New acquaintances and journalistic stories from Gyumri and Alaverdi
Առավոտ կայքի լրագրող Լուսինե Բուդաղյանը մեծ փորձ ունի, փորձի հետ էլ՝ գիտելիք ու պատկերացում ոչ միայն Երևանի, այլև մարզերի թեմաների ու խնդիրների մասին: Մարզերում ունի իր աղբյուրները, որոնց հետ կարող է հրատապ լուրերի դեպքում արագ կապ հաստատել և տեղեկություն ստանալ: Գործընկերի հետ դեպի մարզեր լրագրողական շրջայցի ժամանակ նոր կապեր հաստատեց.
«Մարզերում մեր աղբյուրները սահմանափակ են՝ քաղաքապետ, ինչ-որ գործարանի սեփականատեր կամ հկ-ի ղեկավար: Լրագրողական շրջայցի ժամանակ ձեռք բերած տեղեկությունն ավելի շոշափելի ու առաջին ձեռքից էր՝ բնակիչներից, քաղաքացիներից, քաղհասարակության ներկայացուցիչներից: Առիթ էր, որ տեղում ևս մեկ անգամ ծանոթանայինք իրավիճակին ու փոփոխություններին»:
«ՀԿ Դեպո» ծրագրի շրջանակում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը լրագրողների խմբի համար սեպտեմբերի 26-27-ին շրջայց էր կազմակերպել Գյումրի և Ալավերդի քաղաքներում։ Գյումրիում լրագրողները հանդիպեցին Սախարովի անվան մարդու իրավունքների կենտրոնի Շիրակի մասնաճյուղի աշխատակիցների հետ, եղան «Էմիլի Արեգակ» հկ-ի ներառական փուռում և բաց տարածքների մոդելով գործող «Երիտասարդների տանը», «Շիրակ կենտրոն» հկ-ի նախագահ Վահան Թումասյանի հետ շրջեցին Գյումրիի տնակային ավանում: Իսկ Ալավերդիում «SOS Ալավերդի» նախաձեռնության անդամների հետ խոսեցին քաղաքի բնապահպանական խնդիրներից:
Վերջին թեմայով լրագրողները մի քանի հրապարակումներ արդեն պատրաստել են: «SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանն ասում է, որ իրենց շփումը հիմնականում տեղական լրագրողների հետ է, հեռու տեղերից լրագրողները հազվադեպ են գալիս, նրանց հետ կապը հեռախոսազանգի միջոցով է:
«Հրապարակված նյութերն իրենց դերը կատարեցին, մեր խնդիրները հանրայնացվեցին: Նաև նոր լրագրողների հետ ծանոթացանք: Այս օրերին Ալավերդու գործարանի (Ալավերդու պղնձաձուլարան) հետ կապված գործընթացներ էին, և լրագրողական շրջայցին մասնակցած երեք լրագրող կապվեց ինձ հետ, այդ թվում՝ Հանրային հեռուստաընկերության լրագրողը: Սա լրացուցիչ հնարավորություն է հասարակական կազմակերպության համար»,- ասում է Օլեգ Դուլգարյանը:
Լրագրողական շրջայցերը լրագրողների խմբին առաջարկում են մարզային թեմաների բազմազանություն՝ դրանց տեղում ծանոթանալու, արագ անդրադարձ կատարելու, իսկ ավելի խորքային նյութերի հետևից լրագրողները նախընտրում են միայնակ գնալ և դրանց ավելի երկար ժամանակ տրամադրել:
Առավոտի լրագրող Լուսինեն միայնակ աշխատել սիրող լրագրողներից է: Ասում է, լավագյուն նյութերը այդ ժամանակ են ստեղծվում. «Մարդկային ճակատագրերի, օրինակ, Գյումրիի տնակային թաղամասում ապրողների մասին գրելու համար առնվազն մի օր պետք է ունենամ՝ մի քիչ նրանց հետ խոսելու, շփվելու, ապրելու համար: Այս թեմային կուզեմ նորից անդրադառնալ. երկրաշարժից հետո արդեն երրորդ սերունդն է եկել, ու այնտեղ ծնված երեխայի համար անհասկանալի է, թե ինքն ինչու է տնակում մեծանում, երբ երկրաշարժը 30 տարի առաջ է եղել»:
Լրագրողական շրջայցի արդյունքում ստեղծված պատմություններից՝
Aravot.am «Ալավերդին սեւ ցուցակում է. Տուրիստները գալիս են, մեկ օր էլ չեն ուզում մնալ, փախչում են»
Aravot.am «Գյումրեցի Օֆելիան երկրաշարժից երեսուն տարի հետո է ծնվել, բայց ապրում է տնակում»
Հանրային ռադիո «Ալավերդու պղնձաձուլարանը պե՞տք է աշխատի, թե՞ ոչ»
Հանրային ռադիո «Անօթևանության խնդրի լուծմանը սպասելով…»
Հանրային հեռուստաընկերություն «Ներառական հացի փուռ և սրճարան»
Asparez.am «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն․ երբ ընտրում են երեխաները
Aravot.am «Գյումրեցի երիտասարդներին սովորեցնում են, որ նրանք ոչ թե ապագան են, այլ ներկան»
Aravot.am «Դժվարամատչելի ճանապարհներով երթեւեկող աշակերտների ու ուսուցիչների համար փոխհատուցում է նախատեսված»