"Media for Informed Citizen Participation" Public Discussion
Source: infotun.armavirdc.org
Հունիսի 20-ին Արմավիր Ինֆոտանը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանրային քննարկում Նորավան համայնքի ղեկավար Արթուր Միքայելյանի մասնակցությամբ ՏԻՄ բարեփոխումների վերաբերյալ։
Բանախոսը ներկայացրեց համայնքապետի լիազորությունները, Նորավան համայնքի զարգացման պլանը, նախատեսվող և արդեն կատարված բարեփոխումները: Հատկապես առանձնացվեց լուսավորության խնդրի լուծումը, որը իրականացվել էր հանրային քննարկումներից հետո:
«Կցանկանայի, որ բնակիչները առաջարկներ ներկայացնեին, հետևողական լինեին ավագանու աշխատանքների նկատմամբ և կարևորեին այն: Եթե ավագանին աշխատի իր լիազորությունների սահմաններում, իմ գործն էլ բավականին հեշտ կլինի, գյուղն էլ կշահի»,- նշեց պրն. Միքայելյանը:
Քննարկվեց նաև ՏԻՄ նոր օրենքը, սպասվող խոշորացումներից համայնքապետը դրական սպասելիքներ չունի:
«Առանց այն էլ Արմավիրի մարզի համայնքները խոշոր են, այստեղ ծրագիրը չի աշխատի: Նորավանն այսօր կրում է համայնքների խոշորացման բացասական հետևանքը: Ժամանակին այն Լուկաշին և Խանջյան համայնքների հետ կազմել է միավորված համայնք: Այսօր Լուկաշինն ունի երկու դպրոց, երկու հանրային գրադարան, գյուղը բարեկարգ է, իսկ Նորավանը անգամ համայնքային սեփականության կիսաքանդ շենք էլ չունի, որը վերանորոգելով կարելի լիներ գոնե մանկապարտեզ կամ մշակույթի տուն կառուցել: Գյուղում որևէ հանրային կառույց ստեղծելու համար նախ պետք է մասնավորից գնել համապատասխան տարածքը»:
Համայնքի մշակութային կյանքը անմիջականորեն կապված է դպրոցի հետ: Ծրագրերն իրականացվում են դպրոցում: Գյուղի հանրային գրադարանը գործում է մասնավոր տարածքում, գրեթե այցելուներ չկան, գրականությունն էլ բավարար չէ: Նախատեսվում է փակել գրադարանը, գրականությունն էլ տրամադրել դպրոցին:
Հանդիպման մասնակիցները ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, հատկապես հետաքրքրված էին Նորավանի միջնակարգ դպրոցի աշակերտները, որոնց համար հանդիպումն առիթ էր նոր համագործակցություն սկսելու համայնքապետարանի հետ: Աշակերտները առաջարկեցին անկախ ուսումնասիրությամբ վեր հանել գյուղի խնդիրները, զրուցել բնակիչների հետ և հանդես գալ նախաձեռնությամբ:
-Անկախ հարցումները ինձ էլ են հետաքրքրում, շատ խնդիրների մասին գյուղացիները ինձ չեն ասում, բայց գիտեմ, որ դրանք կան: Ինձ համար կարևոր չէ, թե ով ինչ կասի, կարևորն այն է, որ ձեր ուսումնասիրության շնորհիվ տեղեկանամ բնակիչների խնդիրների մասին:
Արթուր Միքայելյանը կարևորեց նաև բնակիչների մասնագիտական կարողությունների և հմտությունների մասին տեղեկատվությունը: Նրա խոսքով հաճախ են եղել դեպքեր, երբ որևէ մասնագետի կարիք է զգացվել, սակայն չի իմացել տվյալ մասնագիտության տեր մարդ կա՞ գյուղում, թե՝ ոչ:
Հանդիպումն ամրապնդեց «ՏԻՄ․համայնքային բյուջե և զարգացման ծրագիր» և «Հանրային մասնակցություն» թեմաներով դասընթացներից ստացած գիտելիքները, որոնք կարող են օգտագործվել համայնքային խնդիրների լուծման ծրագրերի մշակման և բնակչություն - ՏԻՄ համագործակցության միջոցով դրանց իրականացման համար:
_____________________________________________________________________________________________
Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելի տեղեկատվությունը: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ՝ որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: