Interview with EPF NB head Varsik Nerkararyan (in Armenian)
ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցչին հարցազրույց է տվել ԵՀՀ հյուսիսային մասնաճյուղի ղեկավար Վարսիկ Ներկարարյանը, որը ներկայացնում ենք ստորև։
2019թ. մայիսի 2-ին հարցազրույց ունեցանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2012թ. շրջանավարտ, «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի գրասենյակի և ծրագրերի ղեկավար, «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամի Դիլիջանի համայնքային կենտրոնի անգլերեն լեզվի խմբակների համակարգող Վարսիկ Վարդգեսի Ներկարարյանի հետ:
– Խնդրում եմ՝ նշեք Ձեր ծննդյան թիվը և վայրը:
– Ծնվել եմ 1991թ. հունիսի 26-ին Իջևանում:
– Պատմեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի մասին:
– Մեծ եղբայրս փաստաբան է, 2017 թվականին Իջևանում հիմնել է «Ներկարարյան իրավաբանական գրասենյակ»-ը և այդ ժամանակվանից մատուցում է փաստաբանական ծառայություններ: Փոքր եղբայրս զբաղվում է ձեռնարկատիրությամբ:
Ծնողներիս գործն ամենաբարդն ու ծանրն է. նրանք օգնում են մեզ՝ երեքիս:
– Փոքր հասակում ի՞նչ եք երազել դառնալ:
– Ուզում էի դառնալ թարգմանիչ կամ ուսուցիչ: Երկուսն էլ իրականություն է դարձել: Երբեմն նաև երազում էի աշխատել ինչ-որ մեծ ու հետաքրքիր կազմակերպությունում, այնպիսի աշխատանք էի ուզում, որ ոչ թե պարզապես աշխատեի, այլ ապրեի այդ աշխատանքով: Այս հարցում էլ կարողացա երազանքս իրականություն դարձնել: Միակ երազանքս, որ դեռևս իրականություն չէ՝ վարդերի ջերմոցում աշխատելն է:
– Ի՞նչ կրթություն եք ստացել:
– Ֆորմալ կրթությունս ստացել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում. սովորել եմ Հումանիտար գիտությունների ֆակուլտետում՝ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությամբ: Ունեմ բակալավրի աստիճան: Ֆորմալ կրթությանս զուգահեռ՝ մասնակցել եմ տարբեր կարճաժամկետ ու երկարաժամկետ վերապատրաստումների Հայաստանում, Ֆրանսիայում, Հունգարիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Լեհաստանում, Թուրքիայում և Գերմանիայում:
– Ի՞նչ դեր է խաղացել ԵՊՀ ԻՄ–ում ստացած կրթությունը Ձեր կյանքում:
– Եթե կարճ, ապա կարող եմ ասել, որ ԵՊՀ ԻՄ-ում ես սովորել եմ սովորել: ԵՊՀ ԻՄ-ում ես ոչ միայն գիտելիք եմ ստացել, այլև ձեռք եմ բերել աշխատանքային փորձ:
– Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք:
– 2012 թվականին, երբ դեռ ուսանող էի, աշխատում էի «Հայաստանի Ամերիկյան Խորհուրդներ» կազմակերպության «Ուսանող դեսպան» ծրագրում՝ որպես Տավուշի մարզի ուսանող դեսպան: Միևնույն ժամանակ Խաղաղության կորպուսի կամավոր Թամարա Ինգլանդի հետ ԵՊՀ ԻՄ-ում կազմակերպում և իրականացնում էինք անգլերեն լեզվի խմբակներ: Հիշում եմ՝ գրեթե միշտ 7-ին էի տուն գնում համալսարանից: Հոգնեցնող էր իհարկե, բայց ամեն օրս իմաստալից էր, ամեն օր մի նոր բան էի սովորում: Այս աշխատանքիս զուգահեռ՝ «ՍՕՍ – մանկական գյուղեր» ՀԲՀ-ի Իջևանի մասնաճյուղում կամավոր սկզբունքով իրականացնում էի անգլերենի ուսուցում:
2014 թ.-ից մինչև հիմա դասավանդում եմ «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամի Դիլիջանի համայնքային կենտրոնում (այն ժամանակ կոչվում էր «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի Դիլիջանի երիտասարդական կենտրոն):
Որպես թարգմանիչ աշխատել եմ նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ−ի կողմից դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային պատվիրակության հետ:
Որպես հետազոտող աշխատել եմ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Հասարակական կազմակերպությունների քարտեզագրում» ծրագրում:
2013 թվականին «Երիտասարդական Խաղաղարչական ճամբար» ծրագրում որպես թրեյներ աշխատել եմ Բուդապեշտում (Հունգարիա):
Նույն թվականին Բուդապեշտից վերադառնալուց անմիջապես հետո սկսեցի աշխատել «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղում՝ սկզբում որպես գրասենյակի և ծրագրերի համակարգող, այժմ արդեն որպես ծրագրերի և գրասենյակի ղեկավար: Հիմա իրականացնում ենք «Իջևան ինֆոտուն» և «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրերը:
– Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:
– Այս պահին երկու գիրք եկավ միտքս՝ Ժյուլ Վեռնի «Տասնհինգամյա նավապետը» և Ռոբերտ Սթիվենսոնի «Գանձերի կղզին»:
– Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:
– Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը», որն, անկեղծ ասած, այնքան էլ չհավանեցի:
– Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում, և ո՞րն է Ձեր սիրած երգը:
– Բլուզ, ջազ և այսպես կոչված կլասիկ ռոք: Սիրած երգեր շատ ունեմ այս ոճերի մեջ՝ Frank Sinatra – “Killing me softly”, “Fly me to the moon”, Lenoard Cohen – “Dance me to the end of love”, “Leaving the table”, Chris Rea – “And you my love”, “The way you look tonight”, “Blue café”, “Thinking of you”: Սրանք այն ստեղծագործություններն են, որոնք միշտ լսում եմ՝ անկախ տրամադրությունից:
– Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:
– Ֆիլմերի սիրահար չեմ, բայց գրեթե ամեն շաբաթ հավաքվում ենք՝ ինչ-որ ֆիլմ դիտելու: Ընկերներս են հիմնականում առաջարկում ինչ նայել: Ֆիլմ նայելն ինձ համար ավելի շատ ընկերներիս հանդիպելու, նրանց հետ զրուցելու առիթ է:
– Ունե՞ք նախընտրելի մարզաձև:
– Այո՛, սիրում եմ բադմինթոն, վոլեյբոլ և թենիս: Վերջինիս հնարավորությունը, ցավոք, Իջևանում չունենք:
– Ո՞րն է Ձեր սիրած վայրը Հայաստանում և արտերկրում:
– Հայաստանում սիրում եմ Իջևանը, մասնավորապես՝ Քանդակների այգին: Դիլիջանը, որն իմ երկրորդ բնակավայրն է կարծես դարձել, նույնպես սիրելի ու հարազատ է ինձ: Երևանում սիրում եմ Աբովյան փողոցը:
Արտերկրում ամենաշատը սիրում եմ Ստրասբուրգը՝ մասնավորապես գետափնյա ճեմուղիները: Մյուս քաղաքը, որ հավանել եմ, Բեռլինն է, որը ես անվանում եմ մարդակենտրոն քաղաք:
– Ո՞ր հատկանիշներն եք գնահատում մարդկանց մեջ:
– Չորս կարևոր հատկանիշ կարող եմ նշել՝ բարեկրթություն, ինտելեկտ, պարկեշտություն և համեստություն: Այս հատկանիշներն ինձ համար նաև նախապայման են հարաբերություններ կառուցելու համար:
– Ունե՞ք նախընտրած ասույթ կամ կարգախոս, որով առաջնորդվում եք:
– Կյանքիս տարբեր փուլերում ունեցել եմ կարգախոսներ, բայց հիմա կա՛մ չունեմ, կա՛մ դրանք այնքան են դարձել ինձ հարազատ ու գուցե նաև դարձել կենսակերպ, որ չեմ նկատում, որ ունեմ:
– Ի՞նչ երբեք չեք անի:
– Երբեք ձեռք չեմ տա սարդի, բայց դե կյանք է:
– Ինչի՞ց եք վախենում:
– Վախեր իհարկե ունեմ, բայց աշխատում եմ դրանց մասին նույնիսկ չմտածել:
– Ինչի՞ համար եք ափսոսում:
– Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, քանի որ վստահ եմ, որ տվյալ պահին ես արել եմ ամեն ինչ իմ ուժերի ներածին չափով, եթե նույնիսկ ինչ-որ բան ձախողել եմ: Հավատում եմ տվյալ պահին իմ կայացրած որոշման ճիշտ լինելուն:
– Ի՞նչն է օգնում Ձեզ որոշում կայացնել դժվարին իրավիճակներում:
– Ցանկացած իրավիճակում հանգստություն պահպանելը, արագ որոշում չկայացնելը և իրավիճակը տարբեր կողմերից դիտարկելը:
– Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:
– Ես համարում եմ, որ ունեմ ձեռքբերումներ և գիտակցում ու գնահատում եմ դրանք, օրինակ՝ ուսումս, աշխատանքս կամ ընտանիքս, ընտանեկան ջերմությունն ու սերը, որ մեր ընտանիքում բոլորս ենք ստեղծում, սակայն ամենամեծ ձեռքբերումս դեռ առջևում է: Չնայած, մյուս կողմից, հակված եմ մտածելու, որ չկա ամենամեծ ձեռքբերում, կան ձեռքբերումներ, որոնք ունենալով՝ դու դառնում ես այն, ինչ կաս:
– Ո՞րն է հաջողության հասնելու Ձեր բանաձևը:
– Չեմ կարծում, որ հնարավոր է ունենալ այնպիսի բանաձև, որ բոլոր իրավիճակներում աշխատի, քանի որ մտածում եմ, որ կյանքում ոչ մի դեպք նույնը չի լինում: Ամեն իրավիճակի ու նպատակի համար պետք է ստեղծել նոր բանաձև:
– Ո՞րն է Ձեր ստացած ամենաթանկ խորհուրդը:
– Սովորաբար խորհուրդներ չեմ սիրում ստանալ և ոչ էլ տալ: Սիրում եմ կարծիքներ լսել և ինքս իմ եզրահանգումն անել: Խնդրում եմ մեծամտություն չհամարել:
– Ո՞րն է այն հիմնական խորհուրդ–պատգամը, որ Դուք կտաք երիտասարդներին (մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին):
– Քանի որ ասացի, որ չեմ սիրում խորհուրդներ տալ, ես կասեմ այն, ինչն ինձ օգնել է հաջողության հասնելու հարցում: Երբեք չեմ մտածել, որ հավես չունեմ կամ հոգնած եմ: Սկզբում երբեք չեմ մտածել, թե ինչքան աշխատավարձ եմ ստանալու, այլ մտածել եմ, թե դա ինձ ինչ նոր հմտություն, կարողություն, գիտելիք ու փորձ կտա: Շատ ժամանակ աշխատել եմ որպես կամավոր, նույնը, եթե ժամանակ եմ գտնում, անում եմ հիմա: Դա ինձ հնարավորություն է տալիս նոր բան փորձել, նոր բան սովորել:
Եթե համալսարանում ինչ-որ բան պակասել է ինձ, մտածել եմ, թե որտեղից կարող եմ այն ձեռք բերել: Օրինակ՝ անգլերեն լեզվի կրող, երբ ես սովորում էի, չկար համալսարանում: Ես ճանաչում էի Խաղաղության կորպուսի կամավորներին և առաջարկեցի, որ համալսարանին էլ կամավոր կցվի: Դիմեցի դեկանին, վերջինս էլ խոսեց տնօրենության հետ, ըստ այդմ՝ ոչ միայն այդ տարի ունեցանք, այլև հաջորդիվ. արդեն չորրորդ կամավորն է գալիս ԵՊՀ ԻՄ: Մասնաճյուղում ստեղծվել է նաև Անգլերենի ռեսուրս կենտրոն, որտեղ այժմ անգլերենի դասեր են կազմակերպվում, և բազմաթիվ նյութեր ու գրականություն կա:
Եվ, ամենավերջինը, ես երբեք չեմ լսել այն մարդկանց, ովքեր ինձ ասել են, որ այս կամ այն բանն անել չեմ կարող, եթե հստակ գիտեմ՝ ինչ եմ ուզում անել և ինչպես, փորձել եմ ու հիմա էլ փորձում եմ ինձ շրջապատել դրական մարդկանցով:
– Շատ շնորհակալ ենք ինքնատիպ հարցազրույցի համար:
Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ
կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը: