Սոցիալ-էկոլոգիական քաղաքականության մշակումը Լոռու մարզի հանքարդյունաբերության ազդակիր համայնքներում ակտիվ փուլում է
Նյութն առաջին անգամ հրապարակվել է ԷԿՈԼՈՒՐ-ի կայքում։ Հասանելի է այստեղ։
Լոռու մարզի Ախթալա և Օձուն համայնքներում «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից Շամլուղի պղնձի հանքի և «Մուլտի գրուպ կոնցերն» ՍՊԸ-ի կողմից Մղարթի ոսկու հանքի շահագործումը հանգեցրել է այդ տարածքների քիմիական աղտոտմանը և տեղի բնակիչների՝ առողջության և առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքների խախտմանը:
Այս համայնքների համար Սոցիալ-էկոլոգիական քաղաքականության մշակումը հնարավորություն կտա հետազոտել, դուրս բերել էկոլոգիական ռիսկերի նվազեցման և կայուն զարգացման ուղի, «կանաչ» տնտեսութուն ունենալու ուղիներ: «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում այս հարցերը քննարկվեցին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից խոշորացված Ախթալա և Օձուն համայնքների Մեծ Այրում, Ճոճկան, Շամլուղ և Մղարթ բնակավայրերում անցկացված հանդիպումների ընթացքում: Քննարկմանը մասնակցում էին տեղական ինքնակառավարման մարմիններ (ՏԻՄ) և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, տեղի բնակիչներ:
Բնակիչները հաստատեցին, որ Սոցիալ-էկոլոգիական քաղաքականության մշակումն իրենց համայնքի հետագա զարգացման բանալին կարող է դառնալ և կարևորեցին այդ գործընթացում տեղացիների ու ակտիվ հասարակության մասնակցությունը։
Հանդիպումների ընթացքում նշվեց համայնքներում սոցիալ-էկոլոգիականքաղաքականության բացակայության խնդիրը: Այսպիսի քաղաքականությունը կարող է նպաստել համայնքային զարգացման մասնակցային կառավարմանը, բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բարձրացմանն ու ֆինանսական մուտքերի նպատակային օգտագործմանը։ Նշվեց, որ այդ քաղաքականությունը չի կարող խանգարել ներդրումների գործընթացին, հակառակը՝ կարող է նպաստել համայնքի՝ նոր, ավելի լավ ու անվտանգ զարգացմանը:
Հանդիպման մասնակիցները նշեցին, որ իրենց համայնքներում այդ քաղաքականության պիլոտային ներդրումը կարող է օրինակ ծառայել Հայաստանի մյուս խնդրային համայնքների համար:
ՏԻՄ ներկայացուցիչներն ու համայնքի բնակիչները պայմանավորվեցին ՝ քաղաքականության մշակման գործընթացը սկսելու նպատակով նոր քննարկումներ անցկացնել: