EPF Armenia. Support to Civil Society and CSOs
Որպես շարունակություն ԵՀՀ ֆուտուրիստական (ֆուտուրոլոգիական) խմբի առաջարկների (այստեղ), մեր քննարկումները հանգեցրեցին հետևյալ գաղափարներին:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ԵՀՀ-ն վերանախագծում է ընթացիկ ծրագրերի գործողությունները. ինչը որ հնարավոր է անել առցանց, արվելու է առցանց: Միևնույն ժամանակ, ԵՀՀ-ն նաև ձեռնարկում է հետևյալ գործողությունները. վերանայում է ընթացիկ ծրագրերն այն տեսակետից, արդյոք նրանց մեջ սկզբունքային փոփոխություններ պիտի արվեն կորոնավիրուսի համաճարակի հետ կապված. և արդյոք որոշ ռեսուրսներ կարող են ուղղվել համաճարակի դեմ պայքարին, և ինչպիսի գործողություններ կարող է ԵՀՀ-ն ձեռնարկել այդ ուղղությամբ:
ԵՀՀ-ն շարունակում է աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ), տեղեկացնել նոր հնարավորությունների, դրամաշնորհային ծրագրերի և համաճարակի պայմաններում օգտակար համացանցային ռեսուրսների ու խորհրդատվության հնարավորությունների մասին:
ԵՀՀ-ն խորհրդատվություններ է կազմակերպում մի շարք խնդիրների և հնարավորությունների վերաբերյալ: ՔՀԿ-ները կարող են դիմել խորհրդատվության:
Ներկայիս պայմաններում կարևոր է հասարակությանը տրամադրել քննադատական մտածողության և մեդիա գրագիտության հավելյալ հմտություններ: ԵՀՀ-ն երկար տարիներ իր գործընկերների հետ զբաղվում է դրանով, և այժմ շարունակելու է զբաղվել և առցանց միջոցներով տրամադրել ինչպես նոր, այնպես էլ արդեն աշխատասիրված ռեսուրսներ:
Այս օրերին հասարակության համար կարևոր է համերաշխության դրսևորումը և հասարակության լայն շերտերի փոխօգնությունը: Այդ առումով, ԵՀՀ-ն կարևորում է հասարակության շրջանում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը։ Մենք տարիներ շարունակ զբաղվում ենք դրանով և այժմ էլ շարունակելու ենք սա համարել առաջնահերթություն: Հաշվի առնելով, որ արտակարգ իրադրության պայմաններում մարդու իրավունքների որոշակի սահմանափակումներ կան, կարևոր է, որպեսզի դրանք լինեն ժամանակավոր, թույլ չտրվեն օրենքի չարաշահումներ, լինեն համաչափ, անհրաժեշտ և հիմնավորված: Քաղաքացիները պիտի գիտակցորեն ընդունեն դրանց կարիքը, հասկանան այդ քայլերի նպատակը: Դա նշանակում է աշխատանք ինչպես կառավարության, այնպես էլ հասարակության հետ:
ԵՀՀ-ն պատրաստ է խորհրդատվություն տրամադրել նաև հետևյալ թեմաներով.
- ՀԿ-ների հաշվետությունների նոր կարգի վերաբերյալ
- Ընթացիկ ծրագրերի վերապլանավորման վերաբերյալ
- «Ինչպես աշխատել հեռահար» թեմայով
- Ինչպես պլանավորել կազմակերպության ապագան
Որպես քաղաքացիական հասարակության սեկտորի աշխատակիցների կոլեկտիվ, ԵՀՀ-ն նաև իր շահառուներին տեղեկացնում է աջակցության անհատական գործողությունների հնարավորությունների վերաբերյալ.
- Հնարավորության դեպքում իրականացնել նվիրատվություն COVID19- ի տարածման դեմ պայքարի համար հետևյալ հղումով՝ https://www.e-payments.am/am/state-dements/step3/service=5054
- Խթանել սոցիալական հեռավորության պահպանման օրակարգը՝ բացատրական աշխատանք տանելով մերձավորների շրջանում և խախտումներ նկատելու դեպքում պատասխանատու մարմիններին տեղեկացնելու միջոցով
- Բացատրական աշխատանք տանել մերձավորների շրջանում կեղծ նորությունները և դավադրության տեսությունները տարբերակելու ուղղությամբ, օգտագործելով ԵՀՀ կամ այլ առցանց նյութեր կամ սեփական մոտեցումները
- Հրապարակայնորեն ներկայացնել պետական պաշտոնատար մարմինների հետ մեր հաղորդակցության ընթացքը և կիսվել սեփական փորձով. օրինակ, եթե այս ընթացքում զանգահարել եք թեժ գիծ COVID19-ի վերաբերյալ հարցեր ճշգրտելու համար, կիսվել փորձով մյուսների հետ և ներկայացնել քայլերի հաջորդականությունը, ինչպես նաև`բարելավման ոլորտները
- Կիսվել համաճարակին վերաբերվող հրատապ և կարևոր, ստուգված հաղորդագրություններով
- Հոգեբանական օգնություն ցուցաբերել նրանց, ով կարող է նման կարիք ունենալ
- Հնարավորության դեպքում՝ մասնակցել կամավորական գործունեության հավաստի և համակարգված տեսակներին
Այսպիսի գործողությունները համերաշխության և փոխօգնության ցուցիչներ են, որոնք թույլ կտան մեր հասարակությանը համեմատաբար անկորուստ հաղթահարել համաճարակը և հող են նախապատրաստում ետհամաճարակային կյանքի մի շարք հատկանիշների վերաձևակերպման համար:
Հետադարձ կապ. [email protected]։