Recommendations open to join (in Armenian)
2006 թ.-ից ՀՀ-ում գործում է Հանրային պաշտպանի գրասենյակը (ՀՊԳ), որը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես անապահով խավերին օրենքով նախատեսված կարգով ու դեպքերում անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու համար։
ՀՊԳ-ում աշխատող հանրային պաշտպանը փաստաբան է, որը գործում է գրասենյակի ղեկավարի ներկայացմամբ` ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հետ կնքած աշխատանքային պայմանագրի հիման վրա։ Հանրային պաշտպանը վարձատրվում է պետական բյուջեից օրենքով սահմանված չափով և կարգով, որի ֆունկցիաների մեջ է մտնում նաև սոցիալապես խոցելի խմբերին անվճար իրավաբանական օգնության տրամադրումը:
«ՀՀ Փաստաբանների մասին» օրենքում կատարված փոփոոխությունից հետո 2013թ. հունվարի 1-ից ընդլայնվեց անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց ցանկը: Ըստ օրենքի՝ Հանրային պաշտպանի գրասենյակը քրեական գործերից բացի անվճար իրավաբանական օգնություն պետք է տրամադրի նաև քաղաքացիական և վարչական գործերով: Ըստ ՀՀ փաստաբանաության մասին օրենքի հոդված 41.5-րդ կետի, բացի քրեական գործերից, անվճար իրավաբանական օգնություն տրամադրվում է մոտ 15 սոցիալական խմբերի մեջ մտնող քաղաքացիների, օրինակ՝ սոցիալապես անապահովներին, գործազուրկներին, միայնակ ապրող կենսաթոշակառուներին, փախստականներին, դատապարտյալներին, հաշմանդամություն ունեցողներին, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, և նաև մի քանի այլ սոցիալական խմբերի մեջ ներառվող քաղաքացիներ:
Նշված խմբերի մեջ մտնող քաղաքացիների մեծ մասն սակայն իրազեկ չէ հանրային պաշտպանի գործառույթների, նրա մատուցած իրավաբանական ծառայությունների մասին, հանրային պաշտպանին դիմելու կարգին:
Առկա են նաև համակարգային խնդիրներ, որոնք խոչընդոտում են անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրման հասանելիությանը։
«Իրավունքների տեղեկատվական կենտրոն» և «Գորիսի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից 2017թ հոկտեմբեր - 2018թ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում իրականացվել է «Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ենթադրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակներում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարաններում իրականացվել է 375 դատական նիստերի մոնիտորինգ, որի արդյունքում բացհայտվել են համակարգային խնդիրներ։
Մենք՝ քաղաքացիական հասարակության վերոնշյալ կազմակերպություններս, անհրաժեշտ ենք համարում հանրությանը և իշխանություններին ներկայացնել մեր մտահոգություններն ու առաջարկությունները՝ կապված հատկապես մարզերում անվճար իրավաբականական օգնության տրամադրման հասանելիության հետ։
Առաջարկություններ
- Օրենսդրությամբ ընդլայնել պաշտպանի պարտադիր մասնակցության շրջանակը՝ ներառելով հատկապես խոցելի խմբերի ներկայացուցիչ հանդիսացող վկաների և տուժողների համար պարտադիր անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը:
- Սյունիքի մարզում ավելացնել հանրային պաշտպանների հաստիքները` հիմք ընդունելով բնակչության թվաքանակի և հանրային պաշտպանների բաշխվածության համամասնությունը:
- Կատարել հանրային պաշտպանի աշխատանքների մասնագիտական տարանջատում ՝ ըստ քրեական և քաղաքացիական գործերի։
- Հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով ապահովել անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների նշյալ իրավունքի առավել արդյունավետ իրացումը ՝ հատկապես սեփականության, գումարի, բնակարանների բռնագանձման հայցերով դատական գործերում։
- Դատական տեղեկատվական համակարգում (www.datalex.am) դատական նիստերի կայացման վայրի և ժամի մասին տեղեկությունը պետք է համապատասխանի փաստացի դատական նիստի կայացման վայրին ։
- Դատական տեղեկատվական համակարգում (www.datalex.am) սահմանափակ տեղեկատվությամբ նիստերի կայացման օրը, ժամը և վայրը պետք է առկա լինի։
- Դատարաններում գործարկել ,,Դատալեքս,, տեղեկատվական սարքավորումը և դատական նիստերի վերաբերյալ տեղեկություն ցուցադրող մոնիտորը։
- Ներդնել հանրային պաշտպանների աշխատանքների խրախուսման մեխանիզմներ՝ թիրախային խմբերում ընդգրկված քաղաքացիներին իրավաբանական աջակցության ցուցաբերման գործընթացներում։
- Ներդնել հանրային պաշտպանների տարեկան հաշվետվությունների ներկայացման, մամլո ասուլիսների կազմակերպման, հանրային քննարկումների մեխանիզմ՝ հանրային պաշտպանների գործունեության թափանցիկության խթանման համար:
- Օրենսդրությամբ պաշտպանի պարտադիր մասնակցություն նախատեսել ոչ միայն կասկածյալի և մեղադրյալի կարգավիճակում, այլ նաև նախաքննչական, քննչական գործընթացներում ներգրավված տուժողի և վկայի կարգավիճակում գտնվող զինծառայողների համար /ՀՀ ՔԴՕ Հոդված 69/։
- Արագացաված կարգով դատական քննություն անցկացնելու միջնորդություններ ներկայացնելը պետք է բխի պաշտպանյալի շահերից, այլ ոչ թե հանրային պաշտպանի կամ դատավարության այլ կողմերի ծանրաբեռնվածության թեթևացման ենթադրյալ պատճառաբանությունից։
- Օրենսդրորեն նախատեսել պետության կողմից տրամադրվող անվճար իրավաբանական օգնության արդյունավետության և որակի գնահատման կամ վերաhսկողության մեխանիզմներ։
Անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրման հասանելիության հիմնախնդիրների լուծումները չեն սահմանափակվում միայն վերը նշված առաջարկություններով, գոյություն ունեն այլ գործիքներ և մեթոդներ, սակայն նշված առաջարկությունները կարող են արդյունավետ միջոցներ հանդիսանալ հիմնախնդրի լուծմանը նպաստելու համար։
Հայտարարրությունը բաց է միանալու համար ։
- ․ Իրավունքների Տեղեկատվական կենտրոն ՀԿ
- ․ Գորիսի մամուլի ակումբ ՀԿ