Ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցություն
Ի՞նչ է ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության ծրագիրը
Ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության ծրագիրը Հայաստանի ազգային գրադարանում գործող «Գրականության հանրահռչակման բաժնի» միջոցով իրականացվող առաջին դրամաշնորհային ծրագիրն է: Այն ստեղծվել է մշակութաբանական հետազոտությունների, գրականության և գրաքննադատության նախագծերին աջակցելու համար։ Ծրագրով մինչև մեկ միլիոն դրամ է տրվում տևական (առավելագույնը՝ մեկամյա) ստեղծագործական կամ հետազոտական աշխատանքի համար, որը կնպաստի գեղարվեստական արձակի ժանրերի և գիտամշակութային գրականության զարգացմանն ու տարածմանը։ Նախագծի արդյունքում ստեղծված աշխատանքները կհրապարակվեն առցանց հարթակներում՝ ապահովելու համար լայն հանրային հասանելիություն: Դրամաշնորհային ծրագրի հաղթողները պետք է 2019 թվականի ընթացքում երկու հրապարակում ունենան էլեկտրոնային կամ տպագիր մամուլում, ինչպես նաև իրենց աշխատանքները ներկայացնեն մարզային գրադարաններում, ինչը կնպաստի մարզերի գրական-մշակութային կյանքի աշխուժացմանը:
Ո՞րն է ծրագրի նպատակը
Ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության ծրագիրը լրացնում է անկախ մշակութային դաշտում պետական քաղաքականության բացը՝ տեղափոխելով շեշտադրումը գրքաստեղծման հրատարակչական-տպագրական փուլից ստեղծագործական փուլ։ Ծրագրի հեռանկարային նպատակն է խթանել նշանակալի, մնայուն և հանրօգուտ աշխատանքների ստեղծումը, որ կնպաստի գրականության և հասարակական գիտությունների զարգացմանը, ինչպես նաև քաղաքացիական գիտակցության բարձրացմանը։
Ովքե՞ր կարող են դիմել
Ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության ծրագրին կարող են անհատապես կամ խմբով դիմել գրողները, գրաքննադատները, հետազոտողները (ֆիզիկական անձինք), որոնք նախկինում չեն ստացել ֆինանսավորում տվյալ ծրագրի իրականացման համար, ՀՀ քաղաքացի են և ապրում են ՀՀ-ում։ Չեն դիտարկվի ծրագրով աջակցություն ստանալու համար ներկայացված հայտերը քննող խորհրդի անդամների կամ իրենց մերձավոր հարազատների (ծնող, զավակ, ամուսին), ինչպես նաև պետական կառույցներում ներգրավված անձանց դիմումները։
Ո՞ր նախագծերն են դիտարկվում
Դրամաշնորհը տրվելու է հետևյալ ուղղություններին համապատասխանող աշխատանքներին.
ա) գեղարվեստական գրականություն՝
◆ արկածային արձակ,
◆ դետեկտիվ արձակ,
◆ գիտաֆանտաստիկա,
◆ ֆենթըզի,
◆ սարսափ պատմություն,
◆ գեղարվեստական հուշագրություն,
բ) հետազոտական աշխատանքներ՝
◆ հայ գրաքննադատություն,
◆ հայ մշակույթի տեսություն,
◆ հայ արվեստի քննադատություն,
◆ մշակութաբանություն:
Ինչպե՞ս դիմել
Հայտերն ընդունվում են ՀՀ մշակույթի նախարարության կայքէջում («mincult.am») ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության ծրագրի հայտարարության հրապարակմանը հաջորդող 25 օրվա ընթացքում: Հայտի ամբողջական փաթեթն անհրաժեշտ է ուղարկել «[email protected]» էլեկտրոնային հասցեին:
Հայտի փաթեթը պետք է պարունակի՝
◆ հայտի ձևաթուղթը (կցվում է),
◆ նախատեսվող ուսումնասիրության թեմայով հոդված,
◆ նախատեսվող գեղարվեստական արձակից հատված (նվազագույնը՝ 10 էջ),
◆ հայտատուի ինքնակենսագրությունը (CV),
◆ անձը և բնակության վայրը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Թերի կամ կեղծ տվյալներ պարունակող, պահանջվող ժանրերին չհամապատասխանող, նախկինում հրապարակված կամ պատրաստի աշխատությունների համար ներկայացված հայտերը չեն դիտարկվի։ Ստեղծագործողներին և հետազոտողներին դրամաշնորհ հատկացնող խորհուրդը կարող է հարկ եղած դեպքում դիմումատուից պահանջել հավելյալ փաստաթղթեր և նյութեր:
Խորհուրդը կիրականացնի ռիսկերի և համապատասխանության գնահատում՝ հաշվի առնելով ներկայացված նախագիծը, ֆինանսական հաշվարկները, ժամկետները, արդյունավետությունը և այլ բաղադրիչներ։ Դրամաշնորհային ծրագրի հաղթողների անունները կհրապարակվեն նախարարության կայքէջում՝ հայտերի ընդունման ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում։
Հարցերի դեպքում զանգահարել Հայաստանի ազգային գրադարանի «Գրականության հանրահռչակման բաժին»:
Հեռախոս՝ 077 91 27 73, 011 52 39 38: