Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցություն, Հայաստան
Աննախադեպ համագործակցությունը շարունակվում է։
Ի՞նչ տեղի կունենա, երբ վեց կազմակերպություններ միավորվեն մեկ նպատակի շուրջ:
Հայաստանում իրենց բազմամյա ավանդով և ազնիվ հեղինակությամբ հայտնի 6 հասարակական կազմակերպություններ՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցություն, Զարգացման Սկզբունքներ, Հայաստանի մանուկներ հիմնադրամ, Հայ Օգնության Ֆոնդ, Շեն բարեգործական հասարակական կազմակերպություն և Վորլդ Վիժն Հայաստան, Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ՝ 2014թ.-ից ի վեր Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում իրականացնում է 3-ամյա համատեղ ծրագիր՝ կազմակերպությունների տրամադրած ռեսուրսներով վերականգնելու համայնքը:
2016 թ. մարտի 4-ին նշված 6 կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց գործընկերները (Կրթություն Հայաստան, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կլոր սեղանի Հայաստանի գրասենյակ) հերթական այցը կատարեցին Մարտունի՝ ամփոփելու և գնահատելու նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Այցը սկսվեց կազմակերպությունների աշխատանքային հանդիպումով` քննարկելու օրակարգային հարցերը և առաջիկա անելիքները:
Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցչի հետ շրջայց կատարվեց համայնքում՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին և գնահատելու արդյունքները: