Երիտասարդ ստեղծագործողների «Հեռանկարը»
Հունիսի 25-ից սկսած չորս օր շարունակ «Մոսկվա» կինոթատրոնն այցելուներին դիմավորում էր ամառվա վառ ներկապնակով: «Ունիսոն» ՀԿ կերպարվեստի ստուդիայի սաների աշխատանքների՝ «Հեռանկար» խորագրով ցուցահանդեսն էր: Կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանն ասում է, որ անվանումը խորհրդանշական է, քանի որ ստուդիա հաճախող՝ հաշմանդամություն ունեցող երիտասարդները պարապմունքների արդյունքում սկսում են վստահել իրենց ստեղծագործական հնարավորություններին և հավատալ երազանքների ու նպատակների իրականացմանը:
«Սկզբում ստուդիան փոքր էր, երկու-երեք սան ուներ, հիմա ավելի հաճելի խնդրի ենք բախվում. ստուդիա հաճախողների թիվն այնքն է աճել, որ երբեմն ստիպված ենք լինում խմբերի բաժանել»,- ասում է Արմեն Ալավերդյանը:
Ցուցահանդեսում ներկայացված՝ վերջին մեկ տարվա ընթացքում արված մոտ 70 նկարները սաների աշխատանքների մի մասն են միայն: «Ունիսոնի» կերպարվեստի ստուդիայի ղեկավար Անուշ Մելքումյանն ասում է, որ նախկինում ստուդիայի սաների ստեղծագործությունները տարբեր ցուցահանդեսների են մասնակցել, ու արդեն հասունացել էր առանձին ցուցահանդես կազմակերպելու պահը:
«Սաների մոտ մեծ աճ էի նկատում: Երբ մեկ ամիս առաջ նրանց հետ կիսվեցի այս գաղափարով, ոգևորությունից սկսել էին օրերը հաշվել: Ավելի մեծ եռանդով ու ոգևորությամբ էին աշխատում, ուզում էին հնարավորինս լավ ներկայանալ միջոցառմանը»,- ասում է Անուշ Մելքումյանը:
Նախաձեռնությունն աջակցություն ստացավ ՀՀ քաղաքաշինության նախարարության, «Մոսկվա» կինոթատրոնի և «Փարոս» հիմնադրամի կողմից:
«Ցուցահաանդեսի վայրը պատահական չէր ընտրված. Մոսկվա կինոթատրոնում նման միջոցառում իրականացնելը հնարավորություն է տալիս բոլորին` առանց բացառության, գալ ու մասնակցել դրան: Այստեղ սայլակից օգտվողների համար հատուկ վերելակ ու թեքահարթակներ են կառուցվել»,- ասում է «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանն ու ավելացնում, որ դրանով կոտրվում է կարծրատիպը, թե իբր սովետական հին շենքերը չեն կարող հարմարեցվել հաշմանդամություն ունեցող անձանց: Ցուցահանդեսն ինքնին կարծրատիպեր կոտրելու նպատակ ուներ: