«Հետեւանքը՝ արտեֆակտ»․ հակամարտությունը՝ մտավոր տարածությունում
Աղբյուրը՝ www.hetq.am
«Ես պետք է քաղաքականություն եւ պատերազմ ուսանեմ, որպեսզի իմ զավակներն ունենան ազատությունը մաթեմատիկա եւ փիլիսոփայություն ուսանելու»
․ Ամերիկայի միացյալ նահանգների երկրորդ նախագահ Ջոն Ադամսի (նախագահել է 1797-1801 թթ․-երին) խոսքերը մեջբերելու կարիք զգացի այն ժամանակ, երբ արդեն օրեր շարունակ փորձում էի Էդիկ Պողոսյանի եւ Արեգ Բալայանի հետ ունեցած զրույցը մեդիատեքստի վերածել։
Չգիտեմ՝ ընթերցողն ինչպես է վերաբերում տեքստին, երբ նախ գրում ես, թե զրույցը կառուցելու համար ինչերի միջով ես անցել, բայց սա այն բացառիկ դեպքերից է, երբ ընթացքն է նաեւ կարեւոր դառնում, որովհետեւ զրուցակիցներդ ընթացքի մեջ են, դու պոկել ես իրենց այդ ընթացքից, հարցեր ես տալիս մի բանի մասին, որի սահմանումները, պատկերացումները, երեւակայական պատկերն անգամ գրեթե բոլորս ունենք, բայց բովանդակությանը, նյութին, խնդրին առնչվում ենք այնքան, ինչքան «թույլ կտանք» մեզ․․․
Էդիկն ու Արեգը հետազոտական-արվեստային մի նախագիծ են իրականացնում, որի անվանումը «Հետեւանքը՝ արտեֆակտ» է (արտեֆակտ բառի նշանակությունը տե՛ս տեքստի վերջում)։ Կա նախագիծը ներկայացնող տեքստ իհարկե, կան մեջբերումներ, որոնք ամրապնդում են նախագծի կոնցեպտը, բայց կա նաեւ գայթակղությունը ավելի մանրամասն իմանալու, թե ինչպիսին է ընթացքը․ այդ ինչպե՞ս պիտի հակամարտությունն այլընտրանքային կերպով ներկայացնելու փորձ կատարվի, որպեսզի այն դառնա նույնքան կարեւոր եւ «իրական», որքան այդ հակամարտության մասին անընդհատ շրջանառվող քաղաքական, սոցիալական եւ այլ տեքստերն են։
Արդյոք պատերազմի հետեւանքային նյութը (օբյեկտը, պատմությունը) կարո՞ղ է վերափոխվել արվեստի գործի այնպես, որ գեղագիտությունը տեղը զիջի վկայությանը, կամ, եթե նույնիսկ զիջման հարց չլինի, «չխանգարի» վկայության ընթացքին․ եթե պատերազմի հետեւանքն, օրինակ, այրված մեքենան է, որի վարորդը հրաշքով փրկվել է, այդ պատմությունը եւ օբյեկտը, ինչպե՞ս է «պատմվում» արվեստային միջավայրում, ինչքա՞ն է դետալիզացվում, մասնատվում կամ ամբողջանում հետեւանքային պատմության տեսքով։
Նախագծի երկու իրականացնողներն էլ ունեն դրա ուղիղ պատասխանը․օբյեկտը պիտի դրվի դիտողի առջեւ այնպես, ինչպես պատերազմն է՝ առանց «բանտիկների», առանց գեղարվեստականացման, առանց ավելորդ «միջամտության»։ Այսինքն տարածքը, որը կոչվում է հակամարտության գոտի, որի մասին մենք պարբերաբար լսում ենք, փորձում պատկերացնել, հայտնվելու է մեր աչքի առաջ հետեւանքի տեսքով, որին առնչվել է նախ պատերազմի մարդը, հետո ժամանակը, իսկ հիմա Արեգն ու Էդիկը։
«Նախագիծը կառաջարկի այլընտրանքային տեսանկյունով քննել հակամարտությունն՝ ի ցույց դնելով ոչ թե քաղաքական, տնտեսական կամ սոցիալական հետեւանքները, այլ շփման գծին մերձ տարածքում առկա հետքերը: Իրականացնողները` Էդիկ Պողոսյանը եւ Արեգ Բալայանը կփորձեն գտնել եւ ընտրել հակամարտության հետ կապված նյութական վկայություններ եւ վերափոխել դրանք արվեստի գործերի:
Խնդիր է դրվում մի դեպքում առանձնացնել ու առարկայի ինքնուրույն գոյությունը անձնական պատմությունից (հակամարտության իրեղեն հետքերի օբյեկտ–ինստալացիա), մյուս դեպքում միահյուսելու առարկա-մարդ անկախ գոյությունները (լուսանկարչական շարք)։ Նախագծի ընթացքում հայեցողաբար աշխատող տեսախցիկը կարձանագրի ոչ միայն նախագծի մասնակիցների աշխատանքը, այլեւ կվավերագրի մարդկանց եւ միջավայրի փոխհարաբերությունները»․ նշված է նախագիծը ներկայացնող տեքստում։
Ամիսներ տեւած նախագծի աշխատանքները նախատեսված է ավարտել սեպտեմբերին, որից հետո արդյունքները կցուցադրվեն Երեւանում եւ Լեռնային Ղարաբաղում։
Ընդհանուր առմամբ, նախագիծը կներկայացնի 4 կամ 5 օբյեկտ, 10 ֆոտոպատմություն եւ մինչեւ 50 րոպե տեւողությամբ վավերագրական ֆիլմ: Բացի այդ, կպատրաստվեն եւ կհրապարակվեն երկլեզու (հայերեն, անգլերեն) պատմություններ՝ օտարերկրյա լսարաններին մատչելի դարձնելու համար: Արդյունքում գեղարվեստական հարթակը կդառնա հարմար միջավայր երկխոսության համար, որի ներսում մարդկային արժեքները կընդունվեն որպես փոխըմբռնման եւ համերաշխության հուսալի միջոց։
Մեկ ամիս առաջ Բալկոնում ծավալվեց նախագծի մասին երկար մի զրույց։ Մեդիատեքստի վերածելու ընթացքում հարցերն ամրագրելու անհրաժեշտություն արդեն չկար։
«Արի ասենք՝ չենք սիրունացնում»
Էդիկ- հակամարտության քաղաքական, տնտեսական, սոցիալական հետեւանքը չենք շրջանցում, դրան անդրադառնալու անկյունն է այլ․ մենք առաջ ենք բերում հետեւանքը, ասում ենք՝ սա է ․․․ Ով ինչպես կվերաբերի դրան, կդիտարկի այդ հետեւանքը քաղաքական, թե տնտեսական կոնտեքստում, նոր մի մտքով կմոտենա, թե առհասարակ մի այլ բան կլինի, կդառնա կարեւոր։ Այսինքն չենք ասում՝ այսպես կամ այնպես մտածեք, ասում ենք՝ սա է հետեւանքը, մտածե՛ք։
Ցավոք, հակամարտություններին հենց քո նշած անկյուններից են մոտենում՝ շրջանցելով տեսադաշտից դուրս մնացած հետեւանքները։ Մեծ հաշվով արվեստային ակտը հենց այդ առանցքի շուրջ է կատարվում։ Օրինակ ես միտում չունեմ գեղարվեստականացնել եղածը (կարծում եմ՝ Արեգն էլ)․ չոր «դոկումենտն» է դրվելու մարդու առաջ՝ ինչ-որ կոմպոզիցիայով։
Արեգ- բայց, մեկ է, գեղարվեստականացվում է ինչ-որ իմաստով։
Էդիկ- արի ասենք՝ չենք սիրունացնում։
«Ուզու՞մ եք պատերազմ, ուզու՞մ եք լինի այս հետեւանքը»
Արեգ- ես ոնց որ էլի իմ միջավայրում եմ, բայց այդ միջավայրում նոր բան եմ անում․ այդպես կարելի է ասել։ Այսինքն իրականում նախորդ անելիքս էլի մարդուն նկարելն էր, ում դեմքին կնճիռներով գրված էր հայ ազգի պատմությունը․․․ Էլի նույն հետեւանքն էր, ուղղակի հիմա Էդիկի գաղափարի շնորհիվ շատ բան «ֆոկուսի» եկավ, իր հետ ունեցած առաջին իսկ զրույցի ժամանակ հասկացա, որ զիլ գաղափար է։
Էդիկ- ես առաջին գծում չեմ եղել, բանակում չեմ ծառայել (ելնելով Իրանի օրենքներից), պատերազմի ժամանակ էլ փոքր եմ եղել եւ առաջնագծից հեռու, բայց Թեհրանի երկու երկարատեւ ռմբակոծումներն էլ զգացել եմ մաշկիս վրա։ Համոզված եմ, որ ինձ անհրաժեշտ էր լինել կիզակետում (կուզեի՝ համակարտության ակտիվ շրջանում լինել)․ այս պահին հետեւանքն է ինձ թույլ տալիս ապրումակցել։
Դադար
Արեգ- Անուշ, հավատա՝ օբյեկտներ կան, որ ոչինչ պիտի չանես իրենց հետ, պիտի բերես-դնես Բաղրամյան փողոցում ու գրես՝ որտեղից ես վերցրել։ Այդքան բան։
Էդիկ- ցանկացած բան, երբ իր տարածքից կտրում ես, քո էներգիան ես դնում մեջը, արդեն փոփոխությունը կատարվում է․․․Դա վաղուց ընդունված գեղագիտական մոտեցում է։
Արեգ-․․․ու տարածքը «ցավում» է։
Էդիկ-․․․ ու հենց սա է ազդեցիկը, որովհետեւ, ինչպես նախորդ իմ գործերում, այստեղ էլ միջամտություն շատ չեմ անում։ Գտած մետաղական նյութը իր պատմությամբ, իր անցյալով արդեն կոնկրետ է։ Երբ ասացի, որ չենք գեղարվեստականացնում, հենց սա նկատի ունեի։ Մետաղական օբյեկտը, լուսանկարները այնքան ազդեցիկ կլինեն, որ կարելի կլինի «գեղեցիկ» բառն էլ վերագրել։
Արեգ- այս հարցում մի քիչ համաձայն չեմ քեզ հետ։
Էդիկ- առաջին անգամ է, որ մեր տարածքից դուրս քննարկում ենք այս թեման․ հետաքրքիր է անհամաձայնությունդ․․․
Արեգ- գեղարվեստականացնելու հետ կապված էր անհամաձայնությունս… Հա՛, «բանտիկ» չենք կապելու ոչ մեկի գլխին, բայց տեղանքը, որն ընտրել ենք, արդեն սիրուն է, արդեն այդպես ենք տեսնում, չե՞ս կարծում։
Էդիկ- ինքդ ես ասում, որ ընտրած տարածքն ու օբյեկտը արդեն սիրուն են, ես էլ եմ հենց դա ասում․․․ Այդ դեպքում մեզ «սիրունացնելու» բան մնու՞մ է։ Մենք վավերագրական ֆորմատից չենք կտրում, ուրեմն չենք գեղարվեստականացնում:
Արեգ- բայց մենք ենք ընտրում չէ՞ կոնկրետ տեղանքը՝ սահմանելով որպես «սիրուն»։
Էդիկ- հա․․․ Հիշու՞մ ես Ղարաբաղում էլ էինք խոսում այդ ընտրության մասին, թե դու ինչ կադր կֆիքսես, ես ինչ մետաղ կընտրեմ, մինչեւ որ հասնենք մեր գլխավոր հարցադրմանը, որը պայմանավորված է լինելու մեր այդ ընտրությամբ․ «տեսնելով սա՝ հիմա էլ դուք ընտրեք․ ուզու՞մ եք պատերազմ, ուզու՞մ եք լինի այս հետեւանքը»․․․Այս տեսակ հարցադրումները, կարծում եմ, անընդհատ մտածելու, վերարժեւորելու կարեւորություն պիտի ունենան։
Մեր ակտը կայանում է հենց ընտրության մեջ, որը կոնկրետանում է եւ որը պիտի ցուցադրվի։ Այսինքն, երբ ես ընտրում եմ մետաղը, Արեգն էլ ընտրում է տեսարանը, արդեն միտված ենք, որ հենց այս է, որ տեղափոխման, ցուցադրման կարիք ունի։
«Սուբյեկտիվը՝ ընտրություն»
Էդիկ- նախագծի շրջանակում մեր ընտրությունները, իհարկե, սուբյեկտիվ են, ինչպես պատերազմ անել-չանելը, այդ պատերազմին գնալ-չգնալը․․․
Արեգ- 1991 թվից մինչեւ 2016-ը (հովհարային անջատումներով) ապրում եմ Ղարաբաղում։ Ինչ ասես տեսել եմ․ ռմբակոծություն, գերիներ, որոնց քաղաքում էին պահում (հնարավոր դեպքում փոխանակելու համար), պահում էին, օրինակ, մանկապարտեզի շենքում, մենք էլ գնում էինք լուսամուտի արանքից նայում․ էկզոտիկ էր էլի․․․ Բայց նույնիսկ այդքան տեսածից հետո ես էլի պատրաստ չէի պատերազմի, չգիտեի՝ ինչ է պատերազմը։
Եթե հավանականությունը մեծ է, որ քո երկրում պատերազմ կլինի, չես կարող «տուֆտա» հաղորդումներով, հերոսների մասին պատմող եսիմ ինչ տեսակ ռեպորտաժներով «պատրաստ(վ)ել» այդ պատերազմին։ Ո՞նց ասեմ, որ ավելի հստակ լինի․․․ Մի տեսակ պատերազմի սեփականության զգացումը ոնց որ չլինի։
Էդիկ- Տե՛ս՝ միշտ է ասվում, որ պատերազմող երկիր ենք, բայց ոնց որ մեր մասին խոսելիս ուրիշի մասին խոսենք։
Արեգ- հա, սուտ ենք ասում էլի։
Էդիկ- իհարկե չեմ ընդհանրացնում․ ոչ բոլորն են այդպես մտածում, բայց ստացվում է այսպես` մենք «պատերազմող» երկիր ենք, սակայն մասնիկը չենք այդ ամբողջի․․․ Եվ հենց մեզ մի բան պետք եղավ, կարող ենք շահարկել բառը՝ ուղղակի, հենց այնպես։
Արեգ- հա էլի, այսպես օրինակ․ «․․․որ պատերազմ եղավ, ես տուշոնկա կուղարկեմ, բայց գալ չեմ կարող, զբաղված եմ, կներեք»․․․
Է՜, լավ ես անում․ ով գնալու է, կգնա, ով չէ, կմնա իր տեղում, դու էլ մի արի, քո բիզնեսն արա, բայց չես կարող անտեսել, որ պատերազմը մերն է, մենք էլ պատերազմինը։ Ինչպե՞ս կարող ես այդպես ապրել, որ երեխադ ի վերջո քեզնից հիասթափվի։
Ես, լինելով այս երկրի զավակը, ունեցա այդ հիասթափությունը․․․ Ապրիլյանի ժամանակ հարցը հանգիստ չէր տալիս՝ ո՜նց եղավ՝ թշվառացանք մի վայրկյանում․․․ Եթե չես կարող մարդուն պատրաստել այնպես, որ իրեն թշվառ չզգա, գոնե ասա, որ ընկար այդ իրավիճակի մեջ, թշվառ ես լինելու, ես քեզ տեր չեմ լինելու, ինձ վրա հույս չդնես։
Գրքերը, կինոները, պատերազմի մասին երգերը սուտ են․ այսինքն դրանք աշխատում են մի շատ փոքր, մասնավոր դեպքում․ Պողոս Պողոսյանի եւ Մարտիրոս Մարտիրոսյանի հարաբերությունում գուցե, բայց Պողոս Պողոսյան եւ աշխարհ, Պողոս Պողոսյան եւ երկիր, Պողոս Պողոսյան եւ քաղաք ու այլ նմանատիպ հարաբերություններում չեն կարող աշխատել․․․
Ղարաբաղում արդեն այս մտածումները բթացել են, մարդիկ ուղղակի իմունիտետ են ձեռք բերել․ ասում են՝ խաղաղություն լինի, ով ուզում է թող նախագահ լինի, ով ուզում է, թող ղեկավարի, միայն պատերազմ չսկսվի․․․ Որովհետեւ այդ ժամանակ տուն են կորցնում, մարդ են կորցնում, ճակատագիր է փոխվում։ Այստեղ ի՞նչ է լինում․․․ Երեւի տնտեսական փոփոխություններ, այդ մի քանի օրվա լուրերն էլ գուցե նյարդայնացնում են, որոշ մարդիկ սրտնեղում են, բայց կենսական որեւէ փոփոխություն չի կատարվում։
«Զոհերի մասին հեշտ մի՛ խոսիր»
Արեգ- երեկոյան մի ժամի նախագծի ֆիլմի ռեժիսորը ֆիքսում էր տեսախցիկը, մի հարց տալիս ու հեռանում։ Մի գիշեր հարցը հետեւյալը եղավ․ «Ինչու՞ եք անում այս նախագիծը»։ Խոսեցի, խոսեցի, մինչեւ հասա այն պահին, որ հարց հասունացավ․ «պատրա՞ստ ես կրել հետեւանքը, առհասարակ գիտե՞ս՝ հետեւանքը որն է»։
Ապրիլյանի ժամանակ մի հայ (ով 20 տարուց ավելի է՝ ապրում էր Ամերիկայում), ով անընդհատ օգնություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին, զրույցի էր բռնկվել ու խոսում էր պատերազմի մասին։ Ընթացքում այսպիսի արտահայտություն արեց․ «պետք լինի զոհ տալ, զոհ էլ կտանք, միայն այդ հողերը հետ վերցնենք» (Թալիշի մասին էր խոսքը)։ Մինչ այդ պահը որոշել էի ոչինչ չխոսել՝ հաշվի առնելով իմ եւ իր տարիքային տարբերությունը, իրականությունների տարբերությունը, որի մեջ էինք․․․ Բայց այդ «զոհ տալու» արտահայտությունից հետո միջամտեցի, հարցրեցի՝ ինքը տղա ունի, թե չէ․․․ Պատասխանեց, որ, հա՛, երկու տղա ունի։ Ասացի, լավ, եթե տեսականորեն պարզ լիներ, որ տասը զոհի գնով այդ հողերը կարող ենք հետ վերցնել, իր տղաներին կուղարկեր արդյոք, որ այդ տասից երկուսը լինեին․․․ Սփրթնեց, սառեց․ պատասխանը «ոչ» էր։ «Դե՛ ուրեմն, զոհերի մասին այդպես հեշտ մի՛ խոսիր»․ այսպես ավարտվեց զրույցը։
Հա՜, հա՛րց չկա, մենք խոսում ենք պատերազմի մասին, մեծ-մեծ արտահայտություններ ենք անում, բայց, եթե գնում ես պատերազմ, պիտի պատրաստ լինես հետեւանքին։ Գնացիր, ուրեմն իմացիր՝ սնարյադը կխփի, իմացիր, որ ոտքդ գուցե կտրվի, աչքդ վնասվի․․․ Պատկերացնո՞ւմ ես ամենը, ուրեմն գնա այդ պատերազմին, ցա՛վդ էլ տանեմ, բայց ախր չես կարող նստել Կասկադում, լատտե խմել ու ասել, թե ինչ է, ոնց է պատերազմը, ինչ կարելի է անել կամ չանել։
Հասկանու՞մ ես՝ ինչ եմ ասում․ չեմ հարցնում՝ ինչու ենք գնում․․․ Հա, պետք լինի, նորից կգնանք, բայց դա այդպես հեշտ խոսելու թեմա չի, այդքան հեշտ չես կարող խոսել զոհերի մասին․ զոհը թիվ չի․ պիտի անուն-ազգանունով լինի, հեր ու մեր ունենա, սիրած խաղալիք ունենա․․․ Երբ ասում ես՝ զոհ, պիտի հասկանաս, որ այսինչ այսինչյանն էր, ու հիմա իր երեխան որբ է մնացել, ծնողները՝ անզավակ։
Հարցադրում կարո՞ղ ենք չէ անել, ասել՝ ոնց եղավ, ինչ արեցին անգլիացիները, որ ֆրանսիացիաների հետ էլ չպատերազմեցին, մենք որտեղ ենք սխալվում, ինչու է այսպես։
Չգիտեմ․․․ Գուցե ողջ ազգով պիտի մարզվենք, ոչ թե ռուս գրականություն կարդանք կամ բարձր տեխնոլոգիաների տիրապետենք․․․ Կամ գուցե բոլորս շատ լավ դաշնակահարներ պիտի դառնանք, Մոցարտ նվագենք, Վիեննայից էլ զորք ուղարկեն, ասեն՝ ձեռք չտաք այս մարդկանց․ իրենք Մոցարտ ամենալավն են նվագում։
«Օբյեկտ-հետեւանքը՝ «լատտե» խմողի տան դիմաց»
Էդիկ- օբյեկտ-հետեւանքը այնտեղից բերում ու դնում ենք այդ «լատտե խմողի» տան դիմաց, ասում ենք՝ տես, սա Թալիշում ապրող մեկի դարպասն է եղել, դպրոցի տանիքի կտորն է եղել։ Երբ ես ինքս տեղում հագա վնասված մետաղը, իմ աչքով տեսա մեզ ուղեկցող զինվորականի չոր կերպարը, չոր պատկերացումն ու չոր խոսքը փլվեց․ ես հուզվում էի, ինքն էլ էր հուզվում․․․ Ուրեմն ո՞նց կարող ես հեշտ խոսել դրա մասին։
«Արվարձանից կենտրոն»
Էդիկ- գիտե՞ս, Անուշ, երբ քաղաքը ցույց են տալիս կենտրոնով, օրինակ Հյուսիսային պողոտայով, ամենամեծ սխալներից մեկն է կատարվում․ քաղաքն իր արվարձանով, իր ծայրամասով պիտի բացահայտես, այդպես պիտի հասկանաս քաղաքը․․․ Այս իմաստով ինքնաճանաչման հարցերը լուծելու համար պիտի հայտնվես «արվարձանում», դուրս գաս «կենտրոնից», շփվես հետեւանքի հետ, որ հասկանաս՝ ինչ կստանաս։
Նախագիծն ընդհանուր առմամբ նաեւ այսպիսի մի փորձ է․ դուրս գալով՝ ավելի ներս գնալու հնարավորություն ունես, կենտրոն կհասնես նորից՝ իմանալով պատմությունը, իմանալով քեզ այդ փորձառության մեջ, իմանալով քո տարածքը։
Արեգ- հա՜, Էդիկի ասածի մեջ շատ կարեւոր բան կա։ Պատկերացրու գլանաձեւ մի կառույց, որին մենք անընդհատ կողքից կամ վերեւից ենք նայում՝ անտեսելով միջուկը․․․ Բայց պիտի այդ գլանը մեջտեղից կտրվի, բացվի, ցուցադրվի շերտերը, իմանաս՝ որի հետ ես ուզում հարաբերվել, տեսնես ներսում իրականը։
Այս շերտին ուզու՞մ ես բան բերել, բե՛ր, ուզու՞մ ես տանել մի այլ շերտից, տա՛ր, բայց իմացի՛ր, որ սա է արժեքդ, սա է երկիրդ, սա է ժողովուրդդ։ Այսինքն քո լինելու ու եղելության մասին ամբողջական պատկեր պիտի ունենաս․․․
«Պայքարողի «թեթեւ» ապրելաձեւը»
Արեգ- կարեւորը փաստն է․ ուզում ես՝ քաղաքական տեսանկյունից նայի, ուզում ես՝ «տաբուրետկային» նստած դիրքիցդ․․․ Բայց արի՛ մտածենք՝ ինչ անենք, որ էլ չկրկնվի, կամ, եթե եղավ, ինչ անենք, որ արժանապատիվ տանենք, վատ չզգանք, վիրավորված չզգանք մեզ հետ կատարվածից։ Փռշտալու պես լինի էլի․․․ Փռշտալուց չե՞ս վիրավորվում չէ քեզնից․․․ Այսինքն անտրամաբանական, ախմախ բաների հետեւից չես ընկնում, գիտես, որ փռշտալը հիվանդանալու ազդակ է, մրսածության հետեւանք։ Գիտես՝ ինչ անես, որ կանխես։
Էդիկ- հիշու՞մ ես, որ «Էլեկտրիկ Երեւանի» ժամանակ բողոքում էին, թե ոնց կարելի է ջրցանով մարդուն հեռացնել փողոցից․․․ Բայց հարց է առաջանում, եթե դու արդեն պայքարի մաս ես, դուրս ես եկել փողոց, ո՞նց կարող են քեզ չհակազդել․ փաղաքշելո՞վ են հանելու փողոցից․․․ Բացառված բան է։
Պայքարը ամենագեշ, ամենածանր առօրյա աշխատանքն է, որ «թեթեւ տանել» չի սիրում։ Պայքարողը չի կարող «թեթեւ» ապրել։ Արեգը Ապրիլյանից հանգիստ չունի, անընդհատ է պայքարն իր մեջ։ Այս ամենը հաշվի առնելով է, որ նախագիծը ընթացքում գնալով ծանրանում է եւ՛ բովանդակային, եւ՛ աշխատանքային տեսանկյունից։
Արեգ- չես կարող հետեւանքի մասին բաց ու ուղիղ խոսել, երբ այդ «հետեւանքը», վիրավորված, կույր, անօգնական, դեռ նստած է իր տանը։ Դժվարը սա է, բայց պիտի ձեւը գտնել, հակառակ դեպքում սուտ պատմությունը սուտ է ձեւավորում, չի փոխվում մեր վերաբերմունքը, մեր պատասխանատվությունը, հարաբերվելու մեր ձեւը։
Հ․Գ․ Նախագիծն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ` «Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման եւ հանրային մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Ինթերնեյշնլ ալերթ»-ի (International Alert), Հայաստանում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ Հայաստան), Ադրբեջանում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ Ադրբեջան) կողմից՝ Վրաստանում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ Վրաստան) միջոցով:
«Հետեւանքը՝ արտեֆակտ» նախագծի իրականացնողներ՝ Էդիկ Պողոսյան (Հայաստան), Արեգ Բալայան (ԼՂ)։ Նախագծի թիմը՝ Հրայր Սարգսյան (ռեժիսոր, օպերատոր), Ազատ Ադամյան (լոգիստիկայի պատասխանատու, օգնական), Արմեն Խաչատրյան (ձայնային օպերատոր), Կարապետ Բալայան (ձայնային օպերատոր)։
Նախագծի ընթացքը ներկայացնող լուսանկարները եւ տեսանյութը՝ «Հետեւանքը՝ արտեֆակտ» նախագծի ֆեյսբուքյան պաշտոնական էջից, մյուս լուսանկարները՝ զրույցի ընթացքից։
Ծանոթություն*
Արտեֆակտ՝ մարդու ստեղծած օբյեկտը, որը սովորաբար մշակութային կամ պատմական հետաքրքրություն է ներկայացնում: Արտեֆակտ՝ մի բան, որը դիտարկվում է փորձարարության կամ հետազոտության մեջ, մի բան, որը որ բնության մեջ կբացակայեր, եթե չլիներ նախնական կամ հետեւանքային ընթացքի արդյունք: Ծագումը՝ լատիներեն arte եւ factum արմատներից (արտեֆակտ բառի անգլերեն նշանակությունը՝ ըստ «Օքսֆորդի» բառարանի)։