«Մարդու իրավունքների խախտումների փաստագրություն» երկօրյա դասընթաց
Մարդու իրավունքների խախտումների փաստագրության ուսուցում
25-26 Մարտ, 2017
Երևան
Հյուման Ռայթս Հաուս Երևանը կազմակերպում է «Մարդու իրավունքների խախտումների փաստագրություն» երկօրյա դասընթացը՝ Հայաստանի իրավապաշտպանների համար:
Վերջին տարիները Հայաստանում նշանավորվել են հավաքների և արտահայտման ազատության խախտումներով և հանրահավաքների ցրման ժամանակ իրավապահ մարմինների կողմից անհամաչափ ուժի կիրառմամբ։
Դասընթացի նպատակն է պրակտիկ հմտություններ ուսուցանել իրավապաշտպաններին՝ փաստագրելու մարդու իրավունքների խախտումները՝ կապված հանրահավաքների և արտահայտման ազատության իրականացման հետ։
Դասընթացը կազմակերպվում է Հյուման Ռայթս Հաուս Ֆաունդեյշն (Human Rights House Foundation) միջազգային իրավապաշտպան կազմակերպության ֆինանսական աջակցությամբ՝ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության դրամաշնորհով։
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Հյուման Ռայթս Հաուս Երևանը տեղական անկախ ՀԿ-ների միություն է, որոնք միավորում են իրենց ջանքերը Հայաստանում իրավապաշտպանների պաշտպանության, աջակցության և հզորացման համար։ Հյուման Ռայթս Հաուս Երևանի անդամ կազմակերպություններն են՝
- Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
- Իրական աշխարհ, իրական մարդիկ
- Իրավունքի գերակայություն
- Կանանց ռեսուրսային կենտրոն
- Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք (ՓԻՆՔ Արմենիա)
- Հելսինկյան ասոցիացիա
- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
- Սոցիոսկոպ ՀԿ
Հյուման Ռայթս Հաուս Երևանը գրանցվել է 2014-ին: Մինչ այդ գործել է իբրև նախաձեռնություն, իսկ 2012-ից ՀՌՀ Ցանցի անդամ է։
Հյուման Ռայթս Հաուս Ֆաունդեյշնը ՀՌՀ Ցանցի քարտուղարությունն է։ Այն իրավապաշտպանների համայնք է, ովքեր աշխատում են ավելի քան 100 անկախ կազմակերպությունների համար՝ հիմնականում Արևելյան Եվրոպայի և Բալկանների մարդու իրավունքների 16 տներում։ Հզորացնելով, աջակցելով և պաշտպանելով իրավապաշտպաններին՝ Ցանցի անդամները միավորում են իրենց ձայները՝ խթանելով հավաքների, միավորումների և արտահայտման համընդհանուր ազատությունները և իրավապաշտպան լինելու իրավունքը։ Հյուման Ռայթս Հաուս Ֆաունդեյշնը՝ ՀՌՀ Ցանցի քարտուղարությունը, հիմնվել է Օսլոյում և Ժնևում և ունի ներկայացուցչություններ Թբիլիսիում և Բրյուսելում։
ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐ
Դասընթացավարները ՀՌՀ Զագրեբի, ՀՌՀ Բելգրադի, ՀՌՀ Բելառուսի, ՀՌՀ Չերնիհիվի, ՀՌՀ Ցանցի ջատագովության ծրագրում միջազգային իրավունքի և Ուկրաինայի Human Rights Vector ՀԿ-ի փորձագետներն են, ովքեր մասնագիտացած են տարբեր համատեքստերում իրավախախտումների փաստագրության և իրավապաշտպանների համար փաստագրության էթիկական սկզբունքների հարցերում։
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԹԵՄԱՆԵՐ
Դասընթացի հիմնական թեմաներն են՝
- Իրավախախտումների փաստագրման էթիկական երկընտրանքները և սկզբունքները հավաքների և արտահայտման ազատության իրավունքի իրականացման և զինված կոնֆլիկտի ժամանակ;
- Ոստիկանական բռնության ենթարկված զոհերից փաստերի հավաքագրումը (մեթոդներ, հարցերի տեսակներ, վիզուալ փաստագրություն);
- Ընթացիկ հանրահավաքի փաստագրություն (անվտանգություն, լեզու, վիզուալ փաստագրություն);
- Զինված կոնֆլիկտի համատեքստում իրավախախտումների փաստագրության առանձնահատկությունները։
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԼԵԶՈՒ
Անգլերեն և ռուսերեն՝ համաժամանակյա թարգմանությամբ:
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՎԱՅՐ
Դասընթացի անցկացման վայրի մասին տեղեկատվությունը կտրվի ավելի ուշ։
ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ ԵՎ ԻՆՉՊԵՍ
Դասընթացը բաց է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների իրավապաշտպանների համար, ում գործունեությունն ուղղված է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդու իրավունքների մոնիթորինգին և մարդու իրավունքների ջատագովությանը:
Դասընթացը լինելու է ինտերակտիվ և միտված է փաստագրության պրակտիկ գիտելիքների ուսուցմանը: Հետևաբար, առաջնայնությունը կտրվի այն իրավապաշտպանների մասնակցությանը, ովքեր՝
- Պլանավորում են զբաղվել հանրահավաքների ժամանակ և/կամ դրանցից հետո իրավախախտումների փաստագրությամբ;
- Պլանավորում են փաստագրության հիման վրա պատրաստել հաշվետվություններ, որոնք ուղղված կլինեն հանրության, պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, լրատվամիջոցների իրազեկման բարձրացմանը, վիճարկել գործերը Հայաստանում կամ միջազգային ատյաններում:
Դասընթացին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հակիրճ ինքնակենսագրականը (CV)` հայերեն, անգլերեն կամ ռուսերեն, ինչպես նաև մոտիվացիոն նամակը (հայերեն, անգլերեն կամ ռուսերեն՝ ոչ ավել, քան 150 բառ) [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Մասնակցության հայտ» ձևակերպումը:
ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ԼԻԱՐԺԵՔ ԵՐԿՕՐՅԱ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է: Սնունդը հոգում են կազմակերպիչները։ Մասնակիցները պետք է վարժ տիրապետեն կա՛մ անգլերենի, կա՛մ ռուսերենի։
Դասընթացին դիմելու վերջնաժամկետն է մարտի 22-ը, ժամը՝ 23:59: Վերջնաժամկետից ուշ ուղարկված հայտերը չեն դիտարկվելու: