Amendments in the laws on non-governmental organizations and foundations
Մարտի 25-ին, 2020թ․ ընդունվել են «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը և «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին օրենքը։ Ուժի մեջ են մտնելու ապրիլի 24-ին 2020թ․։
Մասնավորապես, հասարակական կազմակերպությունների (ՀԿ) մասով փոփոխությունները ենթադրում են ՀԿ-ների գործունեության և ֆինանսական հոսքերի մասին հաշվետվությունների կարգի փոփոխություն։
Օրենքով նախատեսվում է, որ ՀԿ-ն պարտավոր է ներկայացնել գործունեության տարեկան հաշվետվությունը, որը ներառում է հետևյալ տեղեկատվությունը.
- Կազմակերպության` լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, տարին, ամիսը, ամսաթիվը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը եւ պաշտոնական ինտերնետային կայքը (առկայության դեպքում),
- Գործադիր մարմնի ղեկավարի անունը և պաշտոնը,
- Կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկան և նպատակները։
- Կազմակերպության անդամների, ինչպես նաև այն կամավորների թիվը, որոնց աշխատանքի տևողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը (հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ),
- Հաշվետու տարվա ընթացքում ժողովի իրականացված նիստերի քանակը,
- Հաշվետու տարվա ընթացքում իրականացված ծրագրերի անվանումը և համառոտ նկարագրությունը (վայր, նպատակ, կարգավիճակ)։
- Տարեկան մուտքերի (դրամական և/կամ գույքային) ընդհանուր գումարը,
- Օգտագործված դրամական միջոցները և/կամ շարժական, անշարժ գույքը,
- Հաշվետու տարվա ընթացքում կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու տեսակի և դրա արդյունքում ստացված շահույթի օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը։
Հաշվետվությունները պետք է ներկայացնել Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան պորտալում։
Մի քանի կարևոր հանգամանք․
- ՀԿ-ները պետք է ներկայացնեն հաշվետվություններ ինչպես դրամական, այնպես էլ գույքային եկամուտների մասով։
- Հանրային միջոցներների մասով պարտադիր աուդիտի շեմը փոփոխվել է՝ 10 մլն դրամ և ավելի բյուջեի դեպքում, նախկինում՝ 5 մլն դրամի փոխարեն։
- ՀԿ-ները պարտավոր են ներկայացնել հաշվետվություններ, եթե անգամ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում եկամուտներ չեն ունեցել։
- Հաշվետվության ձևաչափը ներառում է տեղեկություններՀԿ-ի գործունեության տեսակների և հասցեի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, ՀԿ-ի հայեցողությամբ հասցեն կարող է չհրապարակվել՝ հասանելի լինելով միայն ՊԵԿ-ին։
- Հաշվետվությունները չներկայացնելու կամ ոչ պատշաճ ներկայացնելու դեպքում, ՀԿ-ները կստանան զգուշացում՝ ծանուցման ձևով։ Պատշաճ ծանուցումից հետո պահանջը չկատարելու դեպքում ՀԿ-ները նախ տուգանքի են ենթարկվելու, ապա հարկադիր լուծարվելու են՝ դատական կարգով։
- Ծանուցում ստանալու համար, անհրաժեշտ է, որ ՀԿ-ն տեղեկացնի համապատասխան իրավասու մարմիններին իր փաստացի գործունեության հասցեի մասին, եթե այն փոփոխվել է։ Այլևս անհրաժեշտություն չկա կանոնադրության մեջ փոփոխություն իրականացնել այս մասով։
«Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխությունները նախատեսում են, որ այսուհետ հաշվետվությունները ներկայացվելու են ոչ թե azdarar.am կայքում, այլ Պետական եկամուտների կոմիտեի կայքում՝ անվճար։ Բացի այդ, հանվել են հիմնադրամի միջոցներից օգտված աշխատակիցների անուն-ազգանունները հրապարակելու պահանջը՝ թողնելով միայն միջոցներից օգտված կառավարչի, խորհրդի անդամների անունները և աշխատակիցների քանակը։