
Անվճար փորձագիտական խորհրդատվության գործողության մեկնարկ
Աղբյուրը՝ www.civilsociety.am
Ուրախ ենք տեղեկացնել, որ մեկնարկել է անվճար փորձագիտական խորհրդատվության գործողությունը, որն իրականացվում է “STRONG CSOs” ծրագրի արտաքին կարողությունների զարգացման փաթեթի շրջանակներում:
Ս/թ մարտի 2-ին կայացավ անվճար փորձագիտական խորհրդատվության գործողության ներքո առաջին հանդիպումը: Հանդիպման և խորհրդատվության թեման հաղորդակցությունն ու տեսանելիությունն էր, իսկ փորձագիտական խորհրդատվությունը տրամադրեց Եվրասիա համագործակցության հիմնադրամի ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը: Հանդիպման ընթացքում փորձագետը մասնակիցներին ներկայացրեց հաղորդակցության տեսակները, խորհուրդներ տվեց, թե ինչպես կարելի է արդյունավետորեն օգտագործել հաղորդակցության տարբեր գործիքները և կապուղիները, ինչպես նաև տրամադրեց հաղորդակցության վերաբերյալ անհատական խորհրդատվություն յուրաքանչյուր ՔՀԿ-ին: Մասնակիցների կողմից այս գործողությունը գնահատվեց որպես շատ ողջունելի և կարևոր նախաձեռնություն: ՀՌԿԿ-Հայաստան կազմակերպության հաղորդակցության ղեկավար և միջոցառումների պատասխանատու Նարինե Իշխանյանը նշեց. «Այս գործողության շնորհիվ մենք ստացանք գործնական գիտելիքներ, որոնք կարող ենք կիրառել աշխատանքի վերադառնալուն պես: Բացի այդ, սա շատ լավ հնարավորություն է մեր գործընկերներ կազմակերպությունների հաղորդակցության մակարդակին ծանոթանալու և միմյանց լավագույն փորձի կամ սխալների վրա սովորելու տեսանկյունից»: «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնի նախագահ Ղարիբ Հարությունյանն էլ իր հերթին նշեց, որ փորձագետի կողմից տրված գործնական խորհուրդները հետագայում օգտագործելով` ՔՀԿ-ները կարող են ավելի արդյունավետ աշխատել հաղորդակցության ոլորտում: