Nelli Shishmanyan. Conductor vs Photographer vs Agro Project Manager
Նյութի աղբյուրը` https://mediamax.am/am/news/mardapatum/37952/
Ատամհատիկին, դպրոցում ու անգամ ավարտական դիպլոմը ձեռքին՝ շատերը դեռ փորձում են հասկանալ՝ մասնագիտություններից որն է իրենցը: Պատահում է, որ երկար տարիներ մի ոլորտում աշխատած մասնագետը հանկարծ բացահայտում է իր «ուրիշ ես»-ը ու չի վախենում հետեւել դրան: Այդ «ես»-երն իրար լրացնում կամ հակասում, օգնում կամ բացառում են: Նա, ում հաջողվել է գտնել թաքնված «ես»-ը, իրեն ավելի ամբողջական, իրացված ու երջանիկ է զգում:
Նելլի Շիշմանյանը/ Լուսանկարը` անձնական արխիվից
Բացարձակ երաժշտական լսողությունը կանխորոշեց՝ երաժիշտ է դառնալու
Պատանեկության տարիներին մասնագիտության ընտրության հարցում մեծ ընտրություն չեմ ունեցել: Ծնվել եմ մանկավարժների ընտանիքում, ծնողներս երաժիշտներ են։ Մեր ընտանիքում, հիմա նաեւ ինձ համար, ներքին մղում է` երեխային երաժշտական կրթության տալը` անկախ օժտվածության չափից: Ես մեր ընտանիքի չորս երեխաներից միակն էի, որ մասնագիտական ճանապարհս երաժշտության հետ անցա: 13 տարեկանում դժվար է կողմնորոշվել մասնագիտության հարցում, բայց գնահատեցի ի վերուստ տրված լսողական հնարավորություններս, եւ ի վերջո, հուսախաբ չարեցի ծնողներիս, գնացի երաժշտական ուսումնարան:
Կյանքիս ուղիղ կեսն անցկացրել եմ երգչախմբերում` որպես երգիչ, խմբավար: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն իմ երկրորդ ընտանիքն է: Մինչ օրս երգչախմբի բոլոր անդամները, աշխարհի որ ծայրում էլ լինեն, իրար սատար են կանգնում: Դա մեծ հարստություն է, անփոխարինելի ձեռքբերում, որի հետեւում Տիգրան Հեքեքյանն է կանգնած: Նրա շնորհիվ է նաեւ, որ սիրեցի դիրիժորությունը. հիանում էի իր կազմակերպչական հմտություններով, ճկունությամբ, համառությամբ: Ի վերջո, կոնսերվատորիան ավարտեցի իր ղեկավարությամբ` որպես երգչախմբի խմբավար:
Երգչախմբային կյանքիս երկրորդ փուլը «Հովեր» պետական կամերային երգչախմբի հետ է կապված: Ձագուկներիս ծնվելուց հետո, երբ ամբողջովին ինձ նվիրել էի նրանց եւ կենցաղին, «Հովեր»-ը այն թթվածինն էր, որ օրվա 2.5 ժամը սնուցում էր արվեստի համար նախատեսված անոթներս: Հասկացա, որ մայրը որքան էլ նվիրվի երեխաներին, ընտանիքին, չպետք է մոռանա իր անձնական տարածքի մասին: Անկախ ամուսնու եկամտից, կինը պետք է ունենա այն տարածքը, որտեղ իրացնում է իր մասնագիտական գիտելիքները, լցվում է նոր պաշարով, հարստանում, ինքնազարգանում:
Լուսանկարը` Մանե Քրիմսոնի
Առհասարակ, շփումը երեխաների հետ մի ուրիշ աշխարհ է տանում: Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի սաների հետ անցկացրած տարիներն անմոռանալի են: Միաժամանակյա աշխատանքը 50 երեխայի հետ պահանջում է լինել ծայրահեղ ուշադիր, կայուն, ուրախ, հնարամիտ, միեւնույն ժամանակ՝ խստապահանջ: Դու ե՛ւ ուսուցիչ ես, ե՛ւ ընկեր, ինչու չէ` երբեմն նաեւ վարորդ, երբ ծնողն ի վիճակի չէ երեխային դասի բերել: Այս ամենը մեծ էներգետիկ ռեսուրսներ է պահանջում ղեկավարից, բայց ամեն ինչ փոխհատուցվում է`շնորհիվ երեխաների՝ քեզ նայող փայլուն աչքերի, քո նկատմամբ տածած սիրո եւ վստահության, դա շատ է ոգեւորում: Այն փաստը, որ քո կարիքն ունեն, ջերմացնում է, փոխադարձ կապում բոլորիս, դու ակամայից դառնում ես իրենցը, իրենք էլ՝ քոնը։
Լուսանկարը` Սեդա Գասպարյանի
Ինչպես ռեզերվում հայտնված ուսանողը դարձավ խմբի լավագույններից մեկը
Հայրս միշտ սիրել ու զբաղվել է լուսանկարչությամբ, ու ֆիքսաժի հոտը մանկությունից մնացել է մեջս, երեւակման լույսերը մոգական տպավորություն են թողել, միշտ ցանկացել եմ լուսանկարել:
Լուսանկարը` Արեգ Բալայանի
Լուսանկարը` Նելլի Շիշմանյանի
4plus-ի լուսանկարիչները/ Լուսանկարը` անձնական արխիվից
Լուսանկարը` Նելլի Շիշմանյանի
Կա նաեւ երրորդ մասնագիտություն՝ գյուղատնտեսական ծրագրի ղեկավար, որով քույրս էր զբաղվում երկար տարիներ: Ինքն ամուսնացավ ու մեկնեց երկրից: Եվ քանի որ քրոջս միջոցով ծանոթ էի նախագծին եւ ունեի վստահություն կազմակերպության ղեկավարի կողմից, դարձա այդ գեղեցիկ ու կանաչ նախաձեռնության մի մասը:
Միշտ չեմ սիրել օֆիսային կյանքը, չեմ պատկերացրել՝ մարդ ինչպես կարող է առավոտյան 9-ից երեկոյան 6-ը նույն տեղում նստած լինել: Գերադասել եմ օրվա ընթացքում տարբեր ու շատ աշխատանքներ ծավալել: Բայց գալիս է մի պահ, որ դադար ես ուզում, երբ քաղաքի եռուն անցուդարձը հոգնեցնում է, եւ խաղաղ անկյուն ես փնտրում: Փոփոխություններ սիրում եմ կենցաղում, բայց ոչ աշխատանքում, քանի որ դրանք հենց այնպես չեմ անում: Աշխատանքը պիտի սիրելով կատարես ու ներդաշնակ լինես ինքդ քեզ հետ այդ վայրում, գործընկերներիդ հետ՝ նույնպես:
Պլանավորված, կազմակերպված կյանք է, միեւնույն ժամանակ` հետաքրքիր: Լրիվ ուրիշ ոլորտ է, շատ տարբեր մարդկանց հետ ես շփվում, մտքի ճկունության դրական եւ բացասական դրսեւորումների ես հանդիպում, որից չպիտի ընկճվես կամ թուլանաս: Դժվարություններ լինում են, անշուշտ, բայց դրանք հաղթահարելն էլ հաճելի է, երբեմն` ցավոտ, կարծես՝ մեր մանկության խաղի «դրակոնի լեվլն» անցնես ամեն անգամ` նոր ներքին գործիքներ կիրառելով: Ամեն անգամ նոր փուլ հաղթահարելով` հասունանում ես, աճում, կայունանում, ու սեփական ուժերի նկատմամբ նախկին կասկածներդ հերթական անգամ անհետանում են, հավասարվում զրոյի, հասկանում ես, որ ցանկացած դժվարություն հաղթահարելի է:
Հիմա շատ եմ դիմում մուլտիմեդիա ժանրին, որը ենթադրում է աշխատանք նաեւ ձայնի հետ։ Լուսանկարելու ժամանակ հաճախ զգում եմ, որ քթի տակ երգում եմ: Այսինքն՝ երբ նկարում եմ, ու ինձ զբաղացնող ձայն չկա՝ ոչ ոք չի խոսում, չի երգում, չի նվագում, ես եմ սկսում երգել, լրացնել այդ ձայնը։
Լուսանկարը` Նելլի Շիշմանյանի
Հիմա առավելապես ձգտում եմ Երեւանից դուրս նկարել: Դա իմ խաղաղ անկյունն է: Գնում ես գյուղեր, հասարակ մարդկանց հետ ես շփվում, պարզության մեջ ես հայտնվում, դառնում ես իրենց մի մասն ու գիտակցում՝ որտեղից ուր ես եկել ու ինչքան ես Երեւանում կերպարանափոխվում, որ ավելորդ անգամ չնյարդայնանաս, ադապտացվում քաղաքային երբեմն անմարդկային օրենքներին, ու գիտակցում, որ քո սիրտն իրականում Շամշադինում է, Տավուշում: Գուցե լուսանկարչության լռությունը կոմպենսացնում է իմ երաժշտության ակտիվությունը, երաժշտության քանակը:
Փոփոխությունների կարեւորության մասին
Ես սիրում եմ նոր էջեր բացահայտել, ինձ փորձել տարբեր իրավիճակներում: Երբ երեխաներս ծնվեցին, ու ես սահմանափակ էի իմ գործողություններում, տանն ինքնուս բատիկ սովորեցի, կաշվից իրեր էի պատրաստում, տոնածառի խաղալիքներ, նույնիսկ՝ վաճառում էի, նվիրում, որովհետեւ տանն անընդհատ նույն բանն անելով՝ խեղդվում էի:
Լուսանկարը` Աշխեն Դավթյանի
Նյութի հեղինակ` Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Նելլի Շիշմանյանի արխիվից