I am in Germany - it succeeded on the third try (Armenian)
Այն ինչ ինձ չի սպանում, դարձնում է ինձ ավելի ուժեղ: Նիցշե
Was mich nicht umbringt, macht mich stärker. Nietzsche
Այս նկարում Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը ինձ է հանձնում DAAD կրթաթոշակիս վկայականը: Այս օրը ավելի քան 60 հոգի հայաստանյան տարբեր համալսարանների ուսանողներ, բուհավարտներ, հետազոտողներ և գիտնականներ ստացան կրթաթոշակ Գերմանիայում ուսանելու նպատակով: Կարծում եմ ձեզ մոտ առաջացան հետևյալ հարցերը՝ ինչ է DAAD-ն և ինչ կրթաթոշակ եմ ստացել ես:
Հիմնադրվելով 1925 թվականին Հայդելբերգում միայն մեկ ուսանողի նախաձեռնությամբ՝ DAAD-ն (Deutscher Akademischer Austauschdienst - Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն) այսօր դասվում է ուսանողների և գիտնականների միջազգային փոխանակումը ֆինանսավորող ամենակարևոր կազմակերպությունների շարքին: DAAD-ն հնարավորություն է ընձեռնում երիտասարդներին ձեռք բերել ուսումնական և հետազոտական փորձ Գերմանիայում և այլ երկրներում:
Երկրորդ կուրսում էի, երբ համակուրսեցիս պատմեց DAAD-ի մասին: Միասին որոշեցինք դիմել: Առաջին անգամ դիմեցի ու ցավոք սրտի չընտրվեցի: Երկու շաբաթ խորը հիասթափության մեջ էի, քանի որ իմ առաջին փորձը որևէ ծրագրի դիմելու պարզապես ձախողվել էր: Մտածում էի այլևս չեմ դիմի, ես չեմ կարող, նրանց պահանջներ շատ են, ինձ մոտ երբեք չի ստացվի: Այս բացասական մտքերի շարքում վերջապես մի դրական միտք. այն ինչ ինձ չի սպանում, դարձնում է ինձ ավելի ուժեղ: Վերանայեցի թղթերս, մոտիվացիոն նամակս և ես ինքս սկսեցի քննադատաբար մոտենալ իմ ներկայացրած փաստաթղթերին ու հասկացա իմ բացթողումները: Երբեք չես իմանա կոնկրետ, թե DAAD-ն ինչ հիմքով է կայացնում իր ընտրությունը, բայց նախորդ տարվա ընտրվածների ցուցակը նայելիս մի բան պարզ էր, բոլորը ունեին գերազանց առաջադիմություն, լավ գրված մոտիվացիոն նամակ և հասարակական ակտիվություն: Ուրեմն առաջին պայմանին ամբողջությամբ բավարարում էի, երկրորդին՝ որոշ չափով, իսկ հասարակական ակտիվություն ընդհանրապես չունեի: Ահա թե որտեղ էր թաքնված շան գլուխը :)
Մինչ այդ հարմարավետ զգալով իմ միջավայրում՝ երբեք չէի փորձել նեղություն տալ ինձ շփվել այլ մարդկանց հետ, փորձել ինտեգրվել սոցիալական տարբեր միջավայրերում: Սակայն հասկանում էի, որ եթե ցանկանում եմ հասնել նպատակիս, պետք է անընդհատ սեփական անձս ենթարկեմ փորձությունների և հազար անգամ ձախողելուց հետո հաջողեմ: Մի փոքր սադիստական է հնչում, հասկանում եմ: Բարդ թվաց, բայց անցա գործի: Անընդհատ ինտերնետում փնտրում էի տարբեր ծրագրերի հայտարարություններ ու դիմում: Ու այսպես սկսվեց հասարակական ակտիվ կյանքս, որը ինձ այնքան շատ կապեր, նոր գաղափարներ, հմտություններ ու կյանքի փորձ տվեց, որը նախքան այդ մտքովս երբեք չէր անցնի:
Դիմեցի երկրորդ անգամ: Այս անգամ էլ ձախողվեցի, բայց հիասթափություն չկար, քանի որ հասկանում էի՝ դեռ պատրաստ չեմ:
Շարունակեցի գործս: Ծրագրեր իրականացնելը, տարբեր դասընթացների մասնակցելը դարձան իմ կյանքի անբաժանելի մասերը: Ամենակարևոր առաջընթացն ինձ համար այն էր, որ նախկինում ունեցած կարծրատիպերը, գաղափարների սեղմվածությունը պարզապես չքացան, բաց դարձա տարբեր գաղափարների, մշակույթների, մարդկանց նկատմամբ: Իմ կողմից իրականացված տաբեր ծրագրերը ինքնաբացահայտման ուղի էին ինձ համար, որոնք նոր հմտություններ ու ինքնավստահություն էին հաղորդում ինձ: Այս ընթացքում ակտիվությունս ևս մեկ շատ մեծ օգուտ բերեց ինձ, կյանքիս կարևորագույն ձեռքբերումնեից մեկը. ես անցա աշխատանքի ԱԶԿ ՀԿ-ում, որն ինձ մեկ տարում այնքան շատ անձնական և գործնական հմտություններ տվեց, որը ես կարող էի այլ վայրում ձեռք բերել 5 տարում կամ էլ ընդհանրապես ձեռք չբերել:
Իմ հասարակական կյանքի էլ ավելի ակտիվացման, ինչպես նաև ԱԶԿ ՀԿ-ում աշխատանքի անցնելու համար հիմք է ծառայել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Մարդամեջ 2016թ.-ին իմ կողմից ներկայացրած և հաղթած «iՄասնակից» ծրագիրը: Ծրագրի իրականացման յուրաքանչյուր փուլում ես բացահայտում էի իմ մեջ նոր կարողություններ և ձեռք բերում նոր հմտություններ, որոնք մոտիվացրել և օգնել են ինձ հետագայում աշխատանքում, այլ ծրագրերի իրականացման ընթացքում:
Ահա և ես, վերջապես, պատրաստ էի: Դիմեցի երրորդ անգամ ու համոզված էի, որ այս անգամ հաջողելու եմ: Բայց մեկ է, պատասխանին սպասելիս լարվում էի: Մի հրաշալի երեկո ես ստացա դրական պատասխան ու ինչպես ցանկացած իրադարձության դեպքում սկսեցի ուժեղ լաց լինել, այն էլ փողոցի մեջտեղում :)
Օգոստոսի 3-30-ը ես լեզվի ամառային դասընթաց եմ անցել Գերմանիայի Աախենի լեզվաբանական ակադեմիայում և ունեցել եմ կյանքիս ամենաակտիվ և հետաքրքիր մեկ ամիսը: Հաջորդ նյութում առավել մանրամասն կգրեմ ձեզ գերմանացիների, գերմանական կրթության և այնտեղ իմ անցկացրած ժամանակի մասին: Սպասեք նորությունների և նկարների:
Իսկ մինչ այդ դուք կարող եք ծանոթանալ DAAD-ին և կրթաթոշակներին այս կայքում https://www.daad.am/en/ և կամաց-կամաց պատրաստվել դիմելուն: Փորձեք անպայման և կհաջողեք:
Հղումը՝ http://infotun.armavirdc.org/969.html