Impact of the Development of Metallurgy in Armenia on the Environment and Human Health
Աղբյուրը՝ www.ecolur.org
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ 2019 թվականի հունիսի 24-ին` ժամը 12:00-ին, «ԻԲԻՍ» հյուրանոցի «Կարին» սրահում (Երևան, Հյուսիսային պողոտա 5/1) Բնապահպանական հանրային դատարանը կքննի «Հայաստանում զարգացող մետաղական հանքարդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա» գործը՝ ըստ լրագրող Թեհմինե Ենոքյանի դիմումի:
Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության էքստենսիվ զարգացման, նոր տեխնոլոգիաների չներդրման, օգտակար հանածոների արդյունահանման էժան տեխնոլոգիաների շարունակական կիրառման արդյունքում մեծ քանակությամբ հազվագյուտ և ցրված էլեմենտների չկորզման և հանքանյութերի մշակման ամբողջական ցիկլի չապահովման արդյունքում Հայաստանի համար ստեղծվել են լուրջ մարտահրավերներ, որոնց հաղթահարումը պահանջում է ահռելի գումարներ: Առանձին դեպքերում հանքարդյունաբերության հետևանքներն ուղղակի անհնարին կլինի վերացնել։
Հայաստանում տարեցտարի ավելանում են ծանր մետաղներով և տոքսիկ նյութերով աղտոտված հողատարածքները, գետերը, գյուղմթերքը: Գյուղատնտեսական նշանակության, անտառային հողերը վերածվում են հանքարդյունաբերական ենթակառուցվածքների, լցակույտերի տարածքների:
Հանքարդյունաբերության ոլորտը չի ապահովում շրջակա միջավայրի պահպանության, բարելավման և վերականգնման, բնական պաշարների ողջամիտ օգտագործման պահանջները, և սա տեղի է ունենում պետության կողմից հանքարդյունաբերական բիզնեսի նկատմամբ թույլ հսկողության և վերահսկողության պայմաններում: Իր հերթին Հայաստանում գործող օրենսդրությունը թույլ է տալիս հանքարդյունաբերական բիզնեսին չնչին գումարներ վճարել բնության աղտոտման, պատճառած վնասի դիմաց, չվճարել երկրի տարածքում գտնվող պոչամբարներում կուտակված 1 միլիարդ տոննա և ավելի հանքարդյունաբերական թափոնների համար:
Մինչ օրս պաշտոնապես հաստատված չէ հանքարդյունաբերության ազդեցությունը մարդու առողջության վրա այն դեպքում,երբ միջազգային կառույցների ուսումնասիրությունները և գիտական գրականությունը հիմնավորում են ծանր մետաղների ազդեցությունն առողջության վրա:
Հանրային դատավարության ընթացքում կքննվի ՀՀ պետական լիազոր մարմինների` ՀՀ նախկին կառավարության, ՀՀ բնապահպանության, ՀՀ առողջապահության, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության նախարարությունների, Բնապահպանության տեսչական մարմնի մասնակցությունը և պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի համար: