Scientific Fiction and Strugatski Brothers Part 10 Gevorg Ter Gabrielyan
Բուն TV-ն հրապարակել է «Գիտական ֆանտաստիկան և Ստրուգացկի եղբայրները. Ժանրի առաջացումը» շարքի հերթական տեսանյութը։ Եթերում է արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը՝ մենախոսական ձևաչափով։
Ստրուգացկի եղբայրների կարևորագույն ծառայություններից մեկն ընթերցող, մտածող և ստեղծագործող մարդկության համար 22-րդ դարի էպոսը ստեղծելն է: Այս էպոսը վերջնականացավ 1970-ական թվականներին գրված նրանց վերջին երկու ստեղծագործությունների միջոցով: Դրանցից մեկը 1980 թվականին հրապարակված «Բզեզը մրջնանոցում» գործն է, մյուսը՝ 1986 թվականին հրապարակված «Ալիքները հանգցնում են քամին» գործը:
«Բզեզը մրջնանոցում» գործում պատմվում է հետևյալ իրադրության մասին. տիեզերական ճամփորդությունների ընթացքում մարդիկ ինչ-որ մոլորակի վրա մի ագրեգատ են հայտնաբերում, որը նրանք անվանում են սարկոֆագ: Դրա մեջ նրանք 13 մարդկային սաղմ են հայտնաբերում: Մարդիկ հասկանում են, որ այդ ագրեգատն այդտեղ են դրել այսպես կոչված Ճամփորդները: Ճամփորդները պարբերաբար հայտնվում են Ստրուգացկի եղբայրների ստեղծագործության մեջ՝ ակնարկելով որոշակի գերքաղաքակրթության մասին, որի գործունեության հետքերը մարդկությունն անընդհատ տեսնում է տիեզերքում ճամփորդելու ժամանակ, սակայն այդ գերքաղաքակրթությանը երբեք չի հանդիպել:
13 սաղմերը հայտնաբերվելու պահից սկսում են զարգանալ, և մարդկությունը կանգնում է մի դժվարին խնդրի առջև: Գերքաղաքակրթությունը շատ լավ հասկանում է, որ մարդկությունը չի ոչնչացնի այդ էմբրիոններին, որովհետև դա դեմ է մարդկության սկզբունքներին:
***
«Ալիքները հանգցնում են քամին» գործն ի մի է բերում Ստրուգացկի եղբայրների սագայի կամարները՝ կերտելով նրանց էպոսը: Այս գործը պատասխանում է այն հարցին, որն անցել է ստեղծագործությունից ստեղծագործություն, բայց երբեք չի եղել ուշադրության կենտրոնում. ովքե՞ր էին, ի վերջո, Ճամփորդները: Ինչպես արդեն նշվել է, Ճամփորդները գոյություն չունեն որպես օտար գերքաղաքակրթություն. նրանք նույն մարդկությունն են: