Օրենք․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
Տեսանյութը նկարահանվել է 26 սեպտեմբերի, 2022 թ․
Ես ինչ-որ չափով քարտեզագրել եմ օրենքի շուրջ մի շարք հասկացություններ։ Պետք է հասկանալ, որ սա ոչ թե հոմանիշներ են, բնականաբար, այլ թեզաուրուսներ։ Եվ այս գործողությունը, եթե հիշեք, մտագործունեության մեթոդաբանության մեջ կոչվում է կոնտեքստի ընդլայնում։ Ես այստեղ քարտեզագրել եմ օրենք հասկացությանը, երևույթին առնչվող մի շարք հասկացություններ։ Սկսենք օրենքին ավելի համապատասխան, նույնիսկ իրոք հոմանիշային նշանակություն ունեցող հասկացությունների շարքից. կանոն, նորմ, ստանդարտ, նորմատիվ, կարգ, ընթացակարգ, ռեգուլյար, շրջաբերական, օրինաչափություն։ Ահա հասկացությունների մի խումբ, որոնք բավական անմիջականորեն վերաբերում են օրենք հասկացությանը։ Կա հասկացությունների մեկ այլ խումբ. ավանդույթ, սովորույթ, ադաթ, ես այստեղ ավելացրել եմ նաև ծեսը և սովորությունը, թեև պետք է տարբերակել ադաթը սովորությունից և ծեսը օրենքից։ Ինչու՞ են այս հասկացությունները նույնպես առնչվում օրենքին։ Որովհետև նրանք բոլորն առաջարկում են արդեն հայտնի ինչ-որ մի միջոց, ինչ-որ մի ճանապարհ, որպեսզի անես այն, ինչ ուրիշներն արդեն արել են։ Կամ՝ դու ստեղծում ես առաջին անգամ, բայց հենց այդ նպատակով ես ստեղծում, ասենք, քարտեզը կամ ծրագիրը. որպեսզի դու կամ ուրիշները կարողանաք դա հետո անել։ Այսինքն՝ դուրս ես բերում քո միջից, և դա դառնում է ուղեցույց։ Կա հասկացությունների ևս մի հետաքրքիր շարք, որոնք օրենքին առնչվում են. հրաման, առաջարկ, խորհուրդ, կարգադրություն։ Եթե հիշեք, ապագայի կանխատեսման վերաբերյալ Jam Session-ում ես նույնպես այս հասկացությունների մի մասը ունեի: Ինչու՞. որովհետև մենք այնտեղ քննարկում էինք, թե ինչպե՛ս կարելի է կանխատեսել ապագան, կամ՝ իրագործել, այսինքն որոշել և իրագործել ինչ-որ բան ապագայում, նույնությամբ, և ես այնտեղ նշել էի, որ հրամանը, կարգադրությունը կամ նույնիսկ խորհուրդը, առաջարկը, խնդրանքը դրա հնարավոր ձևերից մեկն են։