Georgian IDPS still stuck in Limbo (Armenian)
Համակարգման բացակայության պատճառով՝ տասնյակ հազարավոր մարդիկ դեռեւս վերաբնակեցման իրենց հերթին են սպասում, չնայած իրականացվող բազում աջակցության ծրագրերի:
Ռեգինա Եգորովա-Ասկերովա
25-ը հունվարի, 2016թ.
Վրաստան
Համաշխարհային ձայներ# 802
https://goo.gl/xgDtHs
Վրաց-աբխազական հակամարտությունից ավելի քան 20 տարի է անցել, սակայն պատերազմի ընթացքում տեղահանվածներից շատերը շարունակում են ապրել ժամանակավոր կացարաններում:
Իրեն անկախ պետություն հռչակած Աբխազիան 2008-ին ճանաչվել է Ռուսաստանի կողմից, սակայն Թբիլիսին պնդում է, որ անջատողական տարածքը պետք է վերադառնա Վրաստանի կենտրոնական իշխանության վերահսկողության տակ:
Քանի դեռ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում բացակայում է առաջընթացը, որը թույլ կտար ներքին տեղահանված անձանց (ՆՏԱ) տուն վերադառնալ, նրանք դեռ սպասում են իշխանությունների նախաձեռնած վերաբնակեցման ծրագրի իրականացմանը:
ՆՏԱ-ներից շատերը դեռեւս ապրում են իրենց բարեկամների ու ընկերների հետ կամ բնակվում են նախկին հիվանդանոցների, մանկապարտեզների, գործարանների, հյուրանոցների ու դպրոցների շենքերում: (Ավելի մանրամասն՝ տես ֆոտոպատմության անգլերեն տարբերակը https://iwpr.net/global-voices/georgia-strangers-their-own-land):
Խնդիրը հատկապես սուր է Վրաստանի արեւմուտքում՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում: Այս շրջանում ներքին տեղահանված անձանց թիվը հասնում է 84 հազարի, ինչը մայրաքաղաք Թբիլիսիից հետո երկրորդ ցուցանիշն է երկրում:
IWPR-ի նախաձեռնած վերջին կլոր սեղան քննարկման ժամանակ, փորձագետները եկան այն միասնական կարծիքին, որ համակարգման բացակայությունը մեծապես խոչընդոտում է պետական եւ զանազան տեղական ու միջազգային կառույցների՝ ՆՏԱ վերաբնակեցման ծրագրերի իրականացմանը:
«Հաղորդակցման հետ կապված խնդիրներ կան: Տարիներ շարունակ ինչ-որ բան բոլորն են արել՝ պետությունը, ՀԿ-ները ու միջազգային հանրությունը: Բոլորն էլ ուզում են օգնել, սակայն ՆՏԱ-ների կյանքը դրանից չի բարելավվում: Եվ շատերը կարծում են, թե սա անվերջանալի գործընթաց է լինելու: Շատերը պատկերացում անգամ չունեն, թե ինչ հնարավորություններ ունեն, ինչպես է աշխատում վերաբնակեցման համակարգը, եւ ով է դրա համար պատասխանատու», - ասում է տեղական «Աթինաթ» ռադիոկայանի աշխատակից Մայա Պիպիան, ով հարկադրաբար տեղահանվել է Աբխազիայից:
Քննարկմանը, որը տեղի ունեցավ Վրաստանի արեւմտյան Զուգդիդի քաղաքում 2015-ի նոյեմբերի վերջին, մասնակցում էին 22 պետական պաշտոնյաներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ եւ իրավապաշտպան ակտիվիստներ:
Նրանք տեղյակ էին, թե ինչպես էին կառավարության հավակնոտ նախագծերը ձախողվել վատ հաղորդակցության եւ համակարգման պատճառով:
Այսպես, Վրաստանի ներքին տեղահանված անձանց հարցերի նախարարությունը «Գյուղական տուն» նախագիծն էր գործարկել 2014-ին: ՆՏԱ-ները կարող էին դրամաշնորհ ստանալու դիմում ներկայացնել, որը թույլ կտար նրանց ընտանիքի անդամների թվին համապատասխան ստացած գումարով տուն գնել ցանկացած գյուղական վայրում: Ըստ այս ծրագրի՝ ամուսնական զույգը կարող էր ստանալ 17 000 լարի (7 000 դոլար), իսկ երեք կամ չորս անդամներից բաղկացած ընտանիքը՝ 21 000 լարի (8 700 դոլար):
Դժբախտաբար, գյուղական տուն ձեռք բերելու գործընթացն այնքան բարդ էր, որ քչերը որոշեցին օգտվել ծրագրից:
«Իրավական պաշտպանության ինստիտուտ» ՀԿ-ի ներկայացուցիչ Ռուսուդան Պախկորիան նշեց, որ ոչ բոլոր ՆՏԱ-ներն էին տեղյակ ծրագրից: Բացի այդ, ողջ գործընթացը՝ սկսած դիմումը ներկայացնելու փուլից, մինչեւ տուն ստանալը չափազանց երկարատեւ էր:
Պախկորիայի պարզաբանմամբ՝ ՆՏԱ-ներն ամենուր ստիպված էին պայքարել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար: 2014-ի տվյալներին հղում կատարելով՝ նա ասաց, որ տեղահանվածների 45 տոկոսը տեղեկատվության հիմնական աղբյուր է համարում ՆՏԱ-ների հարցերի նախարարությունը: Հարցվողների եւս 28 տոկոսը այլ ՆՏԱ-ներից էր տեղեկատվություն ստանում, իսկ 27 տոկոսը՝ ԶԼՄ-ներից, եւ միայն մեկ տոկոսն էր տեղեկատվություն ստանալու համար օգտվում համացանցից:
ՆՏԱ-ներն «անմիջապես նախարարություն են գնում, զանգահարում ընդունարան եւ նամակներ գրում: Եվս մեկ մեծ խնդիր գոյություն ունի. որպես կանոն, նրանց թերի տեղեկատվություն են տրամադրում: Եվ գրեթե միշտ նրանք այդ տեղեկատվությունը չեն էլ հասկանում», - ասում է Պախկորիան:
Նա հավելում է, որ պետական պաշտոնյաները բոլորին անխտիր նույն նամակներն են ուղարկում եւ տալիս նույն՝ նորմերի եւ օրենքների մասին իրավաբանական ձեւակերպումներով լի բյուրոկրատական պատասխանները:
«Մեզ մոտ բոլորը գալիս են մեկ հարցով՝ սա ի՞նչ է նշանակում: Ուստի՝ միշտ ստիպված ենք լինում ամեն ինչ բացատրել: Սա ձգձգվող գործընթաց է», - ասում է Պախկորիան:
Վրաստանի արեւմուտում գործող «Saunje» ՀԿ-ի ղեկավար Յագո Պասանձեն համակարծիք է նրան:
«Իրականում, անգամ ՀԿ-ներն իրար հետ ունեցած տեղեկատվությունը չեն կիսում, ուր մնաց՝ ՆՏԱ-ներն իրենք: Զարմանալի չէ, որ ՆՏԱ-ների վերաբնակեցման հատուկ գործողությունների ծրագրի ու այլ կարեւոր նախագծերի արդյունավետությունն այդքան ցածր է», - ասում է նա:
Զուգդիդիի քաղաքպետարանի սոցիալական ծառայությունների վարչության պետ Գոգի Ռեվիան IWPR-ի նախաձեռնած քննարկման ժամանակ հակիրճ ներկայացրեց քաղաքապետարանի «համակարգային մոտեցումը», որը ՆՏԱ-ների առավել պարզեցված աջակցության համակարգ էր իրենից ներկայացնում եւ թույլ էր տալիս նրանց մեկ վայրում պետական աջակցության ծրագրերի մասին եղած միանգամից ողջ տեղեկատվությունը ստանալ:
Ռեվիայի խոսքով՝ այս մոտեցումը կարող է չափազանց արդյունավետ դառնալ, եւ քաղաքապետարանն այժմ պատրաստվում է այն ավելի հրապարակային դարձնել:
Օգնության բոլոր հասանելի ծրագրերի ցանկը կարելի է գտնել Զուգդիդիի քաղաքապետարանի կայքում, սակայն արձագանքներիը թույլ են տալիս ենթադրել, որ կայքից այնքան էլ հեշտ չէ օգտվել:
Ի վերջո, քննարկման մասնակիցները եկան ընդհանուր եզրակացության, որ տարբեր կառույցնների կողմից նախաձեռնած ՆՏԱ աջակցության ծրագրերի մասին տեղեկատվություն պարունակող մեկ համընդհանուր աղբյուրը կարող է խիստ օգտակար լինել:
Ներկայում, պետական ֆինանսավորմամբ գործող սոցիալական աջակցության ծրագրերի մասին քիչ են տեղեկացված անգամ նրանք, ովքեր աշխատում են այս ոլորտում:
Livepress.ge էլեկտրոնային լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Գերոնտի Կալիչավան ասաց, որ իր կայքը հաճախ է լուսաբանում ՆՏԱ-ների խնդիրները, վերաբնակեցման համակարգի թերություններն ու այս ոլորտում իրականացվող նախագծերը:
Սակայն անգամ Կալիչավայի նման պրոֆեսիոնալ լրագրողի համար երբեմն շատ դժվար է լինում տեղեկատվություն հայթհայթել այս կամ այն նախագծի վերաբերյալ:
«Չէի կարողանում պարզել, թե ով էր, ըստ իշխանությունների տարածած հայտարարության, երկու նոր բնակելի թաղամաս կառուցելու ՆՏԱ-ների համար Զուգդիդիում, եւ որքան ժամանակ կպահանջվեր շինարարությունն ավարտելու համար», - պարզաբանում է Կալիչավան:
Քննարկման մասնակիցները նաեւ մատնանշեցին ՆՏԱ-ների վերաբնակեցման գործընթացի անկազմակերպ բնույթը. այսպես՝ ակնկալվում է, որ ՆՏԱ-ները պետք է տեղափոխվեն այս մասին ծանուցում ստանալուց անմիջապես հետո, ընդ որում՝ շատ քիչ տեղեկություններ ունենալով այն մասին, թե ուր են գնում եւ ինչ պայմաններում պետք է ապրեն:
Հարցի քննարկման ավարտին «Saunje» ՀԿ-ի ղեկավար Պասանձեն հույս հայտնեց, որ IWPR-ի կազմակերպած միջոցառումը «կհանգեցնի տարբեր շերտերի միջեւ հաղորդակցության թերությունների էական շտկմանը»:
«Ցանկալի է, որպեսզի հաջորդ հերթական հանդիպումները թեմատիկ ուղղվածություն ունենան եւ նվիրվեն որոշակի խնդիրների, ինչպիսիք են՝ նախարարության եւ համայնքի միջեւ եղած խնդիրները, վերաբնակեցումը, աշխատատեղերի հասանելիությունը եւ այլն», - հայտարարեց Պասանձեն:
Պասանձեի կարծիքը կիսում է «Tanaziari» ՀԿ-ի ներկայացուցիչ Խաթունա Բեչավիան. «Բոլոր կողմերի հիմնական խնդիրը ՆՏԱ-ների հետ ունեցած թույլ հաղորդակցական կապն է: Նրանք նույնպես պետք է ներգրավվեն նման քննարկումներին, որոնք պետք է պարբերաբար անցկացվեն»:
Կլոր սեղան քննարկումը կազմակերպվել էր «Կանայք՝ հանուն հավասարության, խաղաղության եւ զարգացման Վրաստանում» նախագծի շրջանակներում, որն իրականացվում է «ՄԱԿ կանայք» կառույցի աջակացությամբ, եւ IWPR-ի «Կանայք միավորվում են հանուն խաղաղության. ձայն հանուն փոփոխության» նախագծի շրջանակներում, որն իրականացվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ:
Ռեգինա Եգորովա-Ասկերովան IWPR-ի դասընթացավար եւ կայքի խմբագիր է Վրաստանում:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Համաշխարհային ձայներ» պարբերականից: