Հետազոտություն
ՔՀԿ հետազոտական կարողությունների գործնական զարգացման ուղեցույց
Բեռնել
Հարգելի՛ ՔՀԿ ներկայացուցիչներ,
Հաշվի առնելով արդի աշխարհում տեղեկատվական հոսքերի ուժգնությունը, ինչպես նաև հետազոտության կարևորությունը՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)–Հայաստան հիմնադրամը, ՀԿ Դեպո ծրագրի շրջանակներում, նախաձեռնեց այս առցանց ձեռնարկի ստեղծումը: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ վերջին տարիներին Հայաստանում գործառնող քաղաքացիական հասարակական կազմակերպությունները (ՔՀԿ) հետազոտություններ իրականացնելու կարիք են զգում: Հետազոտության և հետազոտական հմտությունների կարիք է առաջանում նաև սոցիալական իրականության միջամտության/բարեփոխման ծրագրեր մշակելիս: Այս առցանց ձեռնարկը հասցեագրված է հետազոտական կարիքներ ունեցող հայաստանյան ՔՀԿ ներկայացուցիչներին, որոնք մտադիր են զարգացնել իրենց հետազոտական կարողությունները: Այս առցանց ձեռնարկը, որ պարունակում է բազմաթիվ էլեկտրոնային հղումներ, ժամանակի ընթացքում կզարգացվի` հիմնվելով ՔՀԿ ներկայացուցիչների արձագանքի ու խորհուրդների վրա: Ուստի, ակնկալում ենք, որ այս ձեռնարկի հրատարակմամբ կմեկնարկի այն կիրառելու արդյունավետ գործընթաց ու երկխոսություն: Ձեր կողմից ձեռնարկն օգտագործելու ու Ձեր արձագանքի շնորհիվ այն կարող է անընդհատ կատարելագործվել՝ Ձեզ դարձնելով ձեռնարկի համահեղինակներ: Մենք ակնկալում ենք, որ այս ձեռնարկի առցանց հրատարակմամբ Ձեզ ենք փոխանցում ոչ թե վերջնական ուղեցույց, այլ անընդհատ զարգանալու միտում ունեցող ու «ապրող» հարթակ՝ այնպիսին, ինչպիսին ինքը սոցիալական հետազոտությունն է: Հայաստանյան ՔՀԿ-ների շրջանում նոր ու որակյալ հետազոտական աշխատանքների ակնկալիքով ու շնորհակալությամբ՝
ՀՌԿԿ-Հայաստան