Հետք Մեդիա Գործարանի ուսանողների ընդունելություն
Լրագրությունն արագ փոփոխվող, գիտության և տեխնոլոգիայի հետ հեշտությամբ համադրվող մասնագիտություններից է։ Եթե ցանկանում ես դառնալ մրցունակ մասնագետ մեդիայի և հարակից ոլորտներում, ձեռք բերել ոչ միայն տեսական, այլև գործնական և կիրառական գիտելիքներ, զարգացնել և իրագործել անսահմանափակ նոր գաղափարներ, դարձիր Հետք Մեդիա Գործարանի ուսանող։
Հետք Մեդիա Գործարանում սովորելն անվճար է։ Դիմելու հայտը՝ այստեղ։
Տարեկան 30 ուսանող հնարավորություն է ունենալու սովորել Մեդիա Գործարանում։ Ուսանողներին հատկացվելու է նորագույն սարքավորումներ (տեսախցիկ, համակարգիչ, հեռախոս, լույսեր, ձայնագրման սարքեր, մոնտաժի ծրագրեր)՝ ուսումնասիրվող նյութի պրակտիկ կիրառությունն ապահովելու համար։
Հետք Մեդիա Գործարանում դասավանդելու են ոչ միայն լրագրության, այլև գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների առաջատար մասնագետներ։ Նրանք բոլորն ընտրվելու են մի քանի փուլից բաղկացած բաց մրցույթով։
Հետք Մեդիա Գործարանում դասավանդվելու են հետևյալ առարկաները․
- հետաքննական լրագրություն,
- փաստերի ստուգում,
- տվյալների լրագրություն,
- տվյալների վիզուալացում,
- ֆոտո լրագրություն,
- վիդեո լրագրություն,
- անիմացիա,
- մոբայլ լրագրություն,
- էթիկա և մեդիա օրենսդրություն,
- անգլերեն լրագրողների համար։
Դասապրոցեսը տևելու է մեկ ակադեմիական տարի՝ երկու կիսամյակով (սեպտեմբեր-դեկտեմբեր, փետրվար-մայիս)։ Դասընթացները տեղի են ունենալու յուրաքանչյուր երկուշաբթիից հինգշաբթի՝ երկու հերթափոխով՝ 10:00-14:00-ը (15 հոգի) և 13:00-17:00-ը (15 հոգի)։
Ամեն օր դասավանդվելու է չորս առարկա՝ տեսական և գործնական մասերով։ Ուրբաթ օրերը ուսանողները հանդիպելու են դասախոսին՝ անհատական հանձնարարությունները քննարկելու և աջակցություն ստանալու նպատակով։ Անհատական հանձնարարությունները հիմնականում լինելու են գործնական բնույթի։
Հետք Մեդիա Գործարանի դասացուցակի նախնական տարբերակը
Հետք Մեդիա Գործարանում կարող են սովորել`
- լրագրության կամ այլ ֆակուլտետների ուսանողները,
- գործող լրագրողները, ովքեր աշխատում են որևէ լրատվամիջոցում,
- ֆրիլանս լրագրողները,
- մեդիա ոլորտով հետաքրքրված անձինք։
Անհրաժեշտ պայմանները՝
- համոզված լինել, որ կարող եք ժամանակ հատկացնել դասերին ներկա լինելուն և հանձնարարությունները կատարելուն,
- գնահատել կրթվելու, անձնական աճի և մասնագիտական կարողությունների զարգացման կարևորությունը,
- լինել ճկուն՝ նորարարությունների, փոփոխությունների և տարբերությունների ընկալման հարցում։
Ընտրություն՝
- նախնական դիմում-հայտերի ընտրություն,
- հարցազրույց,
- փոքր գործնական հանձնարարություն՝ անհրաժեշտության դեպքում,
- վերջնական ընտրություն և հաստատում։
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ հուլիսի 15, 2020։ Դիմելու հայտը՝ այստեղ։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 44 20 20 48 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ. փոստին՝ [email protected]։
Նախագիծն իրականացնում է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը։ Նախագիծը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: