«Մարդը դեմ հանդիման բռնությանը։ Պատմությունից դեպի ժողովրդավարություն». այսպես է կոչվում «Վերսուս» ստուդիայի նոր նախագիծը, որը հունիսի սկզբին կներկայացվի հանրությանը։ Նախագծի շրջանակում պատրաստվել է փաստագրական շարժական ցուցահանդես եւ նկարահանվել «Օ, Հայրենիք, սառն ու անուշ» վավերագրական ֆիլմը։ Ցուցահանդեսն առաջինը կբացվի Գյումրիի «Ստիլ» պատկերասրահում հունիսի 3-ին, ժամը 18-ին եւ կգործի հինգ օր։ Բացումից հետո պատկերասրահի դահլիճում տեղի կունենա «Օ, Հայրենիք, սառն ու անուշ» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Նախագծի ղեկավարը լրագրող, սցենարիստ Տիգրան Պասկեւիչյանն է։
-Ե՞րբ եւ ինչո՞ւ որոշեցիք զբաղվել Հայրենադարձության ուսումնասիրությամբ։
-Չեմ ուզում միանգամից գերագնահատել Հայրենադարձության նշանակությունը, բայց դժվար է չնկատել, որ 20-րդ դարում Ցեղասպանությունից եւ Հանրապետության հռչակումից հետո դա հայերի կյանքում պատահած ամենակարեւոր իրադարձությունն է։ Թե չափերով, թե քաղաքական, տնտեսական բովանդակությամբ եւ թե հուզական լիցքերով, Հայրենադարձությունը մեծ ազդեցություն ունեցավ Հայաստանի ու հայության ճակատագրի վրա։ Երբ 2010 թվականին սկսեցինք զբաղվել, պարզ դարձավ, որ Հայաստանի պատմության կարեւորագույն այս հատվածը միտումնավոր կամ անփութորեն շրջանցվել է պատմագրության կողմից։ Ընդամենը երկու գիրք գտանք, որոնցից մեկը՝ սովետական տարիներին գրված լինելով, բնականաբար չէր տալիս իրադարձության ամբողջական պատկերը, մյուսը՝ Արմենուհի Ստեփանյանի «XX դարի հայրենադարձությունը հայոց ինքնության համակարգում» արժեքավոր աշխատությունն էր՝ հրատարակված հենց 2010 թվականին։ Այլ նյութ, ուրիշ ուսումնասիրություններ չկային։
-Փաստորեն ձեր առջեւ բացվել էր չհերկված մի դաշտ, ուսումնասիրություն անելու, վերլուծելու անսպառ հնարավորություն։
-Մենք այդ թեմային մոտենում էինք վավերագրական ֆիլմ անելու համար։ Սկզբում մեզ այնպես էր թվում, որ մեկ ֆիլմով կկարողանանք սպառել թեման, բայց ուսումնասիրությունները արխիվում, ականատեսների եւ նրանց ժառանգների հետ հանդիպումները, հրատարակված եւ ձեռագիր հուշագրությունները ցույց տվեցին, որ թեման ծավալուն է. մեկ ֆիլմով ներկայացնել հնարավոր չէ։ Որոշեցինք բաժանել երեք մասի։ Առաջին՝ «Անծանոթ իմ Հայրենիք» ֆիլմը, որը պատրաստվել է 2012 թվականին եւ ունեցել բազմաթիվ ցուցադրություններ Հայաստանում եւ արտերկրում, պատմում է Հայրենադարձության քաղաքական նախապայմանների եւ ներգաղթի գործընթացի մասին։ Երկրորդը, որի պրեմիերան լինելու է հունիսի 3-ին Գյումրիի «Ստիլ» պատկերասրահում, ներկայացնում է ստալինիզմի ժամանակաշրջանում հայրենադարձների հանդեպ եղած բռնությունն ու հալածանքը, մասնավորապես 1949 թվականի աքսորը, երբ, ի թիվս հազարավոր հայերի՝ Ալթայի երկրամաս քշվեցին 1578 հայրենադարձներ։ Երրորդ ֆիլմը կպատմի հայրենադարձների արտագաղթի մասին՝ ներառելով 1960-80-ական թվականները։ Այս աշխատանքը կատարելու ընթացքում կուտակվեց ահռելի նյութ՝ հարյուրավոր ժամեր տեսագրված հարցազրույցներ, հազարավոր փաստաթղթեր եւ լուսանկարներ։ Սահմանափակ տեւողության պատճառով ամբողջ նյութը ֆիլմերում օգտագործել հնարավոր չէր, դրա համար որոշեցինք եւ, ստանալով Գալուստ Կիւլպենկեան հիմնադրամի աջակցությունը՝ ստեղծեցինք նաեւ վեբկայք, որը մոտ օրերս կներկայացվի հանրությանը։
-Ո՞րն է նախագծի նպատակը, ի՞նչ եք ուզում ասել հասարակությանը՝ բացի պատմության մի ժամանակաշրջանի վրա լույս սփռելուց։
-Պատմական իրադարձությունն ուսումնասիրելը, տվյալ դեպքում՝ վավերագրական ֆիլմի, ցուցահանդեսի կամ վեբկայքի միջոցով հանրությանը ներկայացնելը չի կարող լինել ինքնանպատակ։ Պատմությունից տեղյակ լինելը, դրա մանրամասները նկատելն օգնում է ճիշտ գնահատել ներկան։ Եթե այս ամենն արված լիներ 30-40 տարի առաջ, գուցե չլինեին այն սխալները, որ եղան Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի հայերին ընդունելիս եւ տեղավորելիս։ Կամ գուցե բոլորովին ուրիշ լիներ մոտեցումը Սիրիայից բռնագաղթված հայերի նկատմամբ։ Մեր աշխատանքը կօգնի հասկանալ նաեւ արտագաղթի պատճառները, որովհետեւ հայրենադարձության գլխավոր խնդիրներից մեկը մարդ-պետություն, անհատ-իշխանություն հարաբերություններում առկա դժվարությունն էր։
Մանրամասներն այստեղ։