Scientific Fiction and Strugatski Brothers Part 1- Gevorg Ter-Gabrielyan (հայերեն)
Բուն TV-ն մեկնարկում է «Գիտական ֆանտաստիկան և Ստրուգացկի եղբայրները. Ժանրի առաջացումը» շարքը։ Այն սկսում է արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը՝ մենախոսական ձևաչափով։
Խորհրդային և ռուսաստանյան նշանավոր արձակագիրներ Արկադի և Բորիս Ստրուգացկիների ստեղծագործության մանրամասն վերլուծությունից բացի ներկայացվում է գիտական ֆանտաստիկայի ժանրի համառոտ պատմությունը և նրա նշանակության շուրջ մտորումները: 10 հաղորդումից բաղկացած շարքը պարունակում է 9 մենախոսական և մեկ երկխոսական ելույթ: Ելույթներն անդրադառնում են Ստրուգացկի եղբայրների արձակի առանձնահատկություններին և հարցեր ձևակերպում գիտական ֆանտաստիկայի ժանրի ճակատագրի և Ստրուգացկիների ստեղծագործության վերաբերյալ:
Այդ հարցերից են.
- Արդյո՞ք ակտուալ է գիտական ֆանտաստիկայի գրական ժանրը քսանմեկերորդ դարում:
- Արդյո՞ք իմաստ ունի քաջալերել հայ արձակը և հայ ընթերցողին, որպեսզի այդ ժանրին հավելյալ ուշադրություն դարձնեն:
- Արդյո՞ք Ստրուգացկի եղբայրների և այլ նշանավոր ֆանտաստների ստեղծագործությունը գեղարվեստական և գեղագիտական նշանակություն ունի՝ անկախ գիտական ֆանտաստիկայի ժանրին պատկանելությունից:
- Ի՞նչ վերլուծական մոտեցում կարելի է օգտագործել Ստրուգացկի եղբայրների ստեղծագործությունը հնարավորինս ճշգրտորեն հասկանալու համար:
- Ինչպե՞ս է նրանց ստեղծագործությունն առնչվում 20-րդ դարի երկրորդ կեսի քաղաքական և գաղափարական զարգացումների, Խորհրդային Միության հետ:
- Ի՞նչ գրական և անդրգրական նշանակություն ունի գիտական ֆանտաստիկայի ժանրի մտածելակերպը, օրինակ, հնարավո՞ր է այն օգտագործել ստեղծագործականության և նորարարականության արթնեցման համար:
- Ինչպե՞ս են մարդկության տեխնոլոգիական առաջընթացը և փիլիսոփայական խրթին հարցերն առնչվում այս ժանրի լավագույն գործերին:
Շարքը հետաքրքիր կլինի ինչպես ժանրին քաջածանոթ դիտողին, այնպես էլ նրանց, ովքեր մինչ այժմ առիթ չեն ունեցել մոտիկից ծանոթանալու գիտական ֆանտաստիկայի գրական ժանրին: Թեև Ստրուգացկի եղբայրների ստեղծագործության մի շարք մանրամասներ են հայտնվում, սակայն հաղորդաշարը չի կարելի համարել «սպոյլեր» այն դիտողի համար, ով շարքը դիտելուց հետո կուզենա ծանոթանալ նրանց գրական ժառանգությանը. այն, ինչպես և ժանրն ամբողջությամբ, շատ ավելի բազմազան է, քան դա հնարավոր է արտացոլել մեկ հաղորդաշարում: