June 14 Award Results are Announced
Խորհրդային ժամանակների բռնադատվածների հիշատակին նվիրված «Հունիսի 14» ստեղծագործական-խորհրդանշական մրցույթի արդյունքները հայտնի են:
Ամփոփիչ արարողությունը տեղի կունենա օգոստոսի 31-ին, ժամը 17.00: Zoom առցանց հարթակի միջոցով՝ https://us02web.zoom.us/j/82747337578, Passcode: 660973
Մրցույթի նպատակն էր մասսայականացնել այդ շրջանի վերաբերյալ գիտելիքը, հիշեցնել հանրությանն այդ մասին, զրույցներ ծավալել մեր ոչ վաղ անցյալի պատմության այդ շրջանի շուրջ, ստեղծել հարթակ, որտեղ կհավաքվեն այդ պատմությունները և դրանք հանրայնացնլու և տարածելու ուղիների մասին մտածել։
Մրցույթին մասնակցեց 28 հայտ. գեղարվեստական ստեղծագործություններ, գրքեր, արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, գիտական հոդվածներ, հետազոտություններ, վերլուծություններ և վավերագրական ֆիլմեր։ Բոլոր նյութերն ուսումնասիրվել և գնահատվել են մասնագիտական հանձնաժողովի կողմից։
Հանձնաժողովի կազմում էին.
- Էվիյա Հովհաննիսյանը, սոցիալական մարդաբան, Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող,
- Տիգրան Ամիրյանը, գրականագետ, Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայի համահիմնադիր, նախագահ,
- Անահիտ Քեշիշյանը, գրականագետ,
- Սուսաննա Շահնազարյանը, լրագրող, Գորիսի մամուլի ակումբի ղեկավար,
- Սառա Խոջոյանը, լրագրող, ԵՀՀ նախագծի ղեկավար:
Ստացված հայտերի որակը հիմնականում շատ բարձր էր: Հանձնաժողովը պիտի դժվարին որոշումներ կայացներ: Գնահատման և երկար քննարկման արդյունքում, միաձայն որոշվեց.
Գլխավոր մրցանակը հանձնել Արմեն Օհանյանին Ի հիշատակ հիշատակի գործի համար:
Հատուկ մրցանակ հանձնել Ռուբինա Փիրումյանին Թավրիզից ստալինյան Գուլագ․ ընդհատված պատմություն գործի համար:
Մրցանակներ հանձնել.
Գրիշա Սմբատյանին Բախում են դռներն ու դարպասները գործի համար:
Հովհաննես Իշխանյանին Ընտանեկան ալբոմ գործի համար
Հասմիկ Ալազանին Տառապանքի ուղիներով գործի համար:
Գոհար Ստեփանյանին «Խորին վրդովմունքով բողոքում եմ…» գործի համար:
Հանձնաժողովը նաև ցանկանում է հատուկ գնահատանքով նշել հետևյալ գործերը.
Խոսրով Խլղաթյանի «Բռնադատված Ավետիք Դավուդյանի հուշերը», «Կարոտ», «Մայրություն` գերության մեջ» պատմվածքները.
Գայանե Մկրտչյանի և Նելլի Շիշմանյանի «Հայաստանի թաքնված հիշողությունը. ստալինյան բռնաճնշումներ» ֆոտոպատմությունը.
Աիդա Պապիկյանի «Երկրորդ համաշխարհային պատերազմը հերոսական պատումից դուրս» ուսումնասիրությունը.
Սեդա Մեսրոպյանի «Երկար, երկար մի ճանապարհ» պատմվածքը.
Մելանյա Պետրոսյանցի «Կապուտ ախպուրը» պատմվածքը:
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին: Չնշվածների թվում ևս կան կարևոր ու նշանակալի գործեր: Բոլոր նյութերը կմնան շրջանառման մեջ: Բոլոր մասնակիցները կստանան հատուկ հավաստագրեր:
Բացի հանդիսավոր արարողությունից, հանձնաժողովը նաև մի շարք առաջարկներ արեց նյութերի և նրանց հեղինակների, ինչպես նաև թեմայի հետ կապված հավելյալ միջոցառումների վերաբերյալ: Հետագա անելիքների գաղափարները կներկայացվեն արարողության ժամանակ:
Սիրով հրավիրում ենք ձեզ ներկա գտնվելու մրցույթի ամփոփիչ արարողությանը:
Արարողությունը կարող եք դիտել նաև ԵՀՀ ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակմամբ նույն օրը նույն ժամին։