Non-Formal Education: A Training on Critical Thinking in Stepanakert (in Armenian)
This article has first been published on Artsakhpress website. Available here!
«Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպությունը ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում նախօրեին կազմակերպել է քննադատական մտածողության դասընթաց:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դասընթացը վարում էր «Եվրասիա համագործակցություն հիմնադրամ» (ԵՀՀ) ծրագրի տնօրեն Միքայել Հովհաննիսյանը, ով իր խոսքում անդրադարձավ քննադատական մտածողության մեթոդաբանությանը, մատուցվող տեղեկատվությունը քննադատական հայացքով վերլուծելու կարևորությանն ու անհրաժեշտությանը:
«Քննադատական մտածողության համար անհրաժեշտ են գնահատելու, վերլուծություն, հետևություններ և եզրահանգումներ կատարելու կարողություններ ու հմտություններ: Տեղեկատվական հոսքերի առատությամբ պայմանավորված` անհրաժեշտ է քննադատաբար վերաբերել ցանկացած ինֆորմացիայի՝ անկախ լրատվամիջոցի նկատմամբ ունեցած վստահությունից: Ճիշտ չվերլուծելու դեպքում` ձեզ կարող են պարտադրվել ոչ օբյեկտիվ կարծիքներ: Քննադատական մտածողությանը հակադրվում է դոգմատիկ մտածողությունը, որն իր տրամաբանությամբ որոշ դեպքերում անգամ բացառում է քննադատական վերլուծությունը։ Դոգմատիկ մտածողության հիմնական խնդիրը կայանում է կարծրատիպերի ձևավորման մեջ, ինչը սկսում է խանգարել ճանաչողության դաշտի ընդլայնմանը և նոր գիտելիքի ընկալմանը», - նշել է Մ. Հովհաննիսյանը։
Դասընթացի կազմակերպիչները համոզված են, որ տարբեր թեմատիկայով նմանատիպ դասընթացները կնպաստեն երիտասարդների իրավագիտակցության բարձրացմանը: