Հանրային քաղաքականության հետազոտությունների անհատական դրամաշնորհների մրցույթ
Աղբյուր՝ Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստանի կայքէջ
Հայաստանի զարգացման հրամայականը ներառում է հետևյալ գերակա ոլորտների ու խնդիրների նորովի գնահատում և, դրանից ելնելով, բարեփոխումների իրականացման նոր մոտեցումներ և առաջարկներ։ Այդ ոլորտներն ու խնդիրները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալներով՝
▪ Արտաքին քաղաքականության ենթատեքստում՝ միջազգային մշտադիտարկման և անվտանգության երաշխավորման վերաբերյալ իրավական դաշտի ու գործունեության արդյունավետ ապահովումը, պետական ինստիտուտների զարգացման ու գործառույթների գնահատումը, միջգերատեսչական հաղորդակցման մեխանիզմների արդյունավետության գնահատումը։
▪ Պետական տարբեր կառույցների միջև հակակշիռների ու փոխզսպումների մեխանիզմների, պետական մարմինների հաշվետվողականության, այլ բարեփոխումների և դրանց գնահատման վերաբերյալ խնդիրներ։
▪ Դատաիրավական բարեփոխումների իրականացման գործընթացը, դատական, քննչական և դատախազության մարմինների, Բարձրագույն դատական խորհրդի, դատավորների անաչառ, անկախ ու արդյունավետ գործունեությանն ուղղված օրենսդրական ու այլ անհրաժեշտ մեխանիզմների ապահովումը։
▪ Մարդու իրավունքների ազգային ռազմավարության իրականացման, սահմանամերձ բնակավայրերում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության, խտրականության ու հիմնարար ազատությունների ենթատեքստում՝ սոցիալական արդարության, արդարադատության մատչելիության, արդար դատավարության ու պետական անվտանգության համատեքստում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ խնդիրներ:
▪ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքների իրականացման ենթատեքստում՝հանրային առողջապահության համակարգի արդյունավետության վերաբերյալ խնդիրներ, աշխատանքի ու սոցիալական հարցերի և այլ նախարարությունների գործունեության արդյունավետությունը և այլ խնդիրներ՝ որպես արձագանք Կովիդ 19-ին և հումանիտար իրավիճակին պատերազմից հետո։
▪ Սոցիալական արդարության, որակյալ կրթության հասանելիության ու մատչելիության, որակի գնահատման և ապահովման, բարեվարքության ու ինստիտուցիոնալ ինքնավարության սկզբունքների ենթատեքստում կրթության համակարգի գործունեության արդյունավետությունը և անհրաժեշտ բարեփոխումները։
▪ Կառավարման հաշվետվողականության, թափանցիկության ու կոռուպցիայի կանխարգելման ենթատեքստում՝ հակակոռուպցիոն բարեփոխումների, հակակոռուպցիոն մարմինների, պետական գնումների համակարգի, միջոցների հայտարարագրման, իրական սեփականատերերի, ապօրինի հարստացման, շահերի բախման, ազդարարի պաշտպանության վերաբերյալ խնդիրները։
▪ Տեղեկատվական անվտանգության ու հասարակության վրա տեխնոլոգիաների ազդեցության ենթատեքստում՝ ապատեղեկատվական ու քարոզչական մեխանիզմների, կողմնակալ խոսույթների հանրային տարածքներ ներթափանցումը, քննադատական մտածողության զարգացման, կեղծ լուրերի ու տեղեկատվական հոսքերի, փաստերի ստուգման մեթոդների բացահայտումը և այլն։
▪ Կլիմայի փոփոխության, վերականգնողական էներգիայի, շրջակա միջավայրի պաշտպանության ու կայուն զարգացման, էներգետիկ անվտանգության ոլորտների վերաբերյալ խնդիրներ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով պայմանավորված գերակայություններից բխող առաջնային ուշադրության արժանի այլ խնդիրներ։
Դիմորդներից ակնկալվում է վերը նշված և այլ ոլորտներում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների շրջանակում կոնկրետ խնդիրների բացահայտում և ձևակերպում, դրանց շուրջ հետազոտության իրականացում, այդ հետազոտության հիման վրա քաղաքականության մշակում, լուծումների առաջարկում և դրանց հանրայնացում:
Հետազոտողներից ակնկալվում է կիրառել պատշաճ մեթոդաբանական գործիքներ և ներկայացնել ապացույցների վրա հիմնված եզրակացություններ ու առաջարկներ:
Ուսումնասիրության արդյունքում ակնկալվում է, որ հետազոտողները ներկայացնեն պարզ, իրագործելի ու թիրախավորված առաջարկներով հանրային քաղաքականության հետազոտության փաստաթուղթ ու վերլուծության համառոտագիր:
Հետազոտողները կստանան անհատական դրամաշնորհներ մինչև $3,500 (ԱՄՆ դոլար) հետազոտության ծախսերը հոգալու նպատակով: Հետազոտական ծրագրերի առավելագույն տևողությունն է չորս ամիս։
Հայտերի ներկայացման ընթացակարգ
Հայտերը ներկայացվում են էլեկտրոնային տեսքով: Դիմորդները պետք է լրացնեն ծրագրի ներկայացման ու գնահատման համար նախատեսված հանրային քաղաքականության հետազոտությունների 2021թ․ հայտի ձևը: Բոլոր դիմորդները կտեղեկացվեն մրցույթի արդյունքների մասին` հայտը ներկայացնելու վերջնաժամկետից վեց շաբաթից սկսած: Առաջին փուլն անցած դիմորդները հնարավոր է հրավիրվեն հարցազրույցի:
Հետաքրքրված անձինք պետք է պարտադիր ներկայացնեն հետազոտության առաջարկների հայտը, համառոտ ինքնակենսագրություն (CV), ինչպես նաև նախկինում իրականացրած հետազոտության նմուշ/ներ կամ դրանց հղումները։ Բոլոր փաստաթղթերը պետք է ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ [email protected] մինչև 2021թ. օգոստոսի 16-ը, ժամը 17։00-ը
Հայտը ուղարկելուց հետո, մինչև երկու աշխատանքային օրերի ընթացքում դիմորդները կստանան հաստատող նամակ հայտի ստացման վերաբերյալ։ Նամակը չստանալու դեպքում, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ: Վերջնաժամկետից հետո ստացված հայտերը չեն դիտարկվում։ Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի քաղաքացիական հասարակության ծրագրի համակարգող Վալենտինա Գևորգյանին՝ [email protected] հասցեով։