CSOs' Announcement (Armenian)
Մայիսի 14-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների օրը, արձանագրվել է լրագրողների նկատմամբ բռնությունների 2 և տարատեսակ խոչընդոտումների 4 դեպք։
Մասնավորապես, մայրաքաղաքի Նար-Դոս փողոցում տեղակայված Հայաստանի Հանրապետական կուսակցության շտաբում հարձակվել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի վրա, քաշքշել ու հարվածել նրան։ Իսկ Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 64 դպրոցում (10/29 ընտրատեղամաս) բռնություն է կիրառվել Armtimes.com լրատվական կայքի թղթակից Տաթև Խաչատրյանի նկատմամբ։ Վերջինիս աշխատանքը խոչընդոտվել է նաև Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/46 ընտրատեղամասում։ Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ ևս ճնշում է գործադրվել նույն տեղամասում։ Մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտումների են բախվել նաև 1in.am կայքի թղթակից Մարիամ Գրիգորյանը՝ Էրեբունի համայնքի 10/28 տեղամասում, Hraparak.am-ի լրագրող Սոնա Ադամյանը՝ Նորքի 2-րդ զանգվածում գտնվող Առևտրի քոլեջում (2/50 ընտրատեղամաս)։
Նմանատիպ փաստեր են արձանագրվել նաև քարոզարշավի ընթացքում. ճնշումների են ենթարկվել Aravot.am-ի թղթակից Նելլի Գրիգորյանը և «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Աննա Զախարյանը։ Ձևավորված արատավոր ավանդույթի համաձայն՝ այս ընտրությունների ժամանակ ևս լրագրողների նկատմամբ հարձակումներն ահագնացան, ինչը թույլ չտվեց նրանց ազատ և անկաշկանդ լուսաբանել այդ կարևոր գործընթացը։
Եթե ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների օրը տեղի ունեցած նմանատիպ իրադարձություններից հետո իրավապահ մարմիններն իսկույն արձագանքեցին և քրեադատավարական կարգով ստուգողական գործողություններ սկսեցին, ապա այս անգամ նրանք առայժմ պատշաճ օպերատիվություն չեն դրսևորում։ Նախորդ տարիների փորձն էլ առանձնապես հավատ չի ներշնչում, որ լրագրողների և լրատվամիջոցների իրավունքները ոտնահարողները պատասխանատվության կենթարկվեն։
Այդուհանդերձ, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք.
- ՀՀ ոստիկանությունից և իրավասու քննչական մարմիններից՝ օբյեկտիվորեն ուսումնասիրել արձանագրված բռնությունների և լրագրողական աշխատանքի խոչընդոտումների փաստերը և դրանց հիմքերով քրեական գործեր հարուցել,
- ՀՀ դատախազությունից՝ պատշաճ վերահսկողություն իրականացնել այդ գործողությունների նկատմամբ՝ բոլոր մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով։
Այս միջադեպերի առնչությամբ՝ իշխանությունների գործողությունները մեր ուշադրության կենտրոնում են լինելու. մենք պաշտպանելու ենք տուժած լրագրողների շահերը և իրազեկելու ենք հայաստանյան ու միջազգային հանրությանը վերոհիշյալ իրավախախտումներին առնչվող գործընթացների զարգացումների մասին։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ