Ergir Taste Memory Armenian Traditional Food Festival (Armenian)
Աղբյուրը՝ այստեղ
<<Աշտարակի տարածաշրջանի կանանց ասոցիացիա>> հասարակական կազմակերպությունը 2016թ. հոկտեմբերի 22–ին, ժամը 13:00-ին Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքում անցկացնում է << Էրգրի համի հիշողություն>> հայկական ազգային ավանդական ուտեստի փառատոն: Մարզի ծայրամասային այս համայնքում փառատոնն անցկացվում է արդեն չորրորդ անգամ, որը նպատակ ունի նաև նպաստել համայնքում և տարածաշրջանում մշակութային կյանքի աշխուժացմանը:
<< Էրգրի համի հիշողություն>> հայկական ազգային ավանդական ուտեստի փառատոնն այս տարի նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Եղեռնից մազապուրծ եղածների ,զոհերի ժառանգները սիրով երիտասարդ սերնդին են փոխանցել ազգային ավանդույթները, այդ թվում նաև՝ կենցաղավարությունը, ազգային ուտեստի պատրաստման եղանակները, բաղադրատոմսերը, տոնածիսական և առօրյա սննդատեսակների, հյուրասիրության հետ կապված բանահյուսական նշխարքներ: Անկախ Հայաստանում առավել ևս պետք կարևորենք ազգային ավանդական մշակութային արժեքների պահպանման, երիտասարդ սերնդին այդ արժեքների կրողը դարձնելու գործընթացը: Փառատոնի ընթացքում մարզի 12 համայնքներ կներկայացնեն մեր ազգային ինքնության բնութագիր հանդիսացող առօրյա և տոնական, սիրված սննդատեսակներ, նաև առանձին սննդատեսակների պատրաստման արարողակարգ, հայկական ազգային ավանդական ուտեստների ցուցադրում,հյուրասիրություն:
Տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված համայնքներին, կրթական կամ հասարակական կազմակերպություններին, ընտանիքներին մրցանակներ կշնորհվեն:
Տոնական միջոցառման ընթացքում լավագույն ազգային ավանդական երգեր և պարեր կներկայացվեն, ի հայտ կգան նոր երիտասարդ կատարողներ:
Մասնակիցները հնարավորություն կունենան ներկա գտնվել հայկական ազգային տիկնիկների, կենցաղային իրերի ցուցադրությանը:
Փառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: