին: Դրանք հարցեր կտան, վերլուծություններ կիրականացնեն, սցենարներ կստեղծեն և հնարավորություն կտան քաղաքական ուժերին գոնե մասամբ օգտվել այդ սցենարներից: