ՔՀԿ-ների դաշտի քարտեզագրում. «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում
Հարգելի՛ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ,
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ներկայումս ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, որոնց շրջանակներում իրականացվում է ՔՀԿ-ների դաշտի քարտեզագրում: Հատուկ այս հետազոտության իրականացման նպատակով, մասնավորապես, նախագծվել է հարցաթերթ՝ ուղղված ՔՀԿ-ներին, որը կառաջարկենք ներբեռնել հետևյալ հղումով, այնուհետև լրացնել և հետ ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեով մինչև ս/թ մարտի 31-ը՝ «subject» տողում նշելով «ՔՀԿ-ների քարտեզագրում» արտահայտությունը:
Տեղեկացնենք, որ ծրագրի շրջանակներում ընտրված ՔՀԿ-ները հետագայում հնարավորություն կստանան՝ բուհում անցնելու մասնագիտական ուսուցում հետևյալ թեմաներով՝ հանրային վերահսկողություն/մշտադիտարկում, քաղաքականությունների մշակում՝ հիմնված փաստերի վերլուծության վրա, ՔՀԿ-կառավարություն երկխոսություն և կոալիցիաների ստեղծում և զարգացում: Ուսուցումները հաջողությամբ ավարտած ՔՀԿ-ները հաջորդիվ հնարավորություն կունենան՝ դիմելու ծրագրային ենթադրամաշնորհների (25 ենթադրամաշնորհ ՔՀԿ-ների և 9 ենթադրամաշնորհ կոալիցիաների համար):
Նշենք, որ 2016 թ. դեկտեմբերի 15-ից Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) իր կողմից ղեկավարվող կոնսորցիումով ԵՄ ֆինանսավորմամբ սկսել է իրականացնել «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը: Կոնսորցիումի մյուս անդամներն են «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն (ՄԶՄԿ), «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ն, «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միությունը, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ն, և «Ագորա Սենթրըլ Յուրոփ» ՀԿ-ն՝ Չեխիայի Հանրապետությունից:
Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների՝ 9 թիրախային ոլորտներում հանրային քաղաքականությունների մշակման գործընթացի վրա ազդեցության ուժեղացումն է, իսկ առանձին նպատակ են հանդիսանում ՔՀԿ-ների՝ կոալիցիաների կառուցման կարողությունների ուժեղացումը, նրանց մասնակցությունը հանրային քաղաքականությունների ձևավորման գործընթացներին, թիրախային ոլորտներում խնդիրների հատկորոշումը և համապատասխան քաղաքականությունների մշակումը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման ու կենտրոնական պետական մարմինների հետ քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական և ռազմավարական փոխգործակցությունը:
Ծրագրի թիրախային խումբը ընդհանուր ՀՀ քաղաքացիական հասարակությունն է, ինչպես նաև համապատասխան քաղհասարակության շահակիցները արդարադատության, կրթության, բիզնեսի և այլ թիրախային ոլորտներից, որոնք հատկորոշվում են ծրագրի նախապատրաստական փուլում: