New Media Platform The Armenians/«Հայեր»
Ստեղծվում է «The Armenians /«Հայեր» մեդիանախագիծը Webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության հիմնադիր Արայիկ Մանուկյանն իր համախոհների հետ՝ առաջին անգամ Հայաստանում հանրային դրամահավաքով (crowdfunding) նախաձեռնում է «The Armenians» / «Հայեր» հանրային-բանավիճային-տեղեկատվական համահայկական մեդիատարածքի ստեղծումը, որի հիմանական առաքելությունը լինելու է ազգային սնապարծության մերժմամբ, ինքնաճանաչողությամբ, արժեքային որոշակի համակարգերի դավանելով երկախոսությունը աշխարհի հայերի միջև: «Առավոտի» հետ զրույցում պարոն Մանուկյանը հայտնեց, որ գաղափարի վերաբերյալ տեւական՝շուրջ մեկ տարի, քննարկումներ ու զրույցներ են ունեցել տարբեր ոլորտների պրոֆեսիոնալների հետ՝ ժուռնալիստներ, գիտնականներ, ճարտարագետներ, նկարիչներ, երաժիշտներ, ճարտարապետներ, գրողներ և այլն, և հանգել են նախաձեռնությունը հանրայնացնելու ու մեկնարկելու փուլին: «Շատ հայտնի մարդիկ կան, նաև աշխարհահռչակ մարդիկ, որոնց հետ երկար քննարկել ենք այս գաղափարը: Հիմա անուններ չեմ տա: Այդ մարդիկ ավելի ուշ իրենց մասին կբարձրաձայնեն, երբ կհայտարարեն, որ միանում են նախագծին, աջակցում են և մասնակցում հանրային դրամահավաքին: Մենք ստեղծելու ենք տեխնոլոգիական ժամանակակից ծրագրավորմամբ նոր, բազմաֆունկցիոնալ մուլտիմեդիա կայք-համակարգ՝ իր բազմաշերտ բլոգային հարթակներով, որը դառնալու է հանրային-բանավիճային-տեղեկատվական համահայկական մեդիատարածք: Ինչու՞ հանրային դրամահավաքի միջոցով: Նախ, որովհետև հանրային դրամահավաքի գաղափարը նոր բան չէ, և աշխարհում վաղուց արդեն այս մոդելով շատ լուրջ նախագծեր են ստեղծվում ու զարգանում: Անգամ Ռուսաստանում այսօր շատ լուրջ և ազդեցիկ մեդիաներ կան, որոնք ստեղծվել են և շարունակում են աշխատել հանրային դրամահավաքով: Այս մոդելը՝ հատկապես մեդիայի պարագայում, ազատ և անկաշկանդ գործունեության բացառիկ երաշխիք է: Երկրորդը, որ նման մոդուլների ստեղծումը նախնական միջոցների այլ դոնորների՝ պետության, իշխող վերնախավի, առեւտրային շրջանակների առաջնահերթություններում չէ, և մենք պետք է ստեղծենք հանրային դրամահավաքի մշակույթը նաև մեդիայի ասպարեզում: Եվ երրորդը, որ պրոֆեսիոնալ շատ ժուռնալիստներ հայկական մեդիայում ծավալում են պրոֆեսիոնալ ժուռնալիստական աշխատանք, սակայն դրա համար նրանց կամ չեն վարձատրում կամ վարձատրում են նվազագույնը՝ որը սազական չէ նրանց պրոֆեսիոնալիզմին: «The Armenians» / «Հայեր» համահայկական մեդիատարածքում աշխատելու են պրոֆեսիոնալ ժուռնալիստներ, որոնց ստեղծած որակյալ արտադրանքի, բովանդակության համար հասարակությունը կարող է մասհանում անել»,-նշեց մեր զրուցակիցը: «Ի՞նչ է իրենից ներկայացնելու «The Armenians» / «Հայեր» համահայկական մեդիատարածքը: Մենք կարծես թե արդեն հանգել ենք նրան, որ ամենակարեւորը միտքն է: Միտքն է, որ կառավարում է աշխարհը, հասարակությունները, բազմաթիվ պրոցեսներ: Այսօր Հայաստանում մտքի դրսևորման լուրջ ճգնաժամ կա, եւ պատճառը բոլորովին այն չէ, որ միտք չկա, պարզապես չկան ուղեղակենտրոն հարթակներ, այդ միտքը կենտրոնացած չէ մեկ տեղում, մեկ կենտրոնում, մեկ հարթակում, որը կարող է դառնալ շտեմարան, որից կարելի է օգտվել, որը կարող է լուրջ և գործուն ազդեցություն թողնել հասարակական, տնտեսական, մշակութային եւ այլ պրոցեսների վրա: Ի վերջո, ֆոկուսացված մտքի հետ ստիպված կլինեն հաշվի նստել: Երբ այդ միտքը կենտրոնացած չէ մեկ տեղում, որպեսզի ազդեցություն թողնի, առաջացած բացերն անմիջապես լցվում են կպչուն միջակություններով: Վերջին շրջանում, օրինակ, ակտիվ քննարկումներ են լինում քանդվող հին Երևանի հետ կապված, եւ անմիջապես ի հայտ են գալիս միջակություններ, որոնք դրսևորում են իրենց «սարայ»-ակենտրոն մտածողությունը: Կարող է չէ՞ տպավորություն ստեղծվել, որ հենց դա՛ է միտքը, որովհետև միջակությունները կպչուն են, անընդհատ հայտնվում են էկրաններին, մամուլի սրահներում, մեդիայում: Մինչդեռ դրան հակակշիռ լուրջ միտք կա: Օրինակ Երեւանից գնացած եւ ԱՄՆ-ում աշխատող երիտասարդ մի ճարտարապետ վերջերս հրաշալի հարցազրույց էր տվել հայկական լրատվամիջոցներից մեկին ու ցույց տվել, որ այսօր աշխարհում կան հինը պահպանելու և նորը կառուցելու շատ լուրջ այլընտրանքներ, քան քանդելն է: Նա նաև խոսում էր ճարտարապետական այսօրվա խնդիրների, լուծումների, մոտեցումների մասին, ներկայացնում իր աշխատանքները Միացյալ Նահանգներում, որտեղ ճանաչում եւ ընդունելություն ունի, ու տեսնում ենք, որ ուրիշ միտք կա աշխարհում եւ այդ մտքի տերը հայ է: Այդ միտքն այսօր նաև Հայաստանում կա»,- փաստում է Արայիկ Մանուկյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/02/24/660308/
© 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից