Peacebuilding and Conflict Resolution Depend on Sides
Աղբյուրը՝ www.1in.am
«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում խոսելով Արցախյան հիմնախնդրի կարգավորման մասին՝ կոնֆլիկտներ և կոմունիկացիա հասկացությունների համատեքստում, և անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների՝ Ստեփանակերտում տեղի ունեցած համատեղ նիստում Ն. Փաշինյանն իր ելույթում դիմեց նաև Ադրբեջանի ժողովրդին, «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանն ընդգծեց, որ կոնֆլիկտը առանց կոմունիկացիայի չի կարող գոյություն ունենալ: Նրա խոսքով՝ կոնֆլիկտը հենց կոմունիկացիայի որոշակի արտահայտություն է, և եթե բացարձակապես կոմունիկացիա չկա, կարելի է ասել, որ հակամարտություն էլ գոյություն չունի:
«Որքանով կարող է մի կողմի ներկայացուցիչը դիմել մյուս կողմի ժողովրդին: Կոնֆլիկտի լուծմանը պետք է նպաստի այն, որ բոլոր կողմերի հանրության ներկայացուցիչները տեղյակ լինեն, որ դեպի լուծում ենք գնում և ցանկանան աջակցել լուծմանը: Իսկ դրա համար, իհարկե, կոմունիկացիան շատ կարևոր է: Շատ կարևոր է հանրությունների մեջ կատարվող աշխատանքը. ժամանակն է եկել ոչ թե իրար վրա կրակելու, այլ երկխոսության և դա չի կարող լինել միակողմանի:
Գաղտնիք չէ, որ հայկական կողմի հանրությունը շատ ավելի առաջ է գնացել խաղաղասիրական հաղորդագրությունները չարգելելու հարցում: Բայց անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը շարժվեն դեպի ընդհանուր նպատակ»:
«Կոնֆլիկտի ուղղորդման լծակները գտնվում են կողմերի և ոչ թե միջազգային հանրության ձեռքում,- ընդգծեց Տեր-Գաբրիելյանը:- Տարածաշրջանի ժողովուրդները պետք է հասկանան, որ Արցախյան կոնֆլիկտի հարցում միջազգային հանրության դերը զուտ միջնորդական է: Կոնֆլիկտի և՛ վատթարացման, և՛ դեպի խաղաղություն տանելու բանալին գտնվում է կողմերի ձեռքում»:
Մանրամասն՝ տեսանյութում: