To What Extent Energy Policy Run By Armenia MEets Opportunities and Needs of Population In Armenia?
Աղբյուրը՝ www.ecolur.org
ԷկոԼուր
Որքանո՞վ է Հայաստանի վարած էներգետիկ քաղաքականությունը համապատասխանում երկրի բնակչության հնարավորություններին և կարիքներին: Այս հարցը քննարկվեց Գեղարքունիքում Մարտունի քաղաքի, Լիճք և Գեղհովիտ համայնքների բնակիչների հետ ԷկոԼուրի թիմի հանդիպման ժամանակ:
Խոսում է Գեղարքունիքը
Անահիտ Գևորգյան, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ. «Բնակչության 70 տոկոսը օգտագործում է վառելափայտ, քանի որի գազի և էլեկտրաէներգիայի սակագները շատ բարձր են: Այդ սակագները ոչ մի բանի չեն համապատասխանում: Մեկ սենյակում հավաքված փայտի վառարան դնելն ու քնելը ջեռուցում չէ: Եթե այդ նույն ընտանիքն իր ամբողջ տունը տաքացնի, ոչ թե 10, այլ 110 խմ փայտ պիտի վառի: Որպես վառելանյութ օգտագործում են նաև աթարը, որը ստանում են գոմաղբից: Գիշերը վառարանը հանգցնում են, փայտը խնայում են, փաթաթում են ոտքերը: Իրավիճակը սա է: Բանաստեղծություն կա՝ կարելի է չմահանալ, ոչ թե ապրել: Դա ոչ թե ջեռուցել, վայելել է, այլ ուղղակի ցրտից չմահանալ: Եթե մենք վառենք գազ, կոնկրետ իմ ընտանիքը, որպեսզի նորմալ խոհանոցից գնանք բաղնիք, բաղնիքից ննջասենյակ, ննջասենյակից ճաշասենյակ, մենք 200 հազար դրամի գազ պետք է վառենք: Դե արի ու հաշվի, դա ո՞ր սակագնի մեջ է մտնում: Այդքան եկամուտ մտնո՞ւմ է մեր ընտանիք, որ մենք կարողանանք գազի համար վճարենք, նորմալ ապրենք»:
Գեղհովիտ համայնքի բնակչուհի. «Մեր համայնքի 90 տոկոսը գազաֆիկացված է, բայց տունը փայտով ենք ջեռուցում: 6 ամսվա համար մոտ 200 հազար դրամի փայտ ենք առնում»:
Լիճքի բնակիչ, «Սիրվան» հասարակական կազմակերպության նախագահ Համլետ Հակոբյան. «Մեր համայնքը հիմնականում գազաֆիկացված է, բաքսիներ են օգտագործում, բայց այս տարի կաթսաներ են բերել Ռուսաստանից և ուզում են փոխել, փայտի վառարաններ տեղադրել, որովհետև փայտ վառելն ավելի շահավետ է: Դրան նաև գումարած աթար են վառում: Մի ամբողջ մեքենա աթար կարող են գնել, փայտի հետ ջեռուցել, որովհետև որոշակի խնայողություն է տալիս: Մեր համայնքում կա 3-4 ֆերմերային տնտեսություն, որոնք վաճառում են աթարը, չորացնում են, վառելանյութ է դառնում: Մեկ մեքենան մոտ 50.000 դրամ արժե»:
Մարտունի քաղաքի բնակչուհի. «Ամբողջ Մարտունի համայնքը 8 ամիս փայտ է վառում, մինչև մայիսի վերջ: Լինում է՝ մինչև հունիս: Այս տարի հունիսի 15-ին նոր ենք վառարանները հանել: Մարդիկ փայտի վառարանը դնում են, մեկ կամ երկու սենյակ են ջեռուցում»:
Մարտունի քաղաքի բնակչուհի. «Անապահով ընտանիքները վառելափայտը ոչ թե առնում են, այլ ամբողջ ամառ անտառներից հավաքում չոր փայտերը: 10-15 հազար դրամ է ծախսում աղքատ ընտանիքը ամսական գազի, էլեկտրաէներգիայի ու փայտի համար ձմռանը: Անապահով ընտանիքի ճաշն էլ է փայտի, գոմաղբի վառարանի վրա, լողանալու տաք ջուրն էլ, ամեն ինչն էլ»:
Անահիտ Գևորգյան, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ. «Մեր բնական ռեսուրսներն օգտագործում են ՀԷԿ-երի համար, բայց Սևանի ափին ապրող մարդկանց համար էլեկտրաէներգիան գոնե մեկ լումայով պակաս չեն հաշվում...Մենք Արարատյան հարթավայր չենք, որ մեր դաշտերը երեք անգամ բերք տան: Մենք այստեղ ենք այս ջրի, ձկան համար: Արգիճի գետի վրա կառուցված ՀԷԿ-ը 5 անգամ պայթեց, 5 անգամ ողողեց բոլորի հողատարածքները, կարտոֆիլի դաշտերն ու ցորենը»:
238,000 բնակչություն ունեցող Գեղարքունիքի մարզը սակավանտառ է: Մարզի համայնքները չունեն անտառամերձ համայնքների արտոնությունները՝ անվճար ձեռքբերելու 8 խմ թափուկ: Դրա հետ մեկտեղ մարզում բնակլիմայական խիստ պայմաններ են. ձմեռը տևում է մինչև 8 ամիս: Մարդիկ ստիպված են ջեռուցել տներն այլ մարզերից բերված վճարովի վառելափայտով: Նրանք չեն կարող օգտվել մարզում առկա հարուստ ջրային ռեսուրսների առավելություններից էլեկտրաէներգիա ստանալու և օգտագործելու համար: Սևանա լճի ջուրն օգտագործում են Սևան-Հրազդան կասկադի 7 ՀԷԿ-երը: Սևանա լիճ թափվող գետերի հիդրո ռեսուրսը օգտագործում են փոքր ՀԷԿ-երը: Արտադրված ողջ էլեկտրաէներգիան գնվում է մենաշնորհատեր «Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից, որը սահմանած սակագնով այն վաճառում է բնակիչներին: Գազի բարձր սակագին թելադրում է նույնպես մենաշնորհատեր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն: Այս երկու մենաշնորհատեր ընկերությունների սակագնային քաղաքականությունը չի համապատասխանում բնակչության հնարավորություններին և սոցիալական լարվածություն է առաջացնում հատկապես աղքատ համայնքներում:
Գեղարքունիքի մարզն ունի 5 քաղաքային, 87 գյուղական համայնք: Զբաղվածության առաջին տեղերում են գյուղատնտեսությունն ու ձկնորսությունը: