Երևանի մամուլի ակումբը նշեց գործունեության 20 ամյակը
Այս տարի լրացավ Երևանի մամուլի ակումբի հիմնադրման հոբելյանական 20 տարին, որի առիթով հուլիսի 18-ին անցկացվեց ԵՄԱ ամենամյա մրցանակների հանձնման արարողությունը: 1998 թ-ից ի վեր ԵՄԱ մրցանակներ են շնորհվում Հայաստանի լավագույն լրագրողներին, ԶԼՄ-ներին ու մեդիա կազմակերպություններին: Միջոցառման ընթացքում Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ լրատվական դաշտում աշխատող լրագրողները մեծ դերակատարություն ունեն հանրության հասունացման գործում: «Վերջին երկու տարիները բավականին լարված էին լրագրողների համար՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական մարտահրավերները, որոնք չեն կարող չազդել մեր մասնագիտական ոլորտի վրա: Այսօր լրատվական դաշտում ամենահիմնական խնդիրը ներքին և արտաքին քաղաքական հարցերի լուսաբանման ժամանակ, ինչպես նաև մեր երկրի զարգացման ուղիներում քարոզչությունը լրագրությունից տարբերակելն է», - ասաց Բորիս Նավասարդյանը:
2005 թվականից սկսած կյանքից անժամանակ հեռացած գործընկերների հիշատակին, ԵՄԱ-ն սահմանել է նաեւ անվանական մրցանակներ։ Հրապարակախոս Վալերի Այդինյանի անվան մրցանակ ստացավ գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը՝ Lragir.am կայքի «Կիրակնօրյա նոթեր» հրապարակախոսական շարքի համար:
Լրագրող Տիգրան Նաղդալյանի անվան մրցանակին արժանացավ «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը։
2015թ. հունիսի #ElectricYerevan-ի ամենատպավորիչ լուսանկարի համար «Ֆոտոլուրի» թղթակից Վահրամ Բաղդասարյանը արժանացավ ԵՄԱ հիմնադիր անդամ, ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանի անվան մրցանակին:
Մարզաշխարհի հանդեպ թարմ հայացքի եւ բազմակողմանի մոտեցման համար մարզական լրագրող Վերա Մարտիրոսյանը արժանացավ Արմեն Նիկողոսյանի անվան մրցանակին։
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում ՏԻՄ բարեփոխումների թեման լավագույնս լուսաբանելու համար Համայնքների ֆինանսիստների միավորման եւ Երեւանի մամուլի ակումբի մրցանակին արժանացավ «Հետք» առցանց թերթի լրագրող Սառա Պետրոսյանը:
Հանրային կարեւորություն ունեցող խնդիրները ֆիլմերում եւ սոցիալական գովազդի ժանրում լավագույնս ներկայացնելու համար մրցանակի արժանացավ «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի» նախագահ Արզուման Հարությունյանը։
Մրցանակներ հանձնվեցին լրագրության ոլոտում մեծ ավանդ ունեցող այլ անձանց և կազմակերպությունների:
Միջոցառման ավարտին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը ոսկե մեդալ շնորհեց ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանին: