Aliq Media's Article about Mardamej 2021 Homo Legens Project
This article has first been published on Aliq Media website. Available here․
Շիրակի մարզի Գուսանագյուղում արտասովոր եռուզեռ էր, հաճելիորեն խախտվել էր գյուղի առօրյան: Դպրոցի բակում հավաքվել էին մարզի յոթ համայնքների քսանյոթ երիտասարդներ, մաքրում էին, վրաններ տեղադրում։ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ֆինանսավորմամբ Սախարովի կենտրոնի Շիրակի մասնաճյուղը եւ Գյումրի Ինֆոտունն այստեղ կազմակերպել էին ընթերցասերների Homo Legens [կարդացող մարդ] անունով ճամբար։
Մինչ այդ մարզի երիտասարդները մասնակցել էին «Մարդամեջ» սոցիալ նորարական ծրագրի դասախոսություններին, խմբային աշխատանքներին։ Ամենաակտիվներն ու նախաձեռնողները սեփական ծրագրերն էին ներկայացրել «Մարդամեջ»-ի ժյուրիի դատին։
Հուրախություն Գուսանագյուղի երիտասարդների, ժյուրին լավագույնն էր ճանաչել իրենց համագյուղացու՝ 17-ամյա Հնազանդ Մանուկյանի ծրագիրը՝ կարեւորելով նրա ստեղծարար մոտեցումները։
Նախքան ճամբարի մեկնարկը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ֆինանսավորմամբ եւ Գյումրի Ինֆոտան ջանքերով Գուսանագյուղում հիմնվել էր Homo Legens գրադարանը, որն իր յուրահատուկ լուծումներով ու գաղափարախոսությամբ գյուղում կարծրատիպեր կոտրեց։ Նորաբաց գրադարանին արժեքավոր գրքեր տրամադրեցին թե՛ անհատները, թե՛ տպագրատները. գրքահավաքը դեռ շարունակվում է։
Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի աշխատակից Արմեն Պետրոսյանը կարեւորեց այն փաստը, որ ծրագրի առաջարկը երիտասարդներն իրենք են մշակել։
«Ուրախությամբ եմ փաստում, որ երիտասարդների մեջ արթնացել է գենետիկական կարոտախտը կենդանի գրքի նկատմամբ, երեխաները սկսել են սիրով կարդալ այս ընթացքում։ Գրադարանի շարունակական լինելն այսուհետ փաստ է, քանի որ առաջին արդյունքները խիստ գոհացուցիչ են»։
Homo Legens գրադարանից հետո գյուղ եկավ նույնանուն ճամբարը։ Մասնակիցներին ընտրելու համար մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո բազմաթիվ հայտերից առանձնացվեցին քսանյոթը. գլխավոր նախապայմանը ընթերցասեր լինելն էր։
Եռօրյա ճամբարի մեկնարկը հուլիսի 21-ին էր։ Նպատակը երիտասարդ սերնդի մեջ ընթերցասիրության, ստեղծարարության խթանումն էր, վերլուծական եւ քննադատական մտածողության բարձրացումը։
Ճամբարի ընթացքում իրականացվեցին ուշադրության, հիշողության, ստեղծագործական մտածողության զարգացման վարժանքներ, ստեղծագործական եւ ինտելեկտուալ տարատեսակ մրցույթներ:
Արմեն Պետրոսյանը նշում է, որ գիտելիքը փոխանցվել է ոչ միայն ընթերցանության, այլեւ տարատեսակ խաղերի միջոցով․ «Խաղերի ծրագրերն այնպիսին էին, որ եթե երեխաները տվյալ օրվա գիրքը ուշադիր կարդացած չլինեին, կպարտվեին»։
Երիտասարդները, դասընթացներից բացի, ունեցան նաեւ հանդիպումներ ժամանակակից գրողների, հրատարակիչների, մտավորականների հետ:
Ծրագրի ղեկավար Լուիզա Զաքյանն ավելի խոր գնացող նպատակներն է մատնանշում. «Ուզում ենք ցույց տալ, որ Երեւանից, Աղվերանից ու Ծաղկաձորից բացի՝ Հայաստանն ունի այլ հասցեներ եւս, թող գան, վայելեն մաքուր օդը, խաղաղ մթնոլորտը, եւ գյուղը շարժի մեջ կլինի, եւ մենք ավելի լավ ծանոթ կլինենք մեր երկրի տարբեր անկյուններին»։
Ծրագրի գլխավոր հերոսը՝ Հնազանդը, որ իր վարակիչ օրինակով նախաձեռնող խմբում գյուղից ներգրավեց շուրջ մեկ տասնյակ երիտասարդների, ասում է․ «Ես ինքս էլ չէի հավատում, որ այսքան բան կլինի, ասում էին՝ ոչինչ չի ստացվի, բայց նույն մարդիկ, տեսնելով արդյունքը, իրենք էլ ինձ պես ոգեւորված են։ Արդեն մենակ չեմ, գրադարանն էլ մեր աշխատանքի արդյունքն է, որը զարգացնելու ենք մինչեւ վերջ»։
Նախաձեռնող խմբի մեկ այլ ակտիվ անդամ Ալվարդ Կարապետյանը եւս ոգեւորված է, ասում է՝ գրադարանին մեծ կարեւորություն են տալիս․ «Ամենակարեւորն այն է․ որ մենք ամաչում ենք գիրք չկարդալու համար, սովորեցինք արժեւորել ընթերցանությունը։ Մեր ապագան լավն է լինելու կրթված ու կարդացած երիտասարդների միջոցով, ես վստահ եմ՝ կարդացած մարդիկ են երկիրը շենացնելու»։
Նահապետյան Արենն էլ եռօրյա ճամբարից հետո հեռուն գնացող գաղափարներով է թողնում Գուսանագյուղը․ «Ինքս Արթիկում այսպիսի նախաձեռնություն կիրականացնեմ, բարձր տրամադրությամբ կգնանք մեր համայնքներ, կպատմենք մեր կարդացած գրքերի մասին ու այս ալիքը շատ արագ կտարածենք ամբողջ մարզով»։