Մասնակցության հրավեր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ վերաբացված Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման նպատակների խորհրդին անդամակցելու համար
Աղբյուր՝ ՄԱԿ
Խնդրում ենք հղում կատարել ՀՀ վարչապետի «Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման նպատակների խորհուրդ ստեղծելու մասին» N 479-Ա որոշման հավելվածին՝ հղման և ընտրության ամբողջական ընթացակարգերին ծանոթանալու համար:
Սեղմեք այստեղ N 479-Ա որոշման հավելվածի համար:
Տեղեկություն
Վերահաստատելով իր հավատարմությունը Կայուն զարգացման 2030 օրակարգին և Կայուն զարգացման նպատակներին (այսուհետ` ԿԶՆ)՝ ՀՀ կառավարությունը վերջերս ստեղծել է նոր՝ Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման նպատակների խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ), (Տե՛ս ՀՀ Վարչապետի որոշումն այստեղ) որպես Հայաստանում ՄԱԿ-ի ԿԶՆ-ի ազգայնացման գործընթացի համակարգման և վերահսկման համար գլխավոր մարմին: Ըստ այդմ, խորհրդի խնդիրներն են` սահմանել Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի ԿԶՆ-ի ազգայնացման առաջնահերթությունները և ուղղությունները, դրանք ամրագրել Հայաստանի վերափոխման ռազմավարության (և այլ ազգային զարգացման ռազմավարությունների) մեջ, և մինչև 2030 թվականն ապահովել ԿԶՆ-ների համալիր իրականացման ընթացքի համակարգումը և մշտադիտարկումը:
Հավատարիմ մնալով 2030 օրակարգի «ոչ ոք չպետք է անտեսվի» կարգախոսին՝ քաղաքացիական հասարակությանը ևս հրավիրվում է անդամակցելու ԿԶՆ ազգային խորհրդին և նպաստելու շահագրգիռ կողմերի լայն շրջանակների ավելի ներգրավվածությանը՝ խորհրդի գործունեությանը:
Ինչպես նշված է խորհրդի հիմնադրման մասին որոշման հավելվածում, կայուն զարգացման բնագավառներում գործող հասարակական կազմակերպությունների ղեկավարներին (մեկական տեղ ամեն բնագավառի համար) հատկացվում է յոթ տեղ՝ ըստ գործունեության հետևյալ բնագավառների ՝
- աշխատանքի, զբաղվածության և աղքատության հաղթահարման ոլորտում գործող հասարակական կազմակերպություն,
- կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպություն,
- առողջապահության ոլորտում գործող հասարակական կազմակերպություն,
- շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության ոլորտում գործող հասարակական կազմակերպություն,
- արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպություն,
- արդյունաբերության, առևտրի և նորարարության ոլորտում գործող հասարակական կազմակերպություն,
- ենթակառուցվածքների (էներգետիկայի, ճանապարհների, տրանսպորտի, ջրային ուղղություններից որևէ մեկի) ոլորտում գործող հասարակական կազմակերպություն:
ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Խորհրդի կազմում ներգրավման գործընթացին կարող են մասնակցել այն հասարակական կազմակերպությունները, որոնք համապատասխանում են հետևյալ պահանջներին՝
- գրանցված են Հայաստանի Հանրապետությունում,
- ունեն վերոնշյալ յոթ ոլորտից որևէ մեկում առնվազն երեք տարվա գործունեության փորձ վերջին հինգ տարվա ընթացքում,
- վերոնշյալ ժամանակահատվածում տվյալ ոլորտում իրականացրել են առնվազն երկու ծրագիր :
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (այսուհետ` նախարարություն) և Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի (այսուհետ` գրասենյակ) կողմից համատեղ: Համաձայն վերոնշյալի`
- գրասենյակը ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը, ինչպես նաև դասակարգում է կազմակերպություններին` ըստ թվարկված բնագավառների: Փաստաթղթերի թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում հայտ ներկայացնողը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր), և նրան տրամադրվում է երկու աշխատանքային օր` թերությունները շտկելու համար:
- նախարարությունը կազմակերպում է ընտրական փուլը` սահմանված չափանիշներին համապատասխանող կազմակերպությունների մասնակցությամբ: Ընտրական փուլի հանդիպումները կազմակերպվում են նախարարության շենքում` հրավիրելով յուրաքանչյուր ոլորտով փաստաթղթային փուլն անցած հասարակական կազմակերպություններին։
- նախարարությունը և գրասենյակը երկու տարին մեկ անգամ սույն կարգով սահմանված ընթացակարգով իրականացնում են խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման գործընթացը: Խորհրդի կազմում նույն հասարակական կազմակերպությունը չի կարող երկու անգամ անընդմեջ ներգրավվել նույն ոլորտում:
ՀԱՅՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Բոլոր շահագրգիռ կողմերին խորհուրդ է տրվում ներկայացնել առցանց հայտ` սեղմելով այստեղ, կամ անձամբ` տպելով և լրացնելով այս դիմումը: Խորհրդի կազմում ներգրավման գործընթացին մասնակցելու նպատակով ներկայացված հայտին կից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը`
1) կազմակերպության կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները.
2) տեղեկանք ոլորտում առկա փորձի, դրա տևողության, իրականացրած ծրագրերի և աշխատանքային գործունեության, ֆինանսավորման ծավալների, շահառուների քանակի և գործունեության աշխարհագրության, կատարած հետազոտությունների և պատրաստած զեկույցների վերաբերյալ:
Թեև խորհուրդ ենք տալիս հայտը ներկայացնել առցանց, անհատական հայտերը կարող են ներկայացվել երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-18:00, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի անվտանգության բաժին, որը գտնվում է Պետրոս Ադամյան 14 հասցեում:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ հուլիսի 24-ը (հայտարարությունը հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած` 10 օրվա ընթացքում):
***
Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել`
Բաբկեն Տեր-Գրիգորյան
098 551371
Էմմա Հարությունյան
060 620 548