Armenian Georgian Project For Youth (Armenian)
Հայ-վրացական «Երիտասարդների զբաղվածության ընդհանուր հիմնախնդիրների լուծումը միջսահմանային զբոսաշրջության զարգացման միջոցով» ծրագրի շրջանակում էքսկուրսավարության թեմայով վերապատրաստման դասընթացներ կկազմակերպվեն Դիլիջան եւ Բոլնիսի քաղաքներում (Տավուշ եւ Քվեմո Քարթլի մարզեր)՝ հայ եւ վրացի երիտասարդների համար: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ ԵՄ-ի «Արեւելյան գործընկերության տարածքային համագործակցության ծրագրի» շրջանակում:
Ծրագիրը տարբերվում է նրանով, որ մասնակիցները վերապատրաստումից հետո կազմելու են Տավուշ եւ Քվեմո Քարթլի մարզերի ոչ նյութական արժեքներ ընդգրկող տուր-փաթեթներ: Որպես ծրագրի կայունություն ապահովող բաղադրիչ՝ նախատեսվում է հեռախոսային հավելվածների ստեղծում, որոնք կտրամադրեն համակողմանի տեղեկատվություն միջսահմանային շրջաններում զբոսաշրջության հնարավորությունների մասին: Ծրագիրը կխթանի զբոսաշրջային ուղիներ մշակելու եւ երիտասարդների գործազրկության խնդիրների լուծման գործընթացին:
Ծրագրի թիրախային շրջաններն են Հայաստանի Տավուշ եւ Վրաստանի Քվեմո Քարթլի մարզերը, քանզի դրանք ունեն բազում ընդհանրություններ թե՛ մշակութային, թե՛ շրջակա միջավայրի առումով: Տուրիզմը այդ երկու շրջանների տնտեսության զարգացման առանցքային ճյուղերից է, եւ այստեղ կա տուրիստական մեծ պոտենցիալ. հատկանշական է ոչ նյութական տուրիզմի արժեքների առկայությունը, ինչն էլ հանդիսանում է այս ծրագրի հիմնական բաղկացուցիչ մաս:
Վերապատրաստման դասընթացների առաջին փուլը կկազմակերպվի սույն թվականի հունիսի 1-ից 3-ը Դիլիջան եւ Բոլնիսի քաղաքներում միաժամանակ՝ Տավուշ եւ Քվեմո Քարթլի մարզերից հարցազրույցների հիման վրա ընտրված 15-ական երիտասարդների մասնակցությամբ: Երկրորդ փուլը Դիլիջան քաղաքում կկազմակերպվի oգոստոս ամսին եւ կներգրավի սահմանամերձ շրջաններից 30 երիտասարդների (15-ը՝ Հայաստանից, 15-ը՝ Վրաստանից), որոնք ստացած գիտելիքների եւ իրականացված քարտեզագրման հիման վրա կկազմեն ոչ նյութական զբոսաշրջային փաթեթներ:
«Երիտասարդների զբաղվածության ընդհանուր հիմնախնդիրների լուծումը միջսահմանային զբոսաշրջության զարգացման միջոցով» ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ԴԵՀԿ ՀԿ-ի Հաղորդակցության եւ հասարակության հետ կապերի պատասխանատու Մկրտիչ Դալլաքյանի հետ ([email protected], www.facebook.com)
Ծրագրի մասին: «Արեւելյան գործընկերության տարածքային համագործակցության Հայաստան-Վրաստան աջակից ծրագիրը» (http://www.eaptc.eu) սկսվել է երկրների տարածքային համագործակցության ծրագրի համար բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր սահմանամերձ գոտու առանձնահատկությունները, ինչպես նաեւ ուժեղացնելու տեղական եւ տարածաշրջանային պետական եւ ոչ պետական մարմինների հնարավորությունները միջսահմանային ծրագրերը միասին զարգացնելու եւ իրականացնելու համար: