Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ծրագրերը 2016 հունվար-փետրվար ամիսների համար
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ուրախությամբ ներկայացնում է հունվար և փետրվար ամիսների իր ծրագրերը, ինչպես նաև ողջ 2016-ին սպասվող իրադարձությունները:
Այս տարին կնշանավորվի Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձով, և Ֆիլհարմոնիկ նվագախումբն էլ մի շարք միջոցառումներ ունի ծրագրած այս տոնի կապակցությամբ:
Դրանցից առաջինն ու ամենամեծը թերևս Երևանյան միջազգային երաժշտական ամենամյա փառատոնի 10-րդ շրջանն է՝ սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 18-ը: Երկրորդը՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին նվիրված համերգն է, որը սպասվում է մարտի 18-ին: Մանրամասների և լրացուցիչ տեղեկատվության համար հետևեք մեր պաշտոնական կայք-էջին՝ www.apo.am, և Filharmonik հավելվածին: Վերջինիս միջոցով շուտով հնարավոր կլինի գնել էլեկտրոնային տոմսեր, ինչպես նաև լսել մեր համերգները ուղիղ հեռարձակվող ռադիոյով:
Ծրագրված են հյուրախաղեր դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, Իտալիա, Լեհաստան, ԱՄՆ, շարունակվում են բանակցությունները 2017-ին Չինաստանում և Ճապոնիայում նախատեսված հյուրախաղերի շուրջ:
Իսկ մինչ այդ խոսենք մեր առաջիկա համերգների մասին.
Հունվարի 22-ին ՀԱՖՆ-ը կներկայանա բազմագույն մի ծրագրով՝ Շոստակովիչի 10-րդ սիմֆոնիա և նախերգանքներ ու արիաներ Մոցարտի օպերաներից՝ սոպրանո Ռուզան Մանթաշյանի (Ֆրանսիա) կատարմամբ:
Փետրվարի 5-ին իսպանացի դիրիժոր Մանուել Էրնանդես-Սիլվայի ղեկավարությամբ կոնտրաբասահար Նազարեթ Քյուրքչյանը կկատարի Սերգեյ Կուսևիցկու Կոնտրաբասի կոնցերտը: Մեր ունկնդիրը հնարավորություն կունենա վայելելու նաև Ռավելի Իսպանական ռապսոդիան և Ռախմանինովի Սիմֆոնիկ պարերը:
Փետրվարի 12-ին մեր լավ բարեկամ և մակեդոնացի ճանաչված դաշնակահար Սիմոն Տրպչեսկին կկատարի Պրոկոֆևի 2 դաշնամուրային կոնցերտները և հրեական թեմաներով նախերգանքը:
Փետրվարի կեսին նվագախումբը կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ:
Փետրվարի 26-ին մեր հյուրը կլինի ճանաչված դիրիժոր Լիոր Շամբադալը, ում հետ հանդես կգա բրիտանացի փայլուն ջութակահար Ալեքսանդր Սիտկովեցկին՝ Ֆելիքս Մենդելսոնի հայտնի Ջութակի կոնցերտի կատարմամբ:
Շնորհիվ մեր ինֆորմացիոն գործընկերների` արվեստի նկատմամբ ունեցած հետաքրքրության և հետևողական աշխատանքի (Հ1, Շողակաթ, ԱրմՆյուզ, Ար հեռուստաընկերությունները, Լրատվական, Վեմ և Հայ ռադիոկայանները և այլն)՝ ՀԱՖՆ-ի մասին տեղեկատվությունը կշարունակի հասու լինել հասարակության լայն շրջանակներին:
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Հանրապետության նախագահին և նրա տիկնոջը` Ռիտա Սարգսյանին, ՎիվաՍելլ-ՄՏՍ-ին, ՀՀ Մշակույթի նախարարությանը, Կյուն հիմնադրամին (ԱՄՆ), գործարար Սիմոն Հակոբյանին, Երևանի քաղաքապետարանին, ՀԲԸՄ-ին, Օպերա Սյութ և Ռոյալ Թյուլիփ հյուրանոցներին և բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեր գաղափարներին և հավատում Հայաստանի երիտասարդ սերնդին զարգացնելու, ինչպես նաև մեր քաղաքացիների և հյուրերի ժամանցին առավել երաժշտական ու դասական ուղղվածություն հաղորդելու մեր ձգտումներին:
Շնորհակալություն ենք հայտնում նաև մեր մյուս բոլոր գործընկերներին, ովքեր գաղափարակից են մեզ՝ մասնավորապես Noyan Tun, La Bella Italia, Cafe Vergnano, the Green Bean, La Boheme, La Perla, Malocco սրճարանների տնօրինություններին: Այս հարաբերություններն անգնահատելի արժեք ունեն մեր կատարած աշխատանքում: Համագործակցելով և միմյանց աջակցելով` մենք հաճախ սովորում ենք միմյանցից, որոնում և գտնում ենք նորանոր ուղիներ` բարելավելու մեր հասարակական կյանքը, կառուցելու համայնք և իրավամբ առանձնահատուկ տեղ հատկացնելու դասական երաժշտությանը: