«Ինչպե՞ս կողմնորոշվել հանրային դիսկուրսում՝ օգտագործելով քննադատական մտածողությունը: Ի՞նչն է, որ հանրային դիսկուրսում կողմնորոշվելու կարիք է ստեղծում: Նախ, ի՞նչն ենք մենք անվանում հանրային դիսկուրս: Դա այն ամբողջ ինֆորմացիայի տարափն է, որը մեզ շրջապատում է, մեզ վրա լցվում է: Այն կարող է գալ ցանկացած ալիքով՝ ինտերնետով, հեռուստատեսությամբ, մարդկանց հետ խոսակցությունով, մեր տեսածով: Ամեն ինչով՝ բոլոր ուղղություններով: Դա մենակ խոսքը չէ՝ մեր տեսածն է, մեր զգացածը, ամեն ինչը: Եվ այդ դիսկուրսը, փաստորեն, մեզ շատ իմաստներով ձևավորում է»:
«Հանրային դիսկուրսի հարձակման վերաբերյալ, հարձակման նկատմամբ, շատ բնական ռեակցիան դա դավադրությունների տեսության ծնունդն է՝ կոնսպիրոլոգիայի ծաղկումը: Ինչու՞ է դա տեղի ունենում: Նախ, եթե գիտությանը չես վստահում, կամ գիտական հստակ պատճառահետևանքային կապ չկա իրադարձությունների մեջ: Երկրորդը, եթե քո մոտիկ հեղինակությունները, քո հենասյուները, որոնց դու քո աչքով տեսնում, հավատում, վստահում ես, ճոճվում են կամ ընդհանրապես բացակայում: Երրորդը, եթե դու վատ կրթություն ես ստացել, եթե կրթական համակարգը էդքան էլ հաջող չէ և քեզ շատ բան չեն սովորեցրել, և այլն, և այլն: Դու ինքդ քեզ չես հավատում, որ դու գործիչ ես այս կյանքում: Հետևաբար դու չես հավատում, որ քո շրջապատն է գործիչ այս կյանքում և քեզ շատ ավելի հարմար է թվում կարծել, որ գործիչ ինչ-որ մեկ այլ գաղտնի ուժ է, որի մասին մենք շատ բան չգիտենք, բայց նա է կազմակերպում ամեն ինչ»: