Աշխատաժողով «Աջակցություն Հայաստանի Հանրապետության սոցիալական ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում
«Աջակցություն Հայաստանի Հանրապետության սոցիալական ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում հունիսի 25-ին տեղի ունեցավ երկու մասից բաղկացած աշխատաժողով: Առաջին մասում անդրադարձ կատարվեց ՀՀ-ում երեխաների իրավունքների գործող համակարգի բարեփոխումներին:
Աշխատաժողովի մասնակից քաղաքացիական հասարակության անդամներին ներկայացվեց Հայաստանում գործող՝ երեխաների պաշտպանության եռաստիճան համակարգը, խոսվեց այն մասին, թե ինչ դերակատարություն ունեն երեխաների հարցերով զբաղվող ՀԿ-ները, ինչ բացթողումներ ու խնդիրներ կան ոլորտում, ինչ աջակցություն է ցուցաբերվելու այս բարեփոխումներին:
Աշխատաժողովի երկրորդ մասում քննարկվեց ՔՀԿ օրենսդրական միջավայրի բարելավման գործում առաջընթացը, շրջանառվող օրենքի նախագծի ընձեռած հնարավորություններն ու հնարավոր սահմանափակումները: Քննարկմանը ներկա հասարակական կազմակերպությունները նշեցին իրենց կոնկրետ առաջարկները՝ ուղղված ՔՀԿ գործուներությունը կարգավորող օրենսդրական միջավայրի խոչընդոտների վերացմանը:
2014 թվականի դեկտեմբերին Երևանում և ՀՀ 8 մարզերում մեկնարկել է «Աջակցություն Հայաստանի Հանրապետության սոցիալական ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը: Այն իրականացնում է «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի, «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, Մանկական զարգացման հիմնադրամի և Քաունթերփարթ ինթերնեշնլի կողմից ստեղծված կոնսորցիումը Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ:
Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում սոցիալական ոլորտի բարեփոխումների գործընթացին, աջակցել բարելավված և կայուն սոցիալական պաշտպանության համակարգի կայացմանը: Կոնսորցիումն աշխատում է ինչպես քաղաքացիական հասարակության, այնպես էլ անհատ քաղաքացիների հետ՝ իրազեկելով, ուժեղացնելով վերջիններիս կարողությունները, այդպիսով նրանց էլ ներգրավելով սոցիալական քաղաքականության բարեփոխումների գործընթացում:
Նախատեսված է, որ ծրագիրն աշխատելու է 29 քաղաքային համայքներում: 17 համայնքներում ձևավորվելու են քաղաքացիական նախաձեռնության խմբեր, որոնք էլ կկազմեն հիմնական կորիզը: Կլինի համագործակցություն տեղական ինքնակառավարման մարմինների, ծառայություններ մատուցող հիմնական դերակատարների, սոցիալական ոլորտի բարեփոխումներին աջակցող և այդ գործընթացում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Ծրագրի շրջանակում կհայտարարվեն փոքր դրամաշնորհներ, որոնց արժանացած հասարակական կազմակերպությունների հետ նույնպես համագործակցություն կհաստատվի:
Ծրագրի չորս հենասյուներն են իրազեկումը, կարողությունների զարգացումը, մշտադիտարկման գործընթացն ու ձևավորված շահերի պաշտպանությունը: Այն հիմնականում հարում է սոցիալական ոլորտի երեք բարեփոխումներին՝ ինտեգրացված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում, կենսաթոշակային բարեփոխումներ, երեխաների իրավունքների պաշտպանության դաշտ: