Judiciary and Anti-corruption reforms were discussed during the meeting at Public Council to the Minister of Justice
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ հուլիսի 20-ին տեղի է ունեցել նոր ձևավորված Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը: Վերջինին մասնակցել են արդարադատության նախարարի տեղակալներ Քրիստիննե Գրիգորյանն ու Սրբուհի Գալյանը, ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, ինչպես նաև տասից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նախարար Բադասյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ վերջին շրջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ անցկացվել են քննարկումներ, ներկայացվել են Հակակոռուպցիոն ռազմավարության՝ www.e-draft.am –ում տեղադրված նախագծի տարբերակը, որն արդեն լրամշակման փուլում է և դատաիրավական ռազմավարության Նախարարության տեսլականը, որի ամբողջական տարբերակը պատրաստ կլինի առաջիկա շաբաթներին:
Նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության և գործողությունների ծրագրում ներդրվելիք նորարարական գործիքները, ուղղված՝ միջոցառումների ֆինանսական գնահատմանը, դրանց մշտադիտարկման և գնահատատման չափելի գործիքակազմերի ներդրմանն ու իրականացված աշխատանքների վերաբերյալ պատշաճ հաղորդակցության կազմակերպմանը: Բովանդակային առումով փոխնախարարն առանձնացրել է դատավորների բարեվարքության և գույքային դրության գնահատման արդյունավետ գործող մեխանիզմների սահմանումը Դատական օրենսգրքում և հարակից օրենքներում: Քրիստիննե Գրիգորյանի խոսքով, կարճ ժամանակահատվածում ամփոփելով վերջինններիս ուղղությամբ տարվող աշխատանքները, ստանալով միջազգային մասնագիտացված կառույցների փորձաքննության արդյունքները, փաստաթղթի շուրջ կկազմակերպվեն հանրային քննարկումներ շահագրգիռ բոլոր կողմերի հետ:
Նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է Հակակառուպցիոն ռազմավարության և միջոցառումների ծրագրի նախագծի հիմնական կարգավորումները՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ու հակակոռուպցիոն կրթությանը, ինչպես նաև անդրադարձել է հակակոռուպցիոն երկու նոր մարմինների` Հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործիքակազմերին: Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ նախագիծը դեռևս լրամշակման փուլում է և դրա արդյունքում նախագծում կներառվեն նաև մոնիթորինգի իրականացման համակարգը և ռազմավարության ֆինանսական գնահատականը:
Հասարակական խորհրդի անդամներն իրենց առաջարկներն ու դիտարկումներն են ներկայացրել երկու կարևոր փաստաթղթերի վերաբերյալ, որոնց ի պատասխան նախարար Բադասյանը ներկայացրել է լուծման իր տարբերակներն ու մոտեցումները:
Հանդիպման ավարտին արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել ՀԿ-ների ներկայացուցիչներին ակտիվ ու արդյունավետ մասնակցության համար և վստահեցրել, որ այս ձևաչափով հանդիպումները կրելու են շարունակական բնույթ:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն