Interview With Isabella Sargsyan On Hate Speech
Հարցազրույցի աղբյուրը՝ https://restarttimes.am/
Շարունակելով ատելության խոսքի, դրա դրսևորման և վտանգների մասին թեման՝ Restart Times-ն այս անգամ զրուցել է Եվրասիա Համագործակցություն հիմնադրամի Մարդու իրավունքների ծրագրի ղեկավար Իզաբելլա Սարգսյանի հետ:
-Հարգելի՛ տիկին Սարգսյան, արդյոք ատելության խոսքը ունի սահմանում, և եթե այո, ապա ինչպե՞ս է այն սահմանվում
-Պետք է տարանջատել երկու հասկացություն։ Ատելության հիմքով հանցագործություններ (hate crimes), որի սահմանումը շատ հստակ կա, և ատելության խոսք (hate speech): Ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ միջազգային իրավունքի շրջանակներում ընդունված մոտեցումներ գոյություն ունեն: Ատելության հիմքով հանցագործություն ասելիս հիմնականում հասկանում ենք, որ կա հանցագործություն, որը որ ընդգրկված է տվյալ երկրի քրեական օրենսգրքի շրջանակներում, ինչպես նաև ատելության հիմք՝ որևէ հատկանիշով (սեռ, ազգություն, կրոն, ռասա, գենդերային ինքնություն և այլն):
Ատելության խոսքը չունի միջազգայնորեն ընդունված ձևակերպում: Տարբեր երկրներում կան տարբեր սահմանումներ, ընդ որում, որքան ավելի ժողովրդավարական է երկիրը, այնքան այդ սահմանումները ավելի ընդհանուր են։ Դժվար է համընդհանուր ձևակերպում տալ ատելության խոսքին, քանի որ հասկանալի է, որ ատելության խոսքը և խոսքի ազատությունը իրար հետ բախման մեջ են գտնվում: Եվ քանի որ կա նաև շատ բացասական փորձառություն ավտորիտար, տոտալիտար հասարակություններում, երբ ազատ խոսքը սահմանափակվում է ամենատարբեր դրդապատճառներով, շատ ժողովրդավարական երկրներ խուսափում են կամ խուսանավում են ատելության խոսքին նեղ սահմանում տալ և, օրինակ, քրեականացել:
-Խոսեցիք ազատ խոսքից, ուստի արդյո՞ք ատելության խոսքը կարելի է որակել ազատ խոսք
-Տեսեք, տարբեր երկրներում կան շատ տարբեր մոտեցումներ, որոնք մեծապես պայմանավորված են պատմական ընթացքով: Օրինակ՝ ԱՄՆ-ում չկա ատելության խոսքի հատուկ կարգավորում կամ սահմանափակում, քանի որ խոսքի լիակատար ազատությունը ամրագրաված է ԱՄՆ Սահմանադրության Առաջին ուղղմամբ, սակայն ատելության հիմքով հանցագործությունների պարագայում սահմանված է շատ խիստ պատիժ: Այսինքն, եթե պարզվի, որ այդ խոսքին հետևում է հանցանք, հետաքննությունը կլինի շատ լուրջ, ու պատժամիջոցները՝ խիստ: Եվրոպական երկրներում ատելության խոսքի սահմանումներն ու կիրառությունը հաճախ հիմքում ունեն ազգային և կրոնական պատերազմների փորձը, ինչպես նաև Երկրորդ համաշխարհայինի դառը դասերը: Դա է պատճառը, որ եվրոպական երկրների ատելության խոսքին վերաբերող հոդվածները հիմնականում վերաբերում են ռասայական, կրոնական կամ ազգային հիմքերին։ Կան երկրներ, օրինակ, Միացյալ Թագավորությունը, որտեղ Հոլոքստի հրապարակային մերժումը կարող է կոնկրետ իրավական հետևանքների հանգեցնել:
Իհարկե, խոսքի ազատություն ասելով չի կարելի հասկանալ ամենաթողություն։ Համացանցի ու սոցիալական մեդիայի տարածմամբ, ամբողջ աշխարհում ատելության խոսքի դեմ էֆետկիվ պայքարի եղանակները շատ արդիական են դարձել։ Սակայն ճիշտ ձևակերպում գտնելը, արտահայտման ու ազատ խոսքի հետ նուրբ սահման գծելը բավական բարդ է։ Սա միայն իրավական հարց չէ, որը հնարավոր է կարգավորել օրենքով, այն բազմաթիվ աղերսներ ունի այլ խնդիրների ու ոլորտների հետ՝ քաղաքական, մշակութային, կրթական։ Շատ երկրներում մանավանդ «երիտասարդ ժողովրդավարություններում» նպատակահարմար են գտնում, այնուամենայնիվ, խիստ նորմերով չկարգավորել, քանի որ դրանք հետագայում կարող են լրջորեն սահմանափակել ազատ խոսքը և արտահայտման ազատությունը:
-Արդյո՞ք Հայաստանում, իրականում, ատելության խոսքը տարածում ունի
-Նորից պետք է հասկանալ, թե ինչ ենք հասկանում ատելության խոսք ասելով: Հայաստանում ակնհայտորեն կա հայհոյանք, կա անձնական վիրավորանք, կա զրպարտություն, կա սպառնալիք: Կա նաև հենց խտրական սկզբունքով ատելության խոսք՝ կանանց, կրոնական համայնքների, այլազգիների, այլ խմբերի հանդեպ։ Այս դրսևորումների մի մասը, ի դեպ, օրենքով կարգավորված է,այստեղ հանգուցային է իրավապահ մարմինների աշխատանքը։ Ձևակերպումից ավելի կարևոր է օրենքի կիրարկումը։
Ատելության խոսքի քրեականացումը կամ դրան նեղ ձևակերպում տալը հղի է ռիսկերով։ Շատ ռեպրեսիվ երկրներում, որտեղ ընդունված և գործում են նման օրենքներ, դրանք, որպես կանոն, կիրառվում են ընդդեմ քաղաքացիական հասարակության, ակտիվիստների, քաղաքական ընդդիմախոսների: Նախորդ իշխանությունը, օրինակ, զրպարտություն հոդվածի կիրառմամբ փորձում էր իր համար անհարմար լրատվամիջոցները լռեցնել։
Այս ամենը բնավ չի նշանակում, որ ընդհանրապես ոչինչ պետք չէ անել։ Սակայն շտապելով ու ատելության խոսքը քրեականացվելով, որևէ հարց լրջորեն չի լուծվելու։ Սակայն վտանգները, որ Հայաստանի պես երիտասարդ ժողովրդավարության պարագայում ազատ խոսքը կսահմանափակվի, շատ ավելի մեծ են։
-Հետաքրքիր է՝ ի՞նչ նպատակներ է հետապնդում ատելության խոսքը
-Այստեղ կա մասնագիտական գրականություն, որը խոսում է նրա մասին, որ ատելության խոսքի նպատակը կարող է լինել տվյալ մարդուն կամ խմբին մարդազրկելը (de-humanization): Հայտնի է, որ ցեղասպանությունների առաջին փուլը մարդկային խմբի որևէ մարդկային հատկանիշներից զրկելն է։ Օրինակ՝ Ռուանդայի ցեղասպանության ժամանակ օգտագործվում էր «խավարասեր» բառը՝ որպես սիմվոլ, տվյալ էթնիկ խումբը այլ մարդկանց աչքերում մարդկայնությունը ջնջելու նկապակով: Ատելության հիմքով հանցագործությունները շատ վտանգավոր են, քանի որ տարածման մեծ ռեսուրս ունեն։
-Եվ վերջում, ըստ Ձեզ, ո՞րն է իրական ազատ խոսքը
-Շատ դժվար հարց է: Քանի որ ես ծնվել ու դպրոց եմ գնացել Սովետական Միությունում, կարող եմ ձեզ ասել, որ ցենզուրան ու արտահայտման ազատության սահմանափոկումները շատ վատ բան են։ Երբ ինչ-որ մարդիկ քո փոխարեն որոշում են, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ: Ես վախենում եմ ազատության սահմանափակումներից։ Չեմ ասում, որ ատելությունը և հայհոյանքը պետք է դառնան նորմ, բայց դա քաղաքական շփումների և մշակույթի հարց է, վերջվերջո:
Ես տեսնում եմ ատելության խոսքի դեմ պայքարը ոչ թե իրավական գործիքներով, ոչ թե սահմանափակումներով, այլ մշակույթի փոփոխության մեջ, լրատվամիջոցների էթիկական ստանդարտների սահմանման մեջ, լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի որոշակի համայնքների և համքարությունների ստեղծման մեջ։ Սա, իհարկե, երկար քննարկումենրի ճանապարհ է, բայց հավանաբար ավելի արդյունավետ։
Հարցազրույցը պատրաստեց Միքայել Փամբուխչյանը