Women's problems are community's problems. Anahit Gevorgyan's interview to ankakh.com
Սկզբնաղբյուր՝ www.martunicenter.am
Ankakh.com–ը Կանանց իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ հարցազրույց է ունեցել «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ի նախագահ Անահիտ Գևորգյանի հետ։ Ստորև կարդացեք հոդվածը։
«Շատ կցանկանայի, որ Մարտի 8-ին պաշտոնյաները կանանց ոչ թե ծաղիկներ նվիրեին, այլ յուրաքանչյուր համայնքում հավաքեին նրանց ու քննարկեին` ինչ խնդիրներ ունեն կանայք, ինչպես կարելի է դրանք լուծել ու առաջիկա մեկ տարվա ընթացքում ինչ քայլեր են ձեռնարկվելու այդ ուղղությամբ»,- ասում է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը` հավելելով, որ ներկայումս Կանանց միջազգային օրը վերածվել է պարզապես ծաղիկ նվիրելու օրվա: Գևորգյանը նշում է, որ մեծ մասամբ կանանց խնդիրները համայնքի խնդիրներն են: Դրանք լուծելու դեպքում կանայք, ինչպես և բոլորը, երջանիկ ու գոհ կապրեն: «Մարտունի քաղաքում հիմա, օրինակ, կնոջ ամենամեծ խնդիրը քաղաքի մի ծայրից մյուսը երեխային դպրոց ուղարկելն է: Եթե համայնքապետարանը հասարակական տրանսպորտի հարցը լուծի՝ կինը մի մեծ հոգսից կազատվի»,- ասում է Գևորգյանը: Անդրադառնալով կանանց խնդիրներին հատկապես մարզերում` Գևորգյանը մի քանիսն է առանձնացնում: «Ամենակարևորը կանանց առողջության պահպանման խնդիրն է,- ասում է նա:- Ամուսինների ու երեխաների առողջության նկատմամբ ուշադիր կանայք շատ անփույթ են իրենց առողջության նկատմամբ: Մինչև դանակը ոսկորին չհասնի՝ բժշկի չեն դիմի»: Նա իրավիճակը մի քանի գործոններով է պայմանավորում: Նախ՝ տան տնտեսությունը վարող կինը տեսնում է ֆինանսական ծանր վիճակը: Պետք է օրվա ապրուստ ապահովել, երեխաների ուսման ծախսերը հոգալ և այլն:
Ընտանիքի, երեխաների կարիքները հոգալուց հետո կինն ակամա իր առողջական հարցերը հետագային` ավելի բարվոք օրերին է թողնում: Գևորգյանն ասում է, որ փոքր համայնքներում կանայք նաև խուսափում են առաջնային բուժօգնության` ամբուլատորիա դիմելուց: Պատճառն այն է, որ ամբուլատորիա մտնողի խնդիրը կարճ ժամանակում հասու է դառնում ողջ գյուղին` վերածվելով խոսակցության ու քննարկումների թեմայի: Կանանց խնդիրների շարքում Գևորգյանն առանձնացնում է նաև սեռով պայմանավորված հղիության ընդհատումները: Ասում է՝ եթե կինն ինքն իր նմանին չի պաշտպանում, էլ ինչ կարելի է ակնկալել մյուսներից:
Նշում է, որ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդը» պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար է տանում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, «Փրկեք երեխաներին» կազմակերպության և Արմավիրի զարգացման կենտրոնի հետ համատեղ: Իրազեկման աշխատանքներ են տարվում Հայաստանի 25 քաղաքային համայնքներում:
«Ծրագիրը տղաների դեմ չէ, ինչպես երբեմն մարդիկ ասում են: Մենք պատերազմող երկիր ենք, մեզ տղաներ պետք են: Բայց այդ տղաներին ծնող մայրեր էլ են պետք: Մինչդեռ Գեղարքունիքի մարզում 100 աղջկա դիմաց 124 տղա է ծնվում: Սա չլսված ցուցանիշ է»,- ասում է Գևորգյանը: Նշում է, որ հանդիպումների ժամանակ փորձում են հասկանալ, թե որն է տղա երեխային նախապատվություն տալու հիմնավորումը: Հաճախ ասում են, «որ օր ծերության մեզ պահի», «որ իմ եղածը չկորչի», «որ իմ ծուխը ծխա» և այլն: Գևորգյանի խոսքով` այս պատկերացումները հնացած են, ու շարունակական ծրագրերի նպատակն է հանրության գիտակցությանը հասցնել, որ կինն ու տղամարդը հասարակությունում ունեցած դերով հավասար են:
«Երկար ժամանակ ընտանիքում քանի արու զավակ եղել է՝ այդքան էլ հող են ստացել: Իսկ հողը գյուղացու ապրուստի հիմնական միջոցն է: Այդտեղից էլ գալիս է այն պատկերացումը, որ ընտանիքի կերակրողն ու պահողն արու զավակն է»,- ասում է Գևորգյանը և նշում, որ ըստ վիճակագրության` ծերանոցներում գտնվողների 70 տոկոսից ավելին արու զավակներ ունեն: «Մարդիկ պետք է հասկանան, որ աղջիկն էլ կարող է վաստակել, կարող է հոգ տանել, աղջկա երեխան էլ իր թոռն է»,- ասում է նա:
«Խորհրդային Միության տարիներին քվոտայով կարգավորվում էր, թե որ պաշտոններում քանի կին պետք է լինի: Հիմա այդ քվոտաներով կարգավորումն առավել անհրաժեշտ է, քան խորհրդային տարիներին,- ասում է նա:- Պատկերացրեք, որևէ գյուղում կինը կարո՞ղ է սկսել բիզնեսով զբաղվել կամ իր կուսակցությունը ստեղծելու քարոզարշավ անցկացնել: Ինքնադրսևորման մի փոքր հնարավորություն կանանց համար հասարակական ոլորտում կա, բայց այստեղ էլ չափազանց դժվար է, քանի որ մեր երկրում դոնորները պակասել են»: Գևորգյանը կարևորում է, որ պետական մակարդակով այս խնդիրը գիտակցվի ու կանանց գոնե նշանակովի պաշտոններում առաջ մղեն, դրսևորվելու հնարավորություն տան:
«Խորհրդային տարիներին կինն ուսումն ավարտում էր, աշխատանքի նշանակվում: Այստեղ տեսնում էին նրա աշխատանքը, մասնագիտական ու անձնական հատկանիշները, և նա առաջ գնալու, կարիերա ստեղծելու հնարավորություն ուներ: Հիմա կինն ուսումն ավարտելուց հետո մարզային բնակավայրում աշխատելու որևէ հնարավորություն չունի»,- ասում է նա: Սա չի նշանակում, որ կանայք զբաղված չեն, իրականում ամենազբաղվածները նրանք են, քանի որ ընտանիքի հոգսն են քաշում, երեխաներ դաստիարակում, իրենց հողը մշակում և այլն: Պարզապես ստեղծված պայմաններում կինը դուրս է մնում հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում դերակատարություն ունենալու հնարավորությունից: Նրա խոսքով` գյուղերում ապրող կանայք կարոտ են տնից դուրս գալուն, ընտանիքի անդամներից բացի, մեկ ուրիշի հետ խոսելուն:
«Քայլեք ցանկացած գյուղով. տղամարդիկ գյուղամիջում հավաքված են, բայց որևէ տեղում գոնե երկու կին չեք տեսնի: Միայն մեռելատներում են կանայք հավաքվում, միմյանց հետ խոսում»,- ասում է նա: Գևորգյանն ասում է, որ խնդիրները փոխկապակցված են ու հնարավոր է միայն համալիր լուծում: Նաև ասում է, որ միայն կանանց իրազեկելով ու նրանց գիտակցությունը բարձրացնելով ևս խնդիրը չի լուծվի: «Տղամարդը տանը սիրում է իր աղջիկ երեխային: Բայց երբ դուրս է գալիս, կողքից ասում են` ո՞ւմ համար ես աշխատում: Կամ եթե կինը հասարակական ակտիվ գործունեություն է ծավալում, որևէ իրավունքի կամ նպատակի համար պայքար է մղում, նույն այդ տղամարդուն ասում են` կնոջդ սանձերը չես կարողանում ձգել: Ամեն տղամարդ չէ, որ կարող է դիմակայել այդ ճնշումներին ու չընկճվել»,- ասում է Գևորգյանը: